Մեր կանայք ու աղջիկները ո՞նց են երթևեկում, խայտառակություն է․ ավագանու անդամը պնդեց, քաղաքապետն ընկրկեց

Մեր կանայք ու աղջիկները ո՞նց են երթևեկում, խայտառակություն է․ ավագանու անդամը պնդեց, քաղաքապետն ընկրկեց

Մինչ գյումրեցիներն իրենց դժգոհությունն են արտահայտում, թե քաղաքը սպասարկելու համար առավել նպատակահարմար են խոշոր ավտոբուսները, քանի որ գերբեռնված տրանսպորտով երթևեկելիս գոնե ավտոբուսներում հնարավոր է ոտքի տեղ գտնել կանգնելու համար, Գյումրու համայնքապետարանն արտահերթ նիստում որոշում կայացրեց 2024թ-ին ևս 30 միկրոավտոբուս գնել։ Ինչպես նաև որոշում կայացվեց քաղաքի համար ձեռք բերել  2000 LED լուսատու, 200 հատ արտաքին լուսավորության հենասյուն, 400 հատ բարձակ, մեկուսացված մետաղալարեր 10000 մ, խողովակի ամրացման սեղմակներ՝ 2000 հատ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 73 մլն 826 հազար 666 դրամ է, որից համայնքի ներդրման մասնաբաժինը 40 մլն 604 հազար 666 դրամ է։ Այսինքն՝ նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել քաղաքի արտաքին լուսավորության ցանցը։ 

Եթե ավագանին թվարկած որոշումները հեշտությամբ ընդունեց, ապա միկրոավտոբուսների ձեռք բերման հարցում եղան տարաձայնություններ։ Նախնական նիստի օրակարգում ընդգրկված էր 20 ավտոբուս, մինչդեռ ավագանու անդամները վստահեցնում են, որ 20 միկրոավտոբուսը քաղաքին չափազանց քիչ է․ 

«20 միկրոավտոբուս բերում ենք , որ ի՞նչ անենք ․․․, էս դեպքում մեր 22 համարը, որ ամենակարևոր համարն է, խայտառակ վիճակում է․․․, ես չգիտեմ, թե համայնքապետարանն ինչու է այս խայտառակ վիճակը տանում․․․, նստատեղերը, մեր կանայք ու աղջիկները ո՞նց են երթևեկում․․․․․ ։Մենք ինչո՞ւ չենք բերում 30 կամ 35 հատ միկրոավտոբուս։ Ընդհանուր սուբվենցիոն ծրագրից դուրս է եկել Շախմատի դպրոցի կառուցման հարցը, գումար է ավելացել․․․ ,բերենք 30-35 հատ, որ 22 համարն էլ մտցնենք․․․․,մենք խնդիր ունենք լուծելու, տրանսպորտով ապահովելը մեր ամենակարեւոր խնդիրն է, ինչու հարցին լուծում չենք տալիս․․․, բերենք 30 միկրոավտոբուս, գոնե առաջիկա մեկ-երկու տարվա ռիսկերից դուրս կգանք»,- քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին դիմեց «Զարթոնք» խմբակցության ավագանու ղեկավար Վարդեւան Հակոբյանը` ընդգծելով, որ լուրջ խնդիր է համարում մաշված ավտոմեքենաները շահագործելը։ «Ո՞վ է իր վրա վերցնելու այդ պատասխանատվությունը․․․, պատասխանատվություն է լինելու, որ 2024 թվականին թիվ 22 համարի երթուղին այդ մաշված գազելներով ՍՊԸ-ն աշխատացրեց, եթե դա արեց, ես այդտեղ լուրջ խնդիր եմ տեսնում»,-ասաց ավագանու անդամը։

Ի վերջո քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առաջարկեց 20 միկրոավտոբուսը փոխարինել 30-ով ։
Նշենք, որ միկրոավտոբուսներ  ձեռք բերելու համար 361 մլն 533 հազար 320 ՀՀ դրամ է նախատեսվում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գյումրու  համայնքապետարանն արդեն իսկ 66 նոր միկրավտոբուս էր ներկրել քաղաք, դրանք արդեն իսկ շահագործվում են, սակայն հնամաշ փոխադրամիջոցներից շատերը դեռևս շարունակում են երթուղի դուրս գալ եւ շահագործվել, այդ թվում թիվ 22 միկրոավտոբուսները, որոնք սպասարկվում են «Նյու սիտի տրանս» ՍՊ ընկերության կողմից։