Բացահայտում ենք Արայիկ Հարությունյանի ստերն ու կեղծիքը

Բացահայտում ենք Արայիկ Հարությունյանի ստերն ու կեղծիքը

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, «Դդում» բառից չվիրավորվող Արայիկ Հարությունյանը Facebook սոցկայքում գրառմամբ անդրադարձել է «Հրապարակի» հոդվածին, թե 2021 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվն ավելացրել են հինգ անգամ, այն դեպքում, երբ աշխատակազմը աշխատանքային լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ստացել:

Սոցկայքերով հաղորդագրություն տարածելը հատուկ է թավշյաներին։ Որովհետեւ սոցկայքում ինչ ուզես կարող ես գրել, իսկ պաշտոնական հաղորդագրությամբ տարածված սուտը պաշտոնեական կեղծիք է՝ քրեական հանցագործություն։

Վերադառնանք Արայիկ Հարությունյանին, ով իրեն շատ սազական լեքսիկոնով մեզ անվանում է մուտիլովշչիկ ու ստախոս։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մուտիլովշչիկը, ստախոսը, ինքն է։ Ինչ է ասում նա` բաց թողնելով որակումներն ու կերպարին բնորոշ բառամթերքը, անդրադառնանք հերքում պարունակող մասին: 

Ասում է, որ իր նշանակման պահին վարչապետի աշխատակազմի ղեկավարն արդեն 4 տեղակալ ուներ, ինքը մեկ նոր տեղակալ է նշանակել։ 

Նյութի հետ հրապարակվող լուսանկարները կառավարության պաշտոնական կայքի «Վարչապետի աշխատակազմ» բաժնից սքրին-շոթերն են։ Արայիկ Հարությունյանը աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2021 թվականի հուլիսի 1-ին։ Նրա հինգ տեղակալից չորսը՝ Արթուր Հովսեփյան, Զարուհի Մաթեւոսյան, Բագրատ Բադալյան, Տարոն Չախոյան նշանակվել են մեր նշած 2021 թվականի փետրվարից հոկտեմբեր ամիսներն ընկած հատվածում։ 

Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի 2021 թվականի փետրվարի 18-ի 137-Ա որոշմամբ, սակայն Արթուր Հովսեփյանը՝ 2021 թվականի հուլիսի 14-ի 740-Ա որոշմամբ, Զարուհի Մաթեւոսյանը՝ 2021 թվականի օգոստոսի 4-ի 834-Ա որոշմամբ, Բագրատ Բադալյանը 2021 թվականի հոկտեմբերի 7-ի 1121-Ա որոշմամբ։ Այինքն չորսից երեքը՝ Արթուր Հովսեփյան, Զարուհի Մաթեւոսյան, Բագրատ Բադալյան, նշանակվել են Արայիկ Հարությունյանի նշանակումից՝ 2021 թվականի հուլիսի 1-ից հետո։ Այս ամենը կա կառավարության կայքում։ Բայց մեր հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք «2021 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների» քանակի աճին: 

Ուրեմն, կառավարության կայքից ապացույցներով փաստում ենք, որ մենք ճիշտ ենք գրել: Այո, այդ հաստիքները եղել են, դա Արայիկ Հարությունյանը չի ստեղծել, բայց 2021 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը փաստացի ավելացել է հինգ անգամ։

Եվ մեկ փաստ եւս։ Վարչապետի այս աշխատակազմը ձեւավորվել է ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ, որում նշված են աշխատակազմի բաղկացուցիչ վարչությունների անուններն ու քանակը, բայց նշված չէ աշխատակազմի ղեկավարի տեղակալների քանակը։ Ըստ այս որոշման, վարչապետի աշխատակազմի ղեկավարը առաջին տեղակալ եւ տեղակալներ ունի։ Կառավարության կայքում ներկայացված հինգ տեղակալից՝ Արթուր Հովսեփյան, Զարուհի Մաթեւոսյան, Բագրատ Բադալյան, Տարոն Չախոյան, Սարգիս Թորոսյան, որեւէ մեկի անվան եւ պաշտոնի դիմաց գրված չէ «Առաջին»։ Այնպես որ, «Դդում» բառից չվիրավորվող Արայիկ Հարությունյանը հնարավորություն ունի իր տեղակալների թիվը ավելացնել առնվազն եւս մեկով։ Ոչինչ չանող աշխատակազմի ղեկավարը պետք է հնարավորինս շատ տեղակալներ ունենա եւ մեծ աշխատակազմ, որ իր անգործությունը թաքցնի:

Արեգ Մարգարյան