ԱՄՆ պետդեպը նշեց ԼՂ կարգավորման կարմիր գծերը

ԱՄՆ պետդեպը նշեց ԼՂ կարգավորման կարմիր գծերը

Նոյեմբերի 9-ի հայտարարության ապագան էր երեկ քննարկվում Մոսկվայում` Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից ժամանած դիվանագիտական պատվիրակությունների հետ: Անցյալ շաբաթավերջից Մոսկվայում էին Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը եւ Ստեֆան Վիսկոնտին: Բայց նրանց բանակցությունները կողմերին ընդհանուր հայտարարի չհանգեցրին, քանի որ հնարավոր չէ հասկանալ, թե Մինսկի խմբի բանակցությունների առարկա կարգավորումներն ինչ գործ ունեն ՌԴ-ի միջնորդած հրադադարի մասին հայտարարությունում: Ռուսական կողմը որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տալիս այդ հարցադրումներին, ինչի արդյունքում էլ երկուշաբթի օրը Փարիզում կայացած Պոմպեո-Լը Դրիան հանդիպումից հետո հայտարարվեց, որ Մոսկվայից սպասում են պարզաբանումների: 

Ռուս-թուրքական տափաստանային մտածողությունը, թե իրենք կարող են տեղում հարց կարգավորել` շրջանցելով միջազգային նորմերն ու իրավասու կառույցներին, արժանի է համարժեք հակահարվածի, որի իրականացման պայմանն ու երաշխիքը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի սկզբունքայնությունն ու հետեւողականությունն են: Եթե պատերազմով կարելի է հարց լուծել, ապա հայերը 30 տարի առաջ էին այդ հարցը լուծել: Ուստի Ադրբեջանի արձանագրած արդյունքը առավել եւս չպետք է լուծում բերի: Սա այն տեսակետն է, որ առկա է ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում (բացառությամբ Թուրքիայի), եւ Մայք Պոմպեոյի նոյեմբերի 17-ի հայտարարությունը դրա ձեւակերպումն էր: Հենց վերնագրում Պետդեպը ողջունել է բախումների դադարեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնուհետ ամբողջ տեքստում անգամ չի հիշատակվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Նման անտեսումը նշանակում է, որ ԱՄՆ-ն այդ հայտարարությունը չի ճանաչում եւ դրա մեջ չի տեսնում ոչինչ՝ բացի հրադադարի հաստատումից: 

Այնուհետ, բացարձակ անտեսելով Էրդողան-Պուտին տանդեմի հաշվարկները, ռուս-թուրքական սիրախաղերը, ԱՄՆ-ն հստակ հայտարարել էր, որ բախումների ավարտն առաջին քայլն է ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման ճանապարհին, որը պետք է ընթանա բացառապես Մինսկի խմբի հովանու ներքո եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասարության ու ազատ ինքնորոշման հիման վրա: ԱՄՆ-ն հստակ հայտարարում է, որ ուժով փոխված իրողությունները ԼՂՀ խնդրի կարգավորման համար նշանակություն չունեն՝ այդպիսով նշելով ԼՂ խնդրի կարգավորման կարմիր գծերը, որ ռուս-թուրքական տանդեմը փորձել է անցնել:
ԱՄՆ-ն, իհարկե, բավարար ուժ եւ լծակներ ունի ոչ միայն Հայաստանին կամ Ադրբեջանին, այլեւ Ռուսաստանին ու Թուրքիային ինքնագործունեությունից ետ կանգնեցնելու եւ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ ուղեծիր վերադարձնելու համար: Դրա համար գուցե նաեւ անհրաժեշտ է, որ հաստատվի ԵԱՀԿ-ի նույնպիսի ներկայություն հակամարտության գոտում, ինչպես Ռուսաստանն է հաստատել: ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություն` ռուսականի հետ համատեղ: Պետդեպի հայտարարության տեքստում ուշագրավ է ռուս խաղաղապահներին չհիշատակելը, ինչը նշանակում է, որ խաղաղապահ առաքելության հարցն ԱՄՆ-ի համար մնում է բաց: Գուցե ԱՄՆ-ն կաշխատի ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի հրավերով, այլ ՄԱԿ ԱԽ-ում ԼՂ խաղաղապահ առաքելություն ուղարկելու մանդատ հաստատել, ինչի հիմքեր Ադրբեջանը եւ Թուրքիան ստեղծել են ԼՂՀ-ի դեմ սանձազերծած վայրագ ագրեսիայով: 

Ամեն դեպքում պարզ է, որ խնդրի քաղաքական լուծման համար անհրաժեշտ է հրադադարի կայուն իրավիճակ` առանց նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության: Տեսնենք, թե Մոսկվայում ընթացող բանակցություններն այդ առումով ինչ կտան: Պետդեպի եւ Ֆրանսիայի հայտարարությունները լավատեսության հիմք տալիս են: