Քանդման եւ ապամոնտաժման բում՝ Երեւանում․ ինչ է պատմում նախկին փոխթաղապետը

Քանդման եւ ապամոնտաժման բում՝ Երեւանում․ ինչ է պատմում նախկին փոխթաղապետը

Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Այս մասին ավագանու նախորդ նիստին  հայտարարել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որից հետո մի քանի օր է, ինչ գիշերուզօր քանդման աշխատաքներ են տարվում։

Աջափնյակի նախկին փոխթաղապետ եւ համայնքի բնակիչ Արամ Մանուկյանը մեկնաբանում է տեղի ունեցող պրոցեսները։ Նա մեզ հետ զրույցում նշեց․ «Նախ ասեմ, որ զարմացա՝ բանդայի մասին լսելով։ Պետության մեջ չի կարող բանդա գործել, եթե կա օրենք, իրավապահ համակարգ, երկրորդը՝ ինչքանով ես եմ լրացուցիչ տեղյակ, ոչ միայն Աջափնյակում, այլ նաեւ ամբողջ Երեւանում կառուցապատումներ են եղել, քանակն իսկապես մեծ է։ Դա էլ գալիս է օրենքի բացերից, ուշադրության պակասից էլ։ Եթե շաբաթ գիշերը կամ կիրակի առավոտ, երբ պատկան մարմինները չեն աշխատում, կառուցում են փոքր չափսի կրպակներ, ապա ի՞նչ անեն։ Հետո դիմում են դատարան, դիմում են օրինականացման։ Ինչքանով ես տեսա՝ դրանք հին բաներ չէին, ինձ թվում՝ օգտվեցին խառը քաղաքական իրավիճակից»։

Մեր զրուցակցի խոսքով՝ թաղապետարանը քիչ քանակությամբ աշխատուժ ունի, չեն հասցնում հետեւել, շրջայցեր կատարել․ «Աջափնյակ վարչական շրջանը շատ մեծ է եւ աշխատողների խնդիր կա։ Եթե մի բանը կառուցվում է շաբաթ-կիրակի օրերին․․․ չեմ կարծում՝ տեղյակ լինեին, եւ թույլ տային, եթե այդպես լինի, կլինի հանցավոր լռություն։ Օրենքն էլ բաց ունի, կառուցում են, վերջացնում են, նոր միայն թղթերը ուղարկում են օրինականացման, եթե խնդիր է լինում, ուղղարկում են դատարան։ Այստեղ պետք է ուղղակի հասկանալ՝ ինչն է խնդիրը, որ այսքան շատ է, ես իրոք չէի պատկերացնում այդ քանակի։

Նշենք, որ Մարությանը նաեւ հայտնել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։