Աշոտ Հովսեփյան․ Աֆորիզմներ մեր պարբերությամբ
ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՆԵՐՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ
«ԱՆՎԱՐՁ ԿՏԱՄ ՄՏՔԵՐՍ...» ՇԱՐՔԻՑ
ՄԵԿ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ
1. Ասում են՝ պետք չէ լվից ուղտ սարքել, կամ ճանճից՝ փիղ։ Ու ճիշտ են ասում։ Դե, որովհետև հեչ շահավետ չէ։ Հենց միայն մեծ հոգս կլինի դրանց կերակրելը։
2. Ի՞նչ իմաստ ունի հետադարձի կամուրջներն այրել։ Հավատացեք՝ միանգամայն անիմաստ է։ Որովհետև, եթե հանկարծ ցանկանաս վերադառնալ, գետը լողալով էլ կանցնես, իսկ եթե՝ ոչ, ապա կամուջի գոյության մասին իսկի չես էլ հիշի։
3. Եթե անգնահատելի գնահատված բարեկամներիցդ ինչ-որ մեկը հանկարծ երես է թեքում քեզանից, պատճառը նախ և առաջ փնտրի քեզանում, քո մեջ։ Գուցե՞ ինչ-որ բան այն չես արել, ինչ-որ տեղ խոտորվել ես, լուրջ շեղում թույլ տվել։ Հաստատ նման մի բան կա։ Որովհետև անգնահատելին հենց այնպես երես չի թեքի։ Օրինակ, երբ ես եմ ինչ-որ մեկից երես թեքում, հենց այնպես չեմ անում դա։ Առավել ևս, երբ հեռանում եմ, այլևս չեմ վերադառնում ո՛չ նրանց մոտ, ովքեր ինձ խաբել են, ո՛չ էլ նրանց մոտ, ովքեր դավաճանել են։ Քանզի, միևնույն է, իմաստ չկա։
4. Միայն նա է ընդունակ բարի լինել, ում վիճակված է եղել չարի պատճառած ցավից ոռնալ։ Միայն նա գիտի բարեկամության գինը, ով ճաշակել է բարեկամների դավաճանությունը։ Միայն նրան է սեր տրված, ով ատելության բաժակը խմել է ցմրուր։ Միայն նրան է հասու հաղթության բերկրանքը, ով գալարվել է պարտության դառնությունից։
5. Երբ փորձում եք դավաճանել կամ արդեն իսկ դավաճանում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի՝ գաղափար, հայրենիք և այլն, փորձեք նաև դիտել էդ ամենը հակառակ կողմից, մտածեք, որ նույն կերպ կարող են ձեզ դավաճանել։ Մեկ այլ բան է, երբ ինքներդ եք ձեզ դավաճանում։
6. Ճիշտ չէ այն պնդումը, թե երբ լռում են, ուրեմն ասելիք չունեն։ Ճշմարտությունն այն է, սակայն, որ ասելիք միշտ էլ կգտնվի, բայց միշտ չէ, որ պետք է ու տեղին է ասել։
7. Ասում են, թե ժողովուրդը չի սխալվում։ Չգիտեմ, թե ուրիշ ժողովուրդների մոտ ինչպե՞ս է, սակայն հայ ժողովրդի պարագայում էդ պնդումն ըստ իս այնքան էլ ճիշտ չէ։ Մի՞թե չսխալվող ժողովուրդն իր գլխին կկարգեր ու կհանդուրժեր շատախոս ու ստախոս, իր երկիր պատերազմ ու դաժան պարտություն, մահ ու ավեր, ցավ ու արցունք բերած աստվածամերժ հավատուրացների, ազգապիղծ հայրենադավների, ստահակների ու սինլքորների էն իշխանությանը, որ ունենք էսօր։ Թերևս մեր պարագայում ավելի ճիշտ է այն պնդումը, թե ամեն ժողովուրդ միանգամայն արժանի է իր ղեկավարությանը։
8. Մեր նորօրյա իրողություններից մեկն էլ այն տարօրինակությունն է, որ քաղաքական գործիչները, որոնք կոչված են առաջնորդ լինելու, դժգոհում են, թե ժողովուրդը համատարած պայքարի դուրս չի ելնում, իսկ ժողովուրդն էլ տրտնջում է, թե առաջնորդներ չկան։ Ու այսպես էլ ապրում են առաջնորդներն ու ժողովուրդը՝ մեկմեկու փնտրտուքի անվերջանալի ու հոգեմաշ տվայտանքների ճիրաններում։
9. Մարդու որպիսությունը հարցնելը դժվար բան չէ։ Ամեն մարդու համար էլ պիտի որ հաճելի լինի դիմացինի կողմից իր որպիսությամբ հետաքրքրվելու հանգամանքը։ Պարզապես միշտ չէ, որ դա տեղին է։ Ու դեռ երբեմն էլ հարց է, թե դա նրան հարկավո՞ր է։
10. Քանդելը միշտ էլ հեշտ է, քան՝ կառուցելը։ Մարդուն վիրավորելն էլ մի բաժակ ջուր խմելու պես պարզ մի բան է, քան՝ մարդուն ներելը։ Ու ստելն էլ միշտ հարմար է, քան՝ հավատալը։ Ու վանելն էլ ավելի քան հեշտ է, քան՝ գրավելը։
11. Հիշաչար լինել իհարկե պետք չէ, ու վրեժ լուծելն էլ որևէ շոշափելի բան չի տա վրիժառուին։ Թերևս օգտակար կլինի ջնջել հիշողությունից նրանց, ովքեր ստորաբար թքել են հոգուդ մեջ։ Սա կյանքում, կենցաղում։ Իսկ ազգերի, ժողովուրդների պարագայում, ահավասիկ, թշնամյաց հանդեպ չափից ավելի ներողամիտ ու զիջող լինելը չափազանց աղետաբեր է, կործանարար։
12. «Արժեքներն են ստեղծում որակ» առևտրային գովազդի թերատ կարգախոսի անձեռնահաս հեղինակին պիտի հիասթափեցնել։ Քանզի հանրահայտ է, որ ավելի ճշգրիտ է հակառակ պնդումը, թե միայն բարձր որակը կարող է ստեղծել կատարյալ արժեքներ։ Այնպես որ, ի տարբերություն հայտնի թվաբանական կանոնի, համաձայն որի՝ գումարելիների տեղափոխության դեպքում գումարը չի փոխվում, քերականական տիրույթում բառերի տեղափոխությունը մեծավ մասամբ նույն արդյունքը չի տալիս։
13. Լուսահոգի Արմեն Գրիգորյանն, այնուամենայնիվ, խիստ վիրավորել է... անասուններին՝ նրանց հանիրավի համեմատելով որոշ գոյանքների հետ։ Քանզի անասունները շատ օգտակար արարածներ են. միս են տալիս, կաթ, բուրդ, կաշի և այլ բարիքներ, մինչդեռ գոյանքներից որևէ շոշափելի օգուտ ակնկալելն իսկ անիմաստ է։
14. Հինդուիզմի ուսմունքի դրույթներից մեկը պնդում է, թե մարդն անոթ է. ինչով լցված է, հենց դա էլ դուրս է թափվում նրանից։ Ա՛րդ ամեն մեկն անձայն՝ ինքն իր մեջ, թող լուռ պարզի, թե ի՞նչ է թափվում իրենից՝ սե՞ր, թե՞ ատելություն, ոգի՞, թե՞ հեղգություն, մա՞ղձ, թե՞ բարություն։
15. Ըստ Ֆրոյդի պնդման՝ անձի մասշտաբը որոշվում է նաև այն խնդրի մեծությամբ, որը կարող է նրան բարկացնել։ Ի դժբախտություն մեզ՝ մեր երկրի շալակն են ելել-թառել նրանք, որոնց մասշտաբները խիստ աննշան են։
16. Ռուսներն համոզված են, որ մարդու գլխավոր օրգանը հետույքն է, քանզի բացի իր բուն գործառույթներից՝ ամեն տեղ և ամեն գործում իր անմիջական մասնակցությունն ունի. բուժման, ուսուցման ու դաստիարակության, ոմանց մոտ նույնիսկ՝ որոշումների կայացման հարցում, դե իսկ արկածներ որոնելու գործում ընդհանրապես իրեն հավասարը չունի։ Ու էսօր հատկապես հենց իրենք՝ ռուսներն էլ հետույքային էդ արկածների մեջ են դեգերում։
17. Երբ Շեքսպիրն ասում էր (համենայն դեպս՝ նրան է վերագրվում), թե աշխարհը բեմ է, կյանքը՝ թատրոն, մարդիկ՝ դերասան, ապա դրանում, իհարկե, կա ճշմարտության հատիկ։ Ու այժմ համայն աշխարհն իրոք բեմ է։ Բայց կյանքի էդ թատրոնի դերակատարներն իրենց հեչ լավ չեն դրսևորվում. իրենց դերերը լավ չեն խաղում, ոչ մի կերպ դերի մեջ չեն մտնում, բառերը լավ չեն հիշում, խոսքի արվեստին ու ձայնի ելևէջներին ամենևին չեն տիրապետում, ու նաև իրենց դատարկ խոսքերին ու սին խոստումներին բնավ տեր չեն կանգնում, դրսևորում են լիովին զրոյական անկեղծություն, աչքի ընկնում արտահայտչականության իսպառ բացակայությամբ, և էդ անորակ բեմադրությունների հանդիսատեսն էդ շաղակրատ դերակատարներից ոչ մի հաճույք էլ չի ստանում։
18. Տունը տիրոջով է պահվում։ Եվ ուրեմն առանց տիրոջ տունն անտեր է։ Դե, դա հանրահայտ ճշմարտություն է, չէ՞։ Նույնը կիրառելի է նաև երկրների, պետությունների առնչությամբ։ Իսկ, ահա, անտեր պետությունը դատապարտված է կործանման։
19. Հարկավոր է ապրել այնպես, որ ամեն օր մի նոր երգ հնչի հոգում, ամեն մտքից պոեմ ծնվի, ամեն շնչից ուրախության շիթեր հորդեն, ամեն լուսաբացը հայտնություն լինի, ամեն մարդը՝ ջերմ բարեկամ, սրտի ամեն մի զարկը՝ հավերժական սիրո կոչնակ։
20. Մարդիկ հանդիպում են՝ ստույգ չիմանալով, թե ով ով է, որտեղից է գալիս, ու նաև չգիտեն, թե ի՞նչ է խոստանում էդ հանդիպումը։ Հաճախ է լինում, որ էդ հանդիպումն ու ծանոթությունը մի պարզ քմահաճույքի դրսևորում է լոկ, իսկ լինում է նաև, որ մի ողջ կյանք է վերափոխում։
Կարծիքներ