Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը հնգապատկվել

Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը հնգապատկվել

Չարենցն ասում էր. «Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր - Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան յա՛րն եմ սիրում»։ Մենք էլ ենք սիրում: Այսօր արդեն արյունաքամ լինող Հայաստանը։ Ու ինչքան էլ թավշյաները փորձեն ճնշել, չենք դադարելու ներկայացնել նրանց պետականակործան արարքները:

Այսօր անդրադառնալու ենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Տարբեր առիթներով գրել ենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այսինքն՝ Արայիկ Հարությունյանը, հինգ տեղակալ ունի, որպիսի բան վերջին 30 տարում չի եղել: Վարչապետի աշխատակազմը մոտ 30 օղակ ունի՝ Ազգային ժողովի հետ կապերի, արտաքին կապերի, իրավաբանական, ծրագրերի փորձաքննության, կադրերի եւ անձնակազմի կառավարման, պետաիրավական, սոցիալական հարցերի վարչություններ եւ այլն: Այսքան մանրամասն կառուցված աշխատակազմում, որտեղ յուրաքանչյուր ստորաբաժանում իր ղեկավարն ունի, որը ենթարկվում է աշխատակազմի ղեկավարին, 5 տեղակալի գոյությունն առնվազն հասկանալի չէ, եթե չասենք՝ մերժելի է, դատապարտելի, անընդունելի: «Դդում» բառից չվիրավորվող Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի նշանակած արդեն 3-րդ աշխատակազմի ղեկավարն է՝ Էդուարդ Աղաջանյանից (2018-2020) եւ Արսեն Թորոսյանից (2021 հունվար-հուլիս) հետո: 

Վերջին երկուսի օրոք վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեկ տեղակալ ուներ՝ իրավաբան Սարգիս Թորոսյանը: 2021-ի փետրվարին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել հաշվողական մեքենաների եւ ցանցերի մասնագետ Տարոն Չախոյանը, որին մամուլը հիշատակում է որպես ֆեյքերի ֆաբրիկան աշխատեցնող: Արայիկ Հարությունյանը պաշտոնը ստանձնելուց հետո՝ հինգ ամսում երեք նոր տեղակալ է նշանակել՝ արեւելագետ Արթուր Հովսեփյան, ֆինանսիստ Զարուհի Մաթեւոսյան, շինարար Բագրատ Բադալյան: Նախանձելի բազմազանություն: Վերջինը, ի դեպ, ԱՄՆ-ում կես միլիոն դոլարանոց տուն է գնել եւ հայտարարել, որ դա հորից ստացած ժառանգությամբ է գնել։ 

Վերադառնանք Արայիկ Հարությունյանի տեղակալներին։  Ընդ որում, վարչապետի աշխատակազմում նոր վարչություն չի ավելացվել, ոչ մի տեղեկություն չկա, որ վարչապետի աշխատակազմը լրացուցիչ պարտականություններով ու աշխատանքով է ծանրաբեռնվել: Բայց թավշյաները 2021 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվն ավելացրել են հինգ անգամ:
Այս մարդկանց աշխատավարձ են տալիս ՀՀ քաղաքացիները։ Սակայն թավշյաներն այս մարդկանց գործատուներին՝ ՀՀ քաղաքացիներին, չեն ասում՝ ո՞րն է պետական համակարգն ուռճացնելու որոշման անհրաժեշտությունը: Բայց առիթը բաց չեն թողնում ասելու, որ մտածում են քաղաքացու մասին: Փաստորեն, մտածում են կոնկրետ իրենց մտերիմ քաղաքացիների մասին, ոչ թե՝ բոլոր քաղաքացիների:

Քանի որ Արայիկ Հարությունյանը «դդում» որակումից չի վիրավորվում, ճիշտ ենք համարում կրկնել մեր հարցը. վարչապետի աշխատակազմում նոր վարչություն չի ավելացել, վարչապետի աշխատակազմը լրացուցիչ պարտականություններով ու աշխատանքով չի ծանրաբեռնվել, ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվն ութ ամսում ավելացել 5 անգամ:

Արեգ Մարգարյան