Ասողին լսող էր պետք

Ասողին լսող էր պետք

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո քանի՞ անգամ եմ Փաշինյանին ասել՝ իրերդ հավաքիր ու գնա: Ասե՞լ եմ, թե՞ չեմ ասել: Ես նրան ասե՞լ եմ, որ այսքանից հետո քո մնալու ամեն օրը մի նոր կապիտուլյացիա է լինելու մեր ժողովրդի համար: Իսկ նա ի՞նչ արեց հենց նույն աշնանը: Եկավ, ԱԺ-ում մի հսկա տրակտատ կարդաց այն մասին, որ ամեն պարտություն չէ, որ պարտություն է, եւ ամեն հաղթանակ չէ, որ հաղթանակ է: Ժողովուրդն էլ ի՞նչ, էշ կտրած մտածեց՝ կարող ա՞ հաղթել ենք, վրաներս խաբար չկա: Հետո էլի եկավ ԱԺ եւ երկրի տնտեսության ու բանակի վերականգնման 10 կետանոց մի հիմարություն հրապարակեց, թե բա՝ սա իմ ծրագիրն ա: Եթե հիշում եք, մի քանի ամիս ժամանակ էր ուզում՝ այդ ծրագիրն իրականացնելու համար: Այն ժամանակ ես ասե՞լ եմ, որ Նիկոլը քամի ա անում: Ասե՞լ եմ, թե՞ չեմ ասել: Ասե՞լ եմ, այ տղա, սատանի մայլեն քյանդրբազ չեն խաղա, հավաքիր իրերդ ու գնա: Լսե՞ց: Զույգ կաթողիկոսներն ասացին՝ գնա, ՀՀ ԳԱԱ-ն ասաց՝ գնա, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց՝ գնա, մտավորական մարդիկ ասացին՝ գնա, ասացին՝ դու պարտություն ես մարմնավորում, դու չարիք ես, քեզ հետ մենք ոչ մի տեղ չենք կարող հասնել, գնա: Գնա՞ց: Գնա՞ց, երբ 2021թ. փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Չէ-չէ մի՝ գնաց… Հարբած, ուռած, ծակված կողմնակիցներին հավաքեց Հանրապետության հրապարակում ու ճղճղոցը դրեց, թե բա՝ տղերքը դիրքերից իջել են, որ հեղափոխությունը պաշտպանեն: Րոպեների հարց էր այդ օրը Նիկոլին քշելը… Հայրենիքի փրկության շարժումն ի զորու էր ոչնչացնել դավաճանների այս ողջ խունտան: Բայց մեջ ընկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՝ հեղաշրջումը վատ բան է, մեր մասին ի՞նչ կմտածի առաջադեմ մարդկությունը: Պետք չէր լսել առաջին նախագահին:

Պարզապես մի բան էլ կար՝ Օնիկ Գասպարյանը շատ լուրջ սխալ էր թույլ տվել: 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը պետք է տարածեր Նիկոլի ձեռուոտը կապելուց եւ լեզուն կտրելուց հետո: Իսկ նա հակառակն արեց՝ սկզբում հայտարարեց, թե գալիս եմ քեզ բռնեմ, ու այդպես էլ չեկավ:
Հետո բանակցություններ սկսվեցին Նիկոլի հետ՝ վերջինիս հեռանալու պայմանով: Դա այն օրերն էին, երբ Էդմոն Մարուքյանը «համոզված էր», որ ինքն է ամենահարմար թեկնածուն, որովհետեւ Նիկոլը վախենում է «Հայաստանի փրկության» շարժումից եւ միայն իրեն կզիջի իշխանությունը: Ու սկսվեց Էդմոնի վազվզոցը․ նախագահականից՝ կառավարություն, կառավարությունից՝ ԱԺ, ԱԺ-ից՝ նախագահական, նախագահականից՝ տարբեր դեսպանատներ: Արմեն Սարգսյանի հետ այնքան տարան ու բերին Նիկոլի հրաժարականի հարցը, մինչեւ հասանք մայիս, իսկ մայիսին Նիկոլը հայտարարեց, որ գնում է ԱԺ արտահերթ ընտրությունների: Էդմոնի էնտուզիազմը միանգամից կորավ: Նիկոլը բան էր խոստացել, երեւի, ու, հավանաբար, կարգադրել, որ արտահերթ ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» ձայներն իրեն տա: Ես ասե՞լ եմ, որ ԼՀԿ-ն այդ ընտրություններում գրեթե քարոզարշավ չի արել: Ասե՞լ եմ, թե՞ չեմ ասել: Ասե՞լ եմ, որ ընդդիմադիր Էդմոնը կուսակցությունը դրել է Նիկոլի տակ ու դրա դիմաց շուտով պաշտոն կստանա: Ասե՞լ եմ, որ այդ պաշտոնի համար Էդմոնը խառնեց Վանաձորի համայնքապետի ընտրությունների արդյունքները: Ասել եմ: Ասե՞լ եմ, որ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասդլանյանը բանտում է հայտնվել Էդմոնի «պասով»… Դա էլ եմ ասել:

«Չագուջով» ընտրությունների մասին երկար չխոսեմ: Ուղղակի հիշեցնեմ, որ Նիկոլի՝ վարչապետի պաշտոնում ընտրության մասնակցելը (դա նրա երկրորդ ընտրությունն էր՝ ձեւական հրաժարականով), պետական ռեսուրսն իշխող կուսակցության տակ դնելը, վարչապետի կորտեժով ընտրապայքար ծավալելը, բանտիկով չագուջ ճոճելը եւ «բռնելու ենք՝ շինենք» ոճի մեջ ելույթներ ունենալն արդեն իսկ վկայում էին, որ ոչ մի ընտրություն էլ չի լինելու: Մուկուչյանը՝ վկա: Ի դեպ՝ ո՞ւր է Տիգրան Մուկուչյանը: ՍԴ-ում այդ ընտրությունների արդյունքների վիճարկումից եւ բարձր դատարանում ակնհայտ կեղծ «ցուցմունքներ» տալուց հետո անհետացավ: Մուկուչյանն ո՞ւր է… Վե՞րջ… տուուուու, ու թռա՞վ՝ երկիրն ու ժողովրդին թողնելով կապիտուլյանտի ձեռքին գերի: Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Տիգրան Մուկուչյան, ՔՊ-շնիկներ՝ մեկ առ մեկ պատասխանատու եք 2021թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների կեղծման ու ժողովրդից նրա իշխանությունը խլելու համար: Ասե՞լ եմ ձեզ այս մասին: Ասել եմ: Ասե՞լ եմ, որ մունդռված ընտրություններից հետո էլ այս իշխանությունը շարունակելու է պարտվել ու կապիտուլացվել: Դա էլ եմ ասել:

Դե հիմա դուք ասեք՝ իմ ո՞ր ասածը չի իրականացել: Արմեն Սարգսյանը փախա՞վ՝ փախավ, Էդմոնը պաշտոն ստացա՞վ, ստացավ, Մուկուչյանը կորա՞վ՝ կորավ, բանակը նորոգվե՞ց՝ իհարկե՝ ոչ, տնտեսությունը վերականգնվե՞ց՝ իհարկե՝ ոչ, Պողոսը սկսե՞ց լավ ապրել՝ իհարկե՝ ոչ: Բայց ես էլ մարդ եմ, չէ՞, ինչքա՞ն կարող եմ ասել ու միայն ինքս լսել իմ ասածը:

ՀԳ. Ուշադիր նայեք ԱԺ-ի եւ կառավարության ՔՊ-շնիկների դեմքերին… Նրանց դեմքից երեւո՞ւմ է, որ մի օր կկանգնեն ու ադրբեջանական զորքը կվռնդեն Հայաստանի սուվերեն տարածքից: Նրանք իսկի Հայաստանի սահմանի տեղը չգիտեն: Արսենյան Գուգոն, Մելքոնյան Գագոն ու Քոչարյան Անդոն, Ալեքսանյան Վահագը, մնացած՝ չագուջ ու նավակ ճոճողները ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են, դուք նրանց կողքին ձեզ ձեր երկրի տերն զգո՞ւմ եք, հավատո՞ւմ եք, որ հերթական ՔՊ-շնիկ քաղաքապետը մետրոյի կայարան է բացելու, դուք Թումանյանի արձանի շուրջ պատվո պահակախումբ տեսնելուց հետո որեւէ բանի տակավին հավատո՞ւմ եք:

Արցախյան շարժման 35-ամյակն ենք հիշել: Ուղերձներ, ոգեկոչում, նոր հաղթանակներ… Էս ինչի՞ մասին եք երազում: Հաղթանակները 100 տարին մեկ էլ չեն լինում, իսկ խայտառակ կապիտուլյացիայից անցել է ընդամենը 2 տարի, ու 98 տարի էլ դեռ կա, մինչեւ կարողանանք ուշքի գալ: Հաշվե՞լ եք, թե դա ձեր որերորդ սերնդի ուսերին եք թողել: Վերջում մի բան էլ ասեմ՝ թե Նիկոլը մնաց, մենք այդ սերունդն էլ չենք ունենալու: