Իսկապե՞ս իրավական ու գործնական քայլեր

Իսկապե՞ս իրավական ու գործնական քայլեր

Արցախի ազատագրության հարցում մեծ ավանդ ներդրած Բաբայան Սամվելն Արցախի ղեկավարությունից պահանջում է «դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից»։ Եվ գործնական և իրավական հարթություն տեղափոխել արցախցիների պայքարը: Արցախի խորհդարանի թվով երկրորդ խմբակցության ղեկավարը ներկայացրել է խնդիրների լուծման չորս քայլանի համակցություն (կոմբինացիա):

Քայլ առաջին՝ Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ: Այս քայլը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի պահանջի կրկնությունն է ընդամենը: Նախկինում պարտված թշնամու հետ հաղթողի դիրքերից բանակցող «կամանդուշչին» այսօր համաձայն է դերերի 180 աստիճանով փոփոխությանը: Ենթադրում եմ, որ դա բավականին տհաճ կլինի, բայց ինչպես ասվում է, իր ընտրությունն է: Ուղղակի խնդիրն այն է, որ փոխվստահության մթնոլորտ ստեղծվում է ինքնուրույն երկու սուբյեկտների միջև: Իսկ տվյալ դեպքում սուբյեկտը մեկն է, իսկ թե ինչ դիրք ունի կամ կարող է ունենալ մյուսը՝ որոշելու է հենց առաջինը: Իսկ վերջինիս որոշելիքը հայտնի է՝ այն հրապարակված է պաշտոնապես: Ըստ այդմ, պահանջվում է Արցախի պետական ինստիտուտների կազմացրում և դրանց ղեկավարների ներկայանալն ադրբեջանական արդարադատությանը: Թե դրանից հետո ինչպիսի փոխվստահություն կստեղծվի արցախցիների ու Ադրբեջանի ղեկավարության միջև՝ երևի հայտնի է միայն Բաբայան Սամվելին:

Քայլ երկրորդ՝ դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ: Թե ինչպես է խաղաղապահ մանդատ ներդրվելու ՄԱԿ-ի անդամ և պատերազմում հաղթանակող կողմ հանդիսացող Ադրբեջանի տարածքում՝ կրկին հայտնի է միայն Բաբայան Սամվելին: Եվ եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի ներառմամբ, ապա պատկերը կամբողջանա: Հատկապես, որ նման ֆանտաստիկ քայլի դիմելուց առաջ Բաբայան Սամվելը պետք է ապահովեր հսկայական լոբբիստական գործունեություն ՄԱԿ-ի միջանցքներում: Ինչը, բնական է, չի արվելու: Երրորդ, կրկին ՄԱԿ-ին դիմելու քայլը, որպեսզի վերջինս վերանայի Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ՄԱԿ է ընդունվել, կանվանեի գերֆանտաստիկ: Այստեղ նույնիսկ հրեական լոբբին ոչինչ անել չէր կարողանա՝ եթե հրաշքով կպներ այդ գործին:

Եվ վերջապես քայլ չորրորդ՝ դիմել Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի ՌԴ-ն, որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, հանգուցալուծի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արցախցիների պայքարը իրավական և գործնական դաշտ տեղափոխելու ջատագով Բաբայանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ԽՍՀՄ փլուզվելուց հետո վերածվել է միջազգային հարցի: Ինչը նշանակում է, որ ով էլ լիներ ԽՍՀՄ-ի իրավահաջորդը, վաղուց ոչինչ անել չէր կարողանալու: Եթե լիներ հզոր, ապա դրա կարիքը չէր ունենալու, իսկ եթե լիներ թույլ, ապա իրավահաջորդության հանգամանքը ոչինչ չէր տալու նրան: Եվ, ընդհանրապես, իրավահաջորդության հանգամանքն առնչվում է հենց այդ դերում հանդես եկող երկրին: Եվ միայն այն ժամանակ, երբ առաջանում են այլ երկրների հետ փոխհարաբերություններ: Սակայն ոչ երբեք որպես միջպետական վեճերի կամ առանձին պետության ներսում առկա խնդիրների արբիտր: Ինչի համար ժամանակակից աշխարհում կան այլ ինստիտուտներ: Դրանից մեկի որոշումն, ի դեպ, արհամարհում է Ադրբեջանը, որի հետ փոխվստահության հասնելու առաջարկ է անում Բաբայանը:

Ամփոփեմ՝ ես գիտակցում եմ, որ Բաբայան Սամվելը հեռու է իրավական կտրվածքով միջազգային հարաբերություններից: Բայց մի ժամանակ Հայաստանում, իսկ այնուհետև Արցախում կուսակցություն հիմնադրած նախկին պաշտպանության նախարարն ու այնուհետև ԱԱԽ նախկին քարտուղարը պետք է կարողանար իր շուրջը համախմբել գրագետ իրավաբանների և միջազգայնագետների, որպեսզի, թեկուզ նիկոլական դիրքերից, առաջարկություններ ներկայացնելիս կարողանար դա կատարել իրավական տեսակետից ավելի գրագետ ու իսկապես գործնական հարթությունում տեղավորվող:  

Հ. Գ. Ի տարբերություն Բաբայանի՝ Փաշինյանն արևմտյան հանրությանից ընդամենը խնդրում է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: