ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները Մասիսում էին

ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները Մասիսում էին

Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով՝ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավար Տատյանա Մոսկալկովան «Սրտից՝ սրտին» ակցիայի շրջանակներում բարեգործական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Տեղում բռնի տեղահանվցածների խնդիրներին և կարիքներին ծանոթանալու համար Հայաստան են գործուղվել ՌԴ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Աբրամովն ու ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչ Վիկտորիա Սալտանովան: ՌԴ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին նաև հետաքրքրում են Արցախից  բռնի տեղահանված ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները: 

Մասիս խոշորացված համայնքում այս պահի դրությամբ բնակվում է ժուրջ 12 հազ. բռնի տեղահանված արցախցի, որոցից 12-ը ՌԴ քաղաքացիներ են: Սա բավական մեծ ցուցանիշ է: Ռուսաստանի հայերի միության և ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպեցին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ: Մասիս համայնքի ղեկավարը ներկայացրեց Արցախից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած քաղաքացիներին օժանդակելու համար արդեն իսկ իրականացված աշխատանքները, ի հայտ եկած խնդիրներն ու այն դժվարությունները, որ կրում են մեր արցախցի հայրենակիցները:

ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները տեղեկացրին, որ մարդասիրական բեռն արդեն Հայաստանի ճանապարհին է և դրա մի զգալի մասը կհատկացվի Մասիս համայնքին: Խմբաքանակում հիմնականում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքատեսակներ են՝ կենցաղային տեխնիկա, ծալովի մահճակալներ, անկողնային պարագաներ, հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ:

Հյուրերն այցելեցին նաև Մասիսի Ս.Թադեոս եկեղեցի,  որտեղ հանդիպեցին ՀԱԱ Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի  հետ, զրուցեցին այդ պահին մարդասիրական օգնություն ստացող քաղաքացիների հետ: