Եվս մեկ ռեկորդ․ Ռոնալդուն խփել է իր կարիերայի 850-րդ գոլը

Եվս մեկ ռեկորդ․ Ռոնալդուն խփել է իր կարիերայի 850-րդ գոլը

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 850-րդ գոլը։

Դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի առաջնության հինգերորդ տուրի խաղում, որում «Ալ-Խազմ»-ը հյուրընկալել էր «Ալ-Նասր»-ին, փոխանցում է Gazeta.ru-ն։
Ռոնալդուն դարձել է իր թիմի չորրորդ գոլի հեղինակը՝ Աբդուլրահման Ղարիբի փոխանցումից հետո խոցելով մրցակցի դարպասը։ Բացի այդ, պորտուգալացին այս մրցավեճում 2 գոլային փոխանցում է կատարել։

Հավելենք, որ Ռոնալդուն կարիերայի ընթացքում գոլերի քանակով ռեկորդակիր է։ Նրա հաշվին ակումբներում 727 խփած գոլ է, Պորտուգալիայի հավաքականում՝ 123 գոլ։
Օգոստոսի 29-ին Ռոնալդուն ազգային առաջնություններում գոլերի համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Նա երկու գոլ է խփել Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ-Շաբաաբի» դեմ խաղում՝ խփելով 516-րդ և 517-րդ գոլերը ազգային առաջնություններում։
Նրա 517 գոլերից 3-ը խփվել է Պորտուգալիայի առաջնությունում (Սպորտինգ), 103-ը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում (ԱՊԼ) (Մանչեսթեր Յունայթեդ), 311-ը՝ Իսպանիայի առաջնությունում (Ռեալ Մադրիդ), 81-ը՝ Իտալիայի առաջնությունում (Յուվենտուս) և 19-ը՝ Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Ըստ IFFHS-ի՝ 38-ամյա ֆուտբոլիստը միանձնյա դարձել է ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու՝ գերազանցելով ավստրիացի Յոզեֆ Բիցանին և հունգարացի Ֆերենց Պուշկաշին (515-ական գոլ):