«Հրապարակ». Կառավարությունը չի հրաժարվել ՀՀ զինանշանը փոխելու մտքից

«Հրապարակ». Կառավարությունը չի հրաժարվել ՀՀ զինանշանը փոխելու մտքից

Հայաստանի կառավարությունը չի հրաժարվել ՀՀ զինանշանը փոխելու մտքից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հրապարակ»-ին ասաց՝ հանձնաժողով ստեղծելու գործընթացը չի սկսվել։

Այս տարվա հուլիսին Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ տարբեր մասնագետներ արդեն խոսել են զինանշանի որոշ խնդիրների մասին։ «Այս պահին որեւէ ձեւաչափով աշխատանքային խումբ չկա։ Իհարկե, հարցը ձեւակերպված է, եւ դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»,- ավելի վաղ ասել էր ԿԳՄՍ նախարարը։

ՀՀ զինանշանի այդ, այսպես կոչված, «խնդիրների» մասին առաջինը Հայաստանի թիվ մեկ ամբիոնից խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմի առաջարկով՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հռետորական հարց հնչեցրեց՝ ի՞նչ կապ ունի զինանշանն այսօրվա Հայաստանի հետ։ Փաշինյանը սեփական պատկերացումներն ունի՝ զինանշանում պատկերված սիմվոլների հետ կապված։ «Եվ միշտ այդ զինանշանին նայելիս, վերջերս ինձ մոտ հարց է ծագել․ 1991 թվականին հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինքն ինչի՞ մասին է։ Նայելով կենտրոնին՝ Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է։ Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում․․․»,-ասել էր Փաշինյանը։ 

Հայաստանի զինանշանի վրա Արարատ լեռան գոյությունը չհանդուրժող Փաշինյանը մի դարակազմիկ հայտարարություն էլ այս տարվա մայիսին արեց։ Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հարց հնչեցրեց․ «Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է»։ Ապա ինքն իրեն պատասխանեց՝ Արագածը: «Հայաստանի ամենաբարձր լեռն Արագածն է, ու սա փաստ է... Երբ ես աշակերտների հետ հանդիպում եմ, ասում եմ՝ երեխեք, ՀՀ ամենաբարձր լեռը ո՞րն է, կեսից շատն ասում է՝ Արարատը: Հիմա եկեք սա նայենք հակառակ կողմից, հակառակ կողմից նայում են Թուրքիայում ու ասում են՝ Թուրքիայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է: Սա, կարծում եմ, փաստ է»,- այդ օրը հայտարարեց Փաշինյանը։ Մարդիկ եզրակացրին, որ զինանշանը փոխելու գլխավոր պատճառը դա է` Արարատը զինանշանի վրայից ջնջելը, եւ ենթադրվում է, որ նման պահանջ առաջ են քաշել Թուրքիայից: