Կդիմե՞ն ՄԻԵԴ Գրիգորի Խաչատուրովի գործով

Կդիմե՞ն ՄԻԵԴ Գրիգորի Խաչատուրովի գործով

«Դատական համակարգում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գլխովին կարող են փոխել իրավական համակարգի ճիշտ զարգացման ուղին: 2023 թվականի մարտի 13-ից հետո մինչև օրս Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ ծանրակշիռ նոր փաստ չի ավելացել, և դրա մասին Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 20-ին արձանագրում է արել, ավելին՝ արձանագրել է նաև դատական սխալ, և դատական ակտն այս մասով բեկանել է»։ Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ փաստաբաններ Միհրան Պողոսյանն ու Հակոբ Ենոքյանը «Գրիգորի Խաչատուրովի գործը՝ որպես դատական համակարգի համար լակմուսե թուղթ» թեմայով մամուլի ասուլիս են հրավիրել։

«Դատարանի կայացրած որոշումից 2 ամիս անց էլ Խաչատուրովը կալանքի տակ է։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մենք չենք դիտարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը, նշեմ, որ  նախ ուզում ենք սպառել մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, դրանից հետո նոր քննարկել Եվրոպական դատարան դիմելու հարցը»,- ասաց Ենոքյանը։