Կոչ է արել վերադարձնել մշակութային արժեքները 

Կոչ է արել վերադարձնել մշակութային արժեքները 

Մոնղոլիան կոչ է արել Մեծ Բրիտանիային եւ մյուս երկրներին վերադարձնել իր տարածքից տարված հարյուրավոր մշակութային արժեքները, որոնցից մի մասի տարիքը գերազանցում է երկու հազար տարին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Վերոնշյալ մշակութային արտեֆակտներից է Մոնղոլիայի առաջին վարչապետի նամակը, ով հայտարարել է Մոնղոլիայի անկախությունը Չինաստանի Մանջուրական դինաստիայից, որը ներկայումս պահվում է Լոնդոնի Բրիտանական գրադարանում։ Մոնղոլական կողմը նշում է նաեւ 13-14-րդ դարերում Պարսկաստանի մոնղոլ տիրակալների պալատներում ծառայություն իրականացրած պարսիկ գործիչ Ռաշիդ ադ-Դինի հետ առնչվող մշակութային արժեքների մասին, որոնք պահվում են Էդինբուրգի թանգարանում։

Նշենք, որ վերջին տարիներին բազմաթիվ երկրներ, այդ թվում նաեւ եվրոպական երկրների նախկին գաղութներ, պահանջել են վերադարձնել այն պատմական եւ մշակութային արժեքները, որոնք իրենց տարածքից տարվել են շատ տարիներ առաջ եւ այժմ պահվում է եվրոպական թանգարաններում։ Միացյալ Նահանգներն, օրինակ, Մոնղոլիային վերադարձրել է ժամանակին այնտեղից տարված դինոզավրերի մնացորդները, որոնք ապրել են յոթանասուն միլիոն տարի առաջ։