Գլոբալ դիվանագիտական մարտահրավերին սպասելիս

Գլոբալ դիվանագիտական մարտահրավերին սպասելիս

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ այս տարվա նոյեմբերին ինդոնեզական Բալի կղզում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու են թե՛ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա, ինչ խոսք, բավական հետաքրքիր հայտարարություն էր, ու թեեւ Կրեմլից կարծես դեռ չեն հստակեցրել, թե Պուտինի մասնակցությունն ինչ ձեւաչափով է լինելու, սակայն փորձագետներն արդեն սկսել են հայտարարել, որ աշխարհը հիմա սպասում է գլոբալ դիվանագիտական մարտահրավերի, ու գագաթնաժողովը, ինչ խոսք, լինելու է շատ ինտրիգային։

Բանն այն է, որ Վաշինգտոնում, ըստ ամենայնի, հույս ունեին, որ Պուտինը Բալի չի այցելի կամ գագաթնաժողովին չի մասնակցի եւ լավագույն դեպքում տեսաուղերձով կողջունի։ Եթե հանկարծ ստացվի այնպես, որ Պուտինն անձամբ մեկնի Բալի, ապա ինդոնեզական իշխանությունն անհավանական կազմակերպչական տաղանդ պետք է ցուցաբերի, որպեսզի այնպիսի տհաճ միջադեպեր չլինեն, ինչպիսին եղել էին 2014-ի Բրիսբենյան գագաթնաժողովին (Ավստրալիա), ինչի պատճառով թերեւս Պուտինը մյուս հյուրերից մի փոքր ավելի շուտ հեռացավ։ Այն ժամանակ շատ փորձագետներ ուշադրություն դարձրին «Պուտինի միայնակության» վրա եւ գրեցին, խոսեցին այն մասին, որ Մոսկվան «քսանյակի» ձեւաչափը չկարողացավ օգտագործել իր օգտին, իսկ գործընկերներն էլ ցույց տվեցին, որ պատրաստ չեն առաջատար արեւմտյան երկրների հետ գժտվել հանուն Ռուսաստանի շահերի։ 

14 թվականից ի վեր Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների լարվածությունն աճել է։ Հուլիսին Ինդոնեզիայում արդեն տեղի է ունեցել ԱԳ նախարարների գագաթնաժողով, եւ Արեւմուտքը ներկայացնողներն ամեն ձեւով փորձում էին բոյկոտել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ ի նշան ուկրաինական ճգնաժամի դեմ բողոքի։ Լավրովի հետ, օրինակ, Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները հրաժարվեցին լուսանկարվել, միասին այցելել տոնական ընթրիքի կամ ունենալ առանձին հանդիպումներ։ Ու Լավրովն էլ կարծես թե շուտ հեռացավ Ինդոնեզիայից։ 
Սակայն հիմա խաղադրույքներն անհամեմատ ավելի բարձր են լինելու։ Այնտեղ, որտեղ նախկինում «ծաղիկներն» էին, հիմա արդեն «պտուղներն» են աճել։ Եվ, ուրեմն, արդյոք գագաթնաժողովի մասնակիցները կբոյկոտե՞ն ու դուրս կգա՞ն դահլիճից, երբ այնտեղ մտնի Վլադիմիր Պուտինը։ Լիովին հավանական է։ Կամ՝ ինչպե՞ս են օգնականներն առաջնորդների երթուղիները դասավորելու, որ նրանք չհանդիպեն։ Ի՞նչ պետք է անել խմբանկարի պարագայում։ 

ԱՄՆ-ում նույնիսկ քննարկվել է գագաթնաժողովն ամբողջովին բոյկոտելու հարցը, եթե Պուտինը դրան մասնակցի, սակայն նման որոշումը բացառվել է, քանի որ դա կնշանակեր, որ Բայդենը նախաձեռնողականությունը զիջում է Պուտինին։ Ավելին, Բալիում, ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների, նախատեսվում է Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, որն առաջինն էլ լինելու վերջին երեք տարիների ընթացքում։ Եթե այդպիսի հանդիպում լինի, ամերիկյան քաղաքական վերնախավի ներկայացուցիչների թայվանյան այցերից հետո, այն կանցնի բավական բարդ ու լարված մթնոլորտում։ Որոշ փորձագետներ լավատես են ու կարծում են, որ չին-ամերիկյան հարաբերություններն այնքան էլ չեն սրվի, քան հիմա են, քանի որ, օրինակ, Նենսի Փելոսիի՝ թայվանյան այցից առաջ Բայդենն ու Սի Ծինփինը երկու անգամ հեռախոսով խոսել են ու, հնարավոր է, ինչ-որ բան պայմանավորվել։

Ընդհանուր՝ կա տրամադրվածություն, որ, ամեն դեպքում, Չինաստանն այս հանդիպումից հետո թայվանյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու քայլին չի գնա։ Հնարավոր է, որ Վաշինգտոնն առաջարկի Պեկինին մի այնպիսի միջազգային անվտանգային մեխանիզմ կամ կառուցակարգ, որում Ռուսաստանի դերակատարումը լինի չափազանց փոքր, եւ Ռուսաստանն ավելի մեկուսանա, հատկապես որ այս տարվա մարտից ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Մեծ Բրիտանիան պահանջում էին, որ Ռուսաստանին ընդհանրապես հանեն Մեծ քսանյակի կազմից։ 

Սա, իհարկե, վերջը չէ, քանի որ այնտեղ այցելելու է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ու սա արդեն կարծես թե ամեն բան ավելի է հետաքրքիր դարձնում։ Սակայն, ամեն դեպքում, որքան էլ ինտրիգը գրավիչ ու խորհրդավոր լինի, պետք է սպասել մինչեւ նոյեմբեր՝ հասկանալու, թե ինչ զարգացումներ կամ հանգուցալուծումներ կլինեն։

ՀԳ․ Սա Վաշինգտոնում բնակվող Եվգենի Բայի հոդվածն է` Haqqin.az-ի համար գրված: