Մակրոնի դիվանագիտական սադրանքը՝ Փաշինյանի լուռ համաձայնությամբ

Մակրոնի դիվանագիտական սադրանքը՝ Փաշինյանի լուռ համաձայնությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում անդրադարձավ ռուս-ուկրաինական հակամարտությանը, Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում շարունակվող պատերազմներին, ահաբեկչության դեմ պայքարին, միջուկային անվտանգությանը եւ այլ թեմաների: «Այսօր մեր խնդիրն է՝ բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանն անկայունություն ու քաոս տարածող ուժ է, ինչն անում է ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Կովկասում:

Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ նեոգաղութային Ռուսաստանը կարող է Կովկասի մարտահրավերները կարգավորել: Ես սա ասում եմ իմ ընկերոջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում մենք հետագայում եւս կաջակցենք եւ ում հետ կշարունակենք համագործակցել»,- հայտարարեց Ֆրանսիայի նախագահը: Նա Պուտինին մեղադրեց ստելու մեջ. «Մեկ տարի առաջ ես խոսեցի Պուտինի հետ, եւ նա վստահեցրեց ինձ, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վագներ խմբի հետ»։ Ապա հավելեց, որ այն ժամանակ հավատում էր Պուտինի խոսքերին, իսկ հիմա հասկանում է, որ Ռուսաստանը սովորական մաֆիոզ պետություն է եւ պետք է պարտվի: «Մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք մեր աջակցությունը։ Հետագա քայլեր ձեռնարկենք, մեծացնենք մեր ջանքերը՝ օգնելու ուկրաինացի ժողովրդին, եւ Ուկրաինան կարողանա հակահարձակում սկսել»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։ 

Մակրոնի ելույթը կարճ կարելի է բնորոշել որպես դիվանագիտական, աշխարհաքաղաքական սադրանք՝ Հայաստանի ու ՌԴ-ի հարաբերությունները սրելու ուղղությամբ: Թե ինչ կխոսի Եվրոպան կամ անձամբ Մակրոնը ՌԴ-ի մասին, դա երկու աշխարհաքաղաքական կենտրոնների գործն է, այդ որակումները ՌԴ-ի հասցեին հնչեցնելը Մակրոնի իրավունքն է ու նրա տեսակետը: Բայց ինչո՞ւ նա հատուկ ընդգծեց, որ այդ ամենն ասում է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Նա բացահայտ մեսիջ ուղարկեց Պուտինին, որ, տես, Փաշինյանը մեզ հետ է, մենք ասում ենք, ինքը լսում է ու չի առարկում… Սա բացահայտ դիվանագիտական սադրանք էր:

Այն, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստեղծվել է «բարեկամական» սառնություն, փաստ է, եւ որ դրան նպաստել են թե՛ Հայաստանի այսօրվա իշխանավորները՝ իրենց քայլերով, թե՛ Ռուսաստանի իշխանությունները՝ նոյեմբերի 9-ի պարտավորությունները չկատարելու իրենց անգործությամբ, նույնպես անհերքելի է: Բայց այն իրավիճակը, որը կա Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, երկու դաշնակից երկրների ներքին խնդիրն է: Իսկ հարաբերությունները լավացնելու համար Հայաստանի իշխանությունները ոչ թե պետք է այստեղ-այնտեղ Ռուսաստանից բամբասելով ման գան, այլ գրագետ ու խելամիտ ձեւով պարզեցնեն հարաբերությունները: Մինչդեռ Հայաստանի այսօրվա իշխանության աշխարհաքաղաքական կողմնորոշումն այդպես էլ հասկանալի չէ։ Հասկանալի չէ, թե վերջապես որ երկրի կամ կողմնորոշման «մարդն» է Փաշինյանը:

Մի բան պարզ է, որ նա ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ուղղությամբ, ու փաստ է նաեւ, որ Հայաստանը հիմա մենակ է: Մինչդեռ Եվրոպան որոշել է փոքրիկ Հայաստանն օգտագործել՝ Ռուսաստանին թուլացնելու եւ ոչնչացնելու համար, իր աշխարհաքաղաքական մեծ խարդավանքների մեջ որպես գործիք օգտագործելով  Հայաստանը, պատերազմ հրահրելով Հարավային Կովկասում, այնպես, ինչպես Ուկրաինայում արեց: Իսկ այդ պատերազմը Հայաստանի համար կնշանակի վերջնական կործանում: Ի վերջո, կյանքը ցույց է տվել հայտնի խոսքերի հավաստիությունը, որ ֆրանսիական նավերը մեր սարերը չեն բարձրանալու:

Ո՞րն է երաշխիքը, որ Մակրոնի կողմնակիցները կշարունակեն աջակցել Նիկոլ Փաշինյանին եւ ինչպե՞ս են աջակցելու, համագործակցելու՝ հայտարարություններո՞վ, կենացներո՞վ: Փաստ է, որ Արցախը 70 օր շրջափակված է, եւ ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, ո՛չ իրենց ռազմավարական գործընկեր Ադրբեջանի վրա ներազդել չեն կարողանում։ Եթե խոսքը բարոյական աջակցության մասին է, ապա Հայաստանը բազմիցս «վայելել» է այդ բարոյական աջակցության «բարի» պտուղները: 

Պարզ չէ, թե ինչ ակնկալիքներ ունի Փաշինյանը նույն Մակրոնից ու Բլինքենից, որոնց հետ հանդիպում է, թույլ է տալիս, որ իր ներկայությամբ Ռուսաստանին հայհոյեն եւ անտեսելով ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքը, նորից խոսում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական խաղաղության մասին։ Այս պահվածքը Հայաստանին ոչ մի լավ տեղ չի տանելու: