«Հրապարակ». Գրառում անելու համար կալանավորելն ուղղակի խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ է

«Հրապարակ». Գրառում անելու համար կալանավորելն ուղղակի խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ստրասբուրգում հերթական անգամ խոսեց այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարության աննախադեպ մակարդակ է: Մինչդեռ մենք տեսնում ենք, թե ինչպես են «ժողովրդավարական» երկրում քաղաքացիներին կալանավորում ֆեյսբուքյան գրառումների համար, ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացվում, արցախցի երիտասարդներին են կալանավորում` ցույցերին մասնակցելու համար: Այս պահին Հայաստանում քաղբանտարկյալների եւ առանց դատավճռի պատժվողների պակաս չկա. Տաթեւիկ Վիրաբյան, Նարեկ Մալյան, Արմեն Աշոտյան, Գրիգորի Խաչատուրով, Մամիկոն Ասլանյան, Դավիթ Տոնոյան եւ այլք: Մինչ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, իրավաբաններն ու իրավապաշտպանները պնդում են, որ կալանքը համատարած կիրառելն աղերս չունի ժողովրդավարության հետ եւ բնորոշ է ավտորիտար ռեժիմներին: Զրուցել ենք նախկին դատախազ, այժմ՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:

- Ժողովրդավար համարվող պետությունում այսքան քաղբանտարկյալներ կան, սակայն առավել մտահոգիչ է, երբ մարդիկ կալանավորվում են ֆեյսբուքյան գրառումների համար, իբրեւ թե բռնության կոչեր են հնչեցրել: Այդ գրառումներից շատերում նման կոչերն ուղղակի բացակայում են, դրանք շատ հաճախ քաղաքական ռեպլիկներ են։ Որքանո՞վ է իրավաչափ մարդուն կալանք տալը` գրառում անելու համար:

- Կոնկրետ քրեական վարույթների փաստական տվյալներին ծանոթ չեմ, բայց հաշվի առնելով Հայաստանի իրականությունը՝ կարող ենք արձանագրել, որ դրանք քաղաքական հետապնդման պարզագույն դրսեւորումներ են: Ինչ վերաբերում է ծայրահեղ խափանման միջոցի կիրառմանը` կալանավորելուն, ապա Եվրոպական դատարանը բազմիցս մի շարք դատական ակտերում արձանագրել է, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց: Այդ մասին խոսվում է նաեւ այլ բազմաթիվ իրավական ակտերում, սակայն ցավալի է, որ Հայաստանում իրավիճակն այսպիսին է: Հետաքրքիրն այն է, որ կալանքը կիրառվում է խիստ հայեցողաբար: Որտեղ իրենց պետք է` կիրառում են, որտեղ պետք չէ` չեն կիրառում, կալանքն այսօր համարվում է ծայրահեղ խափանման միջոց, ընդ որում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության օրենսգրքում սահմանվեց տնային կալանքը: Դա ուղիղ նպատակ ուներ՝ թոթափելու ծայրահեղ խափանման միջոցը, պետությունը պետք է կտրուկ բարեփոխումների դիմեր, բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, հիմնականում կալանքն է ընտրվում որպես խափանման միջոց: Քրեակատարողական հիմնարկները լեցուն են, արդեն տեղ չկա խցերում: Փոխարենն այնպես անեն, որ կալանավորվածների քանակը նվազի, անում են հակառակը: Վեց տարի շարունակ ժողովրդավարության բաստիոնի մասին հորջորջվող երկրում որեւէ համաներում չի հայտարարվել: Նման ժողովրդավար երկիր գտնելն աշխարհում շատ դժվար է: Վերջերս պաշտոնատար անձանցից մեկն ասում էր, որ պատրաստվում են նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել, քանի որ «Արմավիր» քրեակատարողականում արդեն տեղ չկա: Այս մարդիկ փաստացի ընտրել են բարբարոսական ուղին, հետեւաբար՝ մեծ ակնկալիքներ այս ոլորտում ունենալ պետք չէ: Դատարանները կախյալ վիճակում են գտնվում, հանուն արդարության կարձանագրեմ, որ դատարանները նորագույն պատմության ընթացքում ամենաանկախը եղել են 2018-2020 թվականներին: Այդ ժամանակ նկատվում էր անկախանալու, կայանալու ձգտում:

- Իսկ հետո ի՞նչ փոխվեց:

- Կարծում եմ` իշխանությունները մտածեցին, որ դա կարող է իրենց վնասել ու աթոռի խնդիր առաջացնել: Իշխանատենչ ձգտումներից ելնելով՝ դատական համակարգն իրենց բռի մեջ են պահում: Ցանկացած պարագայում, հատկապես քաղաքական գործերի համատեքստում, դատարանները դառնում են դատախազության մեղադրանքի կողմի կցորդը, դա արդեն վերածվում է վարքագծի բոլոր քրեական գործերում: Դատավորները, ցավոք, ընտրվում են հենց այս ցուցանիշներից ելնելով: Ողջ խնդիրը սա է: Կա բարեփոխումների անհրաժեշտություն: Կալանավորվողների քանակը մտահոգիչ է, հատկապես, երբ տեսնում ենք, որ դրանք շատ հաճախ միջին ծանրությունների հանցագործություններ են: Իրավական բարեփոխումներ անելու կամք այսօր չկա: Ինչու՝ որովհետեւ դա կարող է ուղիղ կերպով հարվածել օրվա իշխանություններին եւ նրանց աթոռին:

- Ֆեյսբուքյան գրառումն ինչպե՞ս կարող է բռնության կոչ համարվել: 

- Ցանկացած տեսակի հանցագործություն կապ չունի կալանքի հետ: Պետք է հիմքեր լինեն, մարդուն կարող են մեղադրել խոշոր չափի հանցագործության մեջ, բայց անգամ այդ դեպքում կալանավորելու անհրաժեշտություն չլինի: Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ը բազմաթիվ ակտերում նշում, որ հանցագործության ընդհանրական վկայակոչությունը չի կարող կալանքի հիմք հանդիսանալ: Ցավոք, մեզ մոտ պրակտիկա է դարձել, որ, անկախ հանցանքի աստիճանից, մարդուն միանգամից կալանավորում են: Սմբատյանների կալանավորումը կարող ենք որպես օրինակ ներկայացնել եւ ասել, որ դա ուղղակի խայտառակություն էր: Մարդու ունեցած վաստակը, առանձնահատկությունները հաշվի չառնելով` կալանավորում են: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներին, դրանք Քրեական օրենսգրքում նորույթներ են: Սա նպատակ է հետապնդում՝ հասարակությանը լռեցնելու: Անձը կարող է որոշակի հակաօրինական վարքագծի համար դատապարտվել, բայց եկեք մեղադրանքի հիմքերը չշփոթենք կալանքի հետ, դրանք տարբեր բաներ են: Պրակտիկայում մարդուն գրառում անելու համար կալանավորելն իրավաչափ չէ: Սա խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ է: Պետք է առնվազն հիմար լինել՝ դա չհասկանալու համար: