Մոսկվային եւ Թեհրանին անհանգստացնում է Հայաստանի արեւմտամետ կեցվածքը

Մոսկվային եւ Թեհրանին անհանգստացնում է Հայաստանի արեւմտամետ կեցվածքը

Ինչպես հայտնի է, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին մեկօրյա այցով եղավ Մոսկվայում։ Նպատակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելն է եղել։ Մինչ այդ, հիշեցնենք, ՌԴ նախագահն էլ կատարել էր մերձավորարեւելյան տուրնե։ Համաձայն ռուսական պաշտոնական լրահոսի, Պուտին-Ռաիսի բանակցությունները տեղի են ունեցել աշխատանքային ճաշի ժամանակ։ Իրանական Mehr լրատվական գործակալությունը ներկայացրել է, թե ինչ ակնկալիքով է Ռաիսին գնացել Մոսկվա։ Ըստ այդմ, ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հետ կապված հարցեր, ներառյալ՝ պաղեստինաիսրայելական հակամարտությունը, Գազայի սեկտորում տիրող հումանիտար վիճակը, հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակը եւ այլն։

Ռուսական մեդիա-փորձագիտական տիրույթում հատկապես ուշադրություն են դարձրել հարավկովկասյան տարածաշրջանի հետ կապված բանակցային քննարկումներին եւ դրանց համատեքստում՝ Հայաստանի արեւմտամետ կեցվածքին։ Ընդհանուր մոտեցման համաձայն, Թեհրանի եւ Մոսկվայի համար Հարավային Կովկասն անհրաժեշտ է, սակայն՝ առանց Արեւմուտքի։ Ընդ որում, Ադրբեջանն այս համատեքստում դիտարկվում է որպես ընդհանուր գործընկեր, իսկ Հայաստանը՝ խնդրահարույց իրողություն։ Թեհրանի եւ Մոսկվայի համար հատկապես անհանգստացնող է եղել Երեւան-Փարիզ խորացող համագործակցությունը, հատկապես՝ հայ-ֆրանսիական պաշտպանական խորացող հարաբերությունները, ներառյալ ֆրանսիական սպառազինությունների մատակարարումները Հայաստան, ինչպես տեղի ունեցածները, այնպես էլ տեղի ունենալիքները։

Իրանը, իհարկե, շարունակում է Երեւանի համար լավ հարեւան ու հուսալի գործընկեր լինել, սակայն, ըստ ռուսական մեդիատարածքում շրջանառվող տեսակետի, Թեհրանի մոտ կասկած է առաջացնում այն, որ Հայաստանն արեւմտամետ կեցվածք է որդեգրել հատուկ իր համար։ Առկա մտայնության համաձայն, եթե Հայաստանը խորացնի իր արեւմտամետ կեցվածքը, հնարավոր է, որ Թեհրանը փորձի տարածաշրջանային քաղաքական միջավայրը բալանսավորել արդեն Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնելով։