Պարզ, բայց դժվարամարս մտքերից
Իսկապես ինքնատիպ ժողովուրդ ենք։ Հայաստանի արժեքը համառորեն փնտրում ենք ազգի հնամենիության մեջ, որն էլ (անկախ ազգությունից) ժամանակակից քաղաքական վերափոխումների դարում արժեք չի ներկայացնում։ Նույնիսկ գերազանցել ենք սրան-նրան մեղադրանք ներկայացնելիս, բայց մեղա գալու հարցում զրոյական կետում ենք գտնվում։ Ասել է թե՝ դեպի դուրս եւ դեպի ներս նայելիս հսկայական, անհաղթահարելի ջրբաժան ենք ստեղծել։ Իզուր չէ, որ ընթացող բնական եւ քաղաքական աղետների ծիրում հայաստանյան հանրության համար պարզ մտքերն անգամ դժվարամարս են դարձել։ Թերեւս պահն է՝ կրկին անդրադառնալու շարունակվող ինքնաբուխ հավաքներում, հանդիպումներում հնչող բազմազան մտքերից մի քանիսին։
- Հանճարը հանճարին մեծարում է հանճարեղին վայել դրսեւորումներով։ Հանճարեղ Գյոթեն այս միտքը լրացրեց․ արվեստի մասին խորհելիս մենք կայսրին ենթակա չենք։
- Ի դեպ, Գյոթեի մասին․ թատրոնում, ներկայացումը սկսվելուց առաջ, Նապոլեոն Բոնապարտը, ինքը՝ կայսրը, նստում է երրորդ շարքում։ Նրան տեղեկացնում են, որ կայսրի տեղն առաջին շարքում է։ Կայսրը պատասխանում է, որ առաջին շարքը մեծերի համար է՝ Գյոթե, Շիլլեր․․․
Երբ Նապոլեոնը Եվրոպան ոտքի տակ էր տալիս, զորախմբին հրամայում է շրջանցել Գյոթեի ագարակը, որովհետեւ դա հանճարի կեցավայրն է։
- Դառնանք մեզ եւ մեր ժամանակներին․ եթե մենք խելքը գլխին մտավորականություն ունենայինք, մեր այսօրն այսպիսին չէր լինի։ Ու եթե դուք՝ մտավորականներդ, իսկապես մտավորական եք, դադարեք փոքրիկ իշխանիկներին ծառայելուց։ Չգայթակղվեք նախագահի կամ վարչապետի մրցանակներով, որոնց արժեքը մի քանի հազար դոլար է, ոչ ավելի։
- Գոյատեւման համար փողը գոհացում է, բայց կա վերին սահման, որից անդին փողը հավատք է։
- Որքան էլ դառը լինի ճշմարտությունը, այն մնում է ճշմարտություն եւ շրջանցման ենթակա չէ։
- Պետք է սովորենք հույզերը (էմոցիաները) մի կողմ դնել եւ առաջնորդվենք փաստական ճշմարտություններով։
- Փոքր ազգերը չպետք է հայտնվեն պատերազմող հզորների արանքում։ Մեծ կռվում փոքր պետությունները դերակատարում չունեն։ Խելացի պետք է լինել եւ չթպրտալ, մինչեւ անցնի վտանգը։
- Պատերազմ չի լինի, եթե հրադադար է, որովհետեւ գործում են միջազգային կանոնները։ Զինված առճակատման (պատերազմի) ժամանակ միջազգային կանոնները չեն գործում։
- Զինված պայքարին հնարավորինս արագ պետք է հաջորդի գաղափարական բանակցային պայքարը՝ որպես արյունահեղությունը լիովին կանխելու երաշխիք։
- Ցանկացած կուսակցության համար համախոհների ինստիտուտն ավելի կարեւոր է, քան կուսակցականների ինստիտուտը։
- Հանրության մոտավորապես երեք տոկոսն է լրջորեն հետաքրքրվում պետականաշինության խնդիրներով։
- Ազգային պատկանելությունն իրավունք եւ պարտավորություն չի ընձեռում, երկրի քաղաքացի լինելն իրավունք եւ պարտավորություն է։
- Ադրբեջանում 200-ից ավելի հայ գերիներ կան, Հայաստանի հանրությունն անտարբեր է։ Կասե՞ք ինչու․․․ Իսրայելում 220 պաղեստինցի գերի կա։ Աշխարհն է պահանջում ազատել բոլորին։ Կասե՞ք ինչու․․․
- Ռուսաստանը բարիդրացիական հարաբերություններ է խաղում Թուրքիայի հետ, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չակտիվանա Ուկրաինայի խնդրում, եւ վարձատրում է Ադրբեջանին Հայաստանի հաշվին։
- Ի դեպ, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների մասին մեղմ է ասված, թե «անտեսեցին» միջազգային իրավունքի «Անջատում՝ հանուն փրկության» դոկտրինը։ Անշուշտ, անտեսեցին, քանզի դոկտրինը կա՛մ իրենց խելքի բանը չէր, կա՛մ կխափաներ երկրի բարձրագույն աթոռից օգտվելու բացառիկ հնարավորությունները։
- Հավելենք, որ նույն դոկտրինի «անտեսման» տրամաբանությունը կարելի է վերագրել նաեւ գործող վարչապետին։
- Մեկը չգիտակցելով է փորձանք բերում մեր գլխին, մյուսը լավ էլ գիտակցում է, թե ինչու է փորձանք բերում մեր գլխին:
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Կարծիքներ