Պատասխանատուն

Պատասխանատուն

Պուտինն ասել է՝ Փաշինյանը դավաճան չէ… Ուռա, ընկերներ, հետ բերեք Փաշինյանին, նա դավաճան չէ: Ինչպիսի բարեբախտություն, Հայաստանի վարչապետը դավաճան չէ: Կարող էր, չէ՞, դավաճան լինել: Ու քանի որ Պուտինն ասել է՝ դավաճան չէ, արդեն իսկ լավ է: Իսկ ոչի՞նչ, որ Պուտինը նաեւ ասել է, որ, ի զարմանս իրեն, Փաշինյանը մերժել է Շուշին պահելու եւ Արցախի փախստականներին այնտեղ տեղավորելու առաջարկը, որին, ի դեպ, Ադրբեջանն արդեն համաձայնել էր: Նույն Պուտինն է ասել: Իսկ կարո՞ղ է որեւէ մեկը բացատրել Շուշին Ադրբեջանին հանձնելու, ավելի ստույգ՝ Շուշիից հրաժարվելու Փաշինյանի քայլը, եթե Փաշինյանը՝ ինքը, չի կարողանում դա անել՝ դժգույն, դժբախտ, մոլախոտ…

Ռուս լրագրողը ռմբակոծվող Շուշիից հաղորդում էր՝ զարմանալի է, բայց Շուշիում կանոնավոր զորք չկա, քաղաքը մնացել է կամավորների ու աշխարհազորի հույսին: Դրանք մի քանի առանձին փոքր խմբեր են, որոնք կռվում են քաջությամբ, բայց ոչինչ անել չեն կարողանում ադրբեջանական բանակի կանոնավոր ուժերի դեմ: «Եղել եմ Ստեփանակերտում, որպեսզի հասկանամ՝ ինչ է կատարվում: Այնտեղ ասացին, որ տեխնիկա կհասցնեն: Երեք զրահամեքենայով, որոնցից վերջինի մեջ էի նաեւ ես, վերադառնում էինք Շուշի: Ընդառաջ եկող մեկ այլ մեքենա ոլորանի մոտ կանգնեցրեց մեր շարասյունը, իսկ նրա միջից դուրս եկած զինվորականը հորդորեց չգնալ, այլեւս վտանգավոր է: Բայց մենք շարունակեցինք ճանապարհը: Առաջին երկու զրահամեքենաները, կեռմանն անցնելուն պես, ռմբակոծվեցին, եւ մենք, որ այդ պահին գտնվում էինք ժայռաբեկորի հակառակ կողմում, ստիպված էինք շրջադարձ կատարել եւ իջնել Ստեփանակերտ»: Չեմ ուզում հավատալ այս լրագրողի ասածներին, բայց Շուշիից հրաժարվելու Փաշինյանի քայլն ստիպում է ինձ մտածել, որ Շուշին Ալիեւին ենք հանձնել մի դավադրության արդյունքում, որին, որպես գերագույն գլխավոր հրամանատար, չէր կարող տեղյակ չլինել Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք իմաստով եւ նշանակությամբ միմյանցից շատ տարբեր են «դավ» եւ «դավաճան» բառերը:
Ռազ որ Պուտինն ասում է՝ Նիկոլը դավաճան չէ, ուրեմն Նիկոլը կարող է աշխուժանալ եւ ճանապարհային քարտեզ հրապարակել, որ կարելի է այսպես վերնագրել. «Ես դավաճան չեմ, բայց ես թիվ մեկ պատասխանատուն եմ էս ամեն ինչի»:

Փաստորեն, մեր բակում էլ կարող է հարսանիք լինել: Ահավասիկ, մեր մեջ մի պատասխանատու հայտնվեց, որ ասում է՝ ինձ վրա դրեք այդ բեռը, ես կտանեմ, ես ոչ մի տեղ չեմ գնա եւ երկիրը կհանեմ այս ծանր իրավիճակից: Բայց սպասեք, սա ի՞նչ բան է, ինչո՞ւ սիրելի սեղանակիցներս չեն ծափահարում, նվագողնե՛ր, մի հատ տուշ՝ պատասխանատուի պատվին… «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, եկել է ժամանակը՝ խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին…»: Բայց սեղանակիցներս համառորեն չեն ծափահարում: Արա, այ սիրելի ժողովուրդ, այ սիրելի հայրենակիցներ, հապա ձեր ականջները լայն բացեք, տեսեք ինչեր է անելու մեր պատասխանատուն: Բա դուք այնքան հայրենասիրություն չունե՞ք, որ գոնե ծափ տաք… Քարտեզ է ներկայացրել, է՞, ճանապարհային քարտեզ…

- Ճանապարհային քարտեզ չի, ստի տոպրակ է…

Սա արդեն չափազանց էր, եւ ես չդիմացա:

- Ո՞վ ասաց, այդ ո՞վ համարձակվեց ասել «ստի տոպրակ», դուրս տարեք դրան, փռեք ասֆալտին … Ինչպե՞ս կարելի է այս ծանր իրավիճակում նման գնահատական տալ պատասխանատուի քարտեզին: Ի՞նչ անենք, որ ժամանակին տապալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ընթացող բանակցությունները: «Զա տո» մարդը հիմա խոսում է այդ ձեւաչափը վերականգնելու մասին: Մի քիչ անհասկանալի է, թե առանց արցախցու մանդատի ինքն ինչ է անելու այդ ձեւաչափում, բայց մի զբաղմունք կգտնի, էլի: Խնդրեմ, նույնիսկ առաջնահերթություններն է նախանշել՝ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»: Ինչպիսի խոսքեր…

- Տո դո՞ւ ով ես, է, եկել գլխներիս վարժապետություն ես անում, ռադ արա էդ ստի տոպրակը, թող մեր լեղի հացն ուտենք գոնե… 2.5 տարի ոչինչ չի արել քո այդ պատասխանատուն, հիմա՞ պետք է անի: Նա ընդունա՞կ է որեւէ արցախցու աչքերի մեջ նայել, որ մի բան էլ ապահովի նրա վերադարձը հայրենի օջախ: Իր առանձնատնից բացի մի հատ գոմ նորոգե՞լ է, որ հիմա ասում է՝ տներ ու ենթակառուցվածքներ եմ վերականգնելու: Էդ ո՞ւմ հետույքով է խոստանում լուծել զոհվածների ընտանիքների ու հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական խնդիրները: Կորոնավիրուսի հաղթահարո՞ւմ, լո՞ւրջ: Ստախոս են քո այդ պատասխանատուն ու նրա առողջապահության համակարգը: Թող գնան իրենց համար հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգ ստեղծեն եւ ոչ թե պատերազմի աչքերի մեջ ուղիղ նայող ժողովրդի: Սփյուռք-Հայաստան… Լոլո է դրանց ամեն մի խոսքը, դատարկ կրակոց: Ում պատմես՝ չի հավատա. պատասխանատուն ասում է՝ 6 ամսում տնտեսական միջավայրը վերականգնեմ: Վայ քու, արա, «անբան Հուռին» էսա հոնդուրասյան հրաշք է գործելու: Հա, հա, մասնագիտացված դատավորների ինստիտուտ է ներդնելու՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ, եւ սկսելու է ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց: Սենց որ գնա՝ աներձագի դաչան էլ կխլի, որովհետեւ այն հաստատ ձեռք է բերվել ապօրինի: Կխլի՞: Չէ: Դե ուրեմն հերիք է գլխներիս ավետարան կարդա: Կամ՝ էն, որ ասում է՝ հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաներ կանցկացնեմ: Թուրքը կասեր՝ Նիկո՞լ, էս «զադնի գեդեր սա՞ն»: Ո՞վ է տեսել՝ սպիտակը սեւի հետ կոնսուլտացիա անցկացնի, ո՞վ է տեսել՝ «իզմեր» չունեցող, սեփական քայլերի հետեւանքների մասին չմտածող եւ իր այդ «բարեմասնություններով» հպարտացող «պատասխանատուի» հետ կոնսուլտացիաներ անեն, էն էլ՝ թեմատիկ:

- Բայց չէ՞ որ մեր պատասխանատուն պատրաստ է փոխել իր կառավարության 80 տոկոսը, բերել արհեստավարժ մինիստրների…
- Եվ ովքե՞ր են այդ 80 տոկոս թափոնները, ինչո՞ւ մեկի անունը չի տալիս: Սա ի՞նչ ճանապարհային քարտեզ է, որով ոչ ոք չի դատվելու՝ սկսած թիվ 1 պատասխանատուից: Ում գործից հանեց՝ գործ է տալու իր դեմ: Ամեն անգամ մի նոր սկանդալի մեջ ենք ընկնելու: Ղժժոց, տժժոց, վժժոց… հոգնել ենք արդեն: Պետք չեն մեզ այս զիջումները եւ նրա նոր մինիստրները, որոնք գալու են ոչ թե աշխատելու, այլ համակարգային ստախոսությունը սպասարկելու:
- Հիմա ձեր ասածն ի՞նչ է, այ ժողովուրդ, պատասխանատու չե՞ք ուզում:
- Պատասխանատու ուզում ենք, բայց «ճլկուտի մարյակ» եւ «գյոլումը տռան» առաջնորդ չենք ուզում, որին, եթե Պուտինը չասեր, մենք «սխալմամբ» դավաճան էինք համարելու:
- Բա հիմա ի՞նչ անենք:
- Լրագրողը դու ես, մե՞զ ես հարցնում՝ ինչ անենք: Դու չէի՞ր, որ Լեւոնի մասին գրեցիր՝ «Մոքորը դուրս տանենք»: Հիմա էլ Նիկոլի մասին գրի՝ «Հոքորը դուրս տանենք»: «Հոքորը» կարող է դիմադրել, քացի տալ, կծել, բայց նրան պետք է «դուրս տանել»: Չե՞ս հասկանում…