Սթափ դատելու ժամանակը

Սթափ դատելու ժամանակը

Տեղի ունեցածը սահմռկեցուցիչ էր, անարդար, բայցեւ մեր վերջին հարյուրամյա պատմության ֆոնին՝ սպասելի: Թեպետ բոլորս էլ լավ գիտենք Հայոց պատմությունը, ուղղակի տեղին է անդրադառնալ նրա մի էջին: 

1918 թվականին Հայաստանը հայտնվել էր դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ: Այդ ժամանակ՝ գերմանաթուրքական նվաճման պայմաններում, մեզ պարտադրվեց Բաթումի պայմանագիրը, ինչով Հայաստանի Հանրապետությանը թողնվեց ընդամենը 12 հազար կմ2 տարածք: Այս առնչությամբ պատկերավոր արտա­հայտվել էր Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆը. «Թուրքերը հայերին տեղ տվե­ցին Սեւանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու հա­մար տեղ չտվեցին»։
Այս տողերից հետո կատարել էի որոշ վերլուծություն, հայտնել որոշ նկատառումներ եւ, ամփոփելով, կարեւորել էի ազգային համերաշխությունն ու միաս­նոթյունը՝ էլ ավելի վատթարագույն իրավիճակի չհասնելու համար: Այդ նյութի վերջին պարբերությունն այսպիսին էր.

«Այժմ, այս օրհասական ժամանակահատվածում, գուցե հանրահավաքներին զուգահեռ կամ առանց դրանց, նպատակահարմար է թվում 3 նախագահների եւ վարչապետի, քաղաքական ուժերի 4 ներկայացուցչի՝ 4-5 անկախ փորձագետների մասնակցությամբ ձեռնարկել խորհրդակցություններ: Ինչի համար: Նրա համար, որպեսզի պարզ լինի այս 30 տարիների խճապատկերը, փորձ արվի հասկանալ, թե ինչ «դատավճիռ» են ի վերջո կայացրել աշխարհի տիրակալները հայոց պետականության առնչությամբ (Արցախը, ըստ էության, ընդամենը այդ հիմնախնդրի կամ հայկական հարցի մի բաղադրիչն է), արդյոք հնարավո՞ր է գտնել այլընտրանք: Դրա համար ազգային համերաշխությունն ու միասնությունն այլընտրանք չունեն»:

Ամբողջական նյութը, հավա­նաբար, կհրապարակվեր, բայց եղավ վարչապետի ֆեյսբուքյան գրառումը: Հասկանալի է, որ Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված բռնարարքը ոչ մի արդարացում չունի, եւ այդ սադրիչները կենթարկվեն օրենքով սահմանված պա­տասխանատվության: Աստված եւ մեր աստվածային բժիշկները, համոզված եմ, կվերականգնեն պարոն Միրզոյանի առողջությունը:

Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պարոն Միրզոյան, հար­գելի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, այժմ արդեն վտանգված է հայոց պետականությունը: Սթափ դատելու ժամանակն է: Կայացրեք իմաստուն որոշում, այլապես հետագա զարգացումները մեր երկիրը կկանգնեցնեն 1918 թվականի «ջարդված տաշտակի» առաջ: Արեք ձեր կյանքում ամենագլխավոր պետականամետ ՔԱՅԼԸ:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր