Միտումո՞վ, թե՞ անմիտ

Միտումո՞վ, թե՞ անմիտ

Մարդիկ տարակուսում են՝ երկիրն այսքան լուրջ խնդիրների առաջ է կանգնած, գրեթե ամեն օր մի բանախոսի շուրթերով իշխանությունը պատերազմ է գուժում, հողեր հանձնելու, սահմանազատման, ռուսներին հեռացնելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին են խոսում, բայց «ձեռի հետ էլ» տուգանքներ ու հարկեր են բարձրացնում, աշխարհացունց ծրագրեր սկսում՝ հանրային տարբեր խավերի ցնցակաթվածի հասցնելով։ Եթե դու արտաքին քաղաքական լուրջ խնդիրներ ունես, բնականաբար, պետք է հանրային մեծ աջակցության կարիք ունենաս։ Այսպես ասած՝ թիկունքդ պնդացնես, որ այդ ծանր խնդիրները լուծելիս մարդիկ չընդվզեն։ Դա նշանակում է՝ ոչ միայն պետք է ամեն ինչ անես, որ հանրային համերաշխություն հաստատվի քո երկրում, այլեւ հնարավորինս քիչ լինեն դժգոհները։ Ի՞նչ իմաստ ունի Տավուշից տարածքներ հանձնելուն զուգահեռ էլեկտրոնային դեղատոմսերի կարգ մտցնելը կամ ակադեմիական քաղաք ստեղծելու եւ մեծ թվով բուհեր միավորելու-փակելու մասին թեման շրջանառության մեջ դնելը։

Ինչո՞ւ ես հանրությանն էլ ավելի տրամադրում քո դեմ՝ Կոնսերվատորիան փակելու, տրանսպորտի գինը բարձրացնելու ոչ մի հրատապություն չպահանջող թեմաներն ասպարեզ բերելով։ Կա՛մ իսկապես անմեղսունակների իշխանության հետ գործ ունենք, որի կազմում գեթ մեկ խելացի մարդ չկա, որն ասի՝ աղմկոտ որոշումները կայացնում են հերթով, որոշակի ինտերվալ պահելով, կա՛մ սրանց թվում է, թե այս աղմուկի մեջ կկարողանան ինչ ասես սղղացնել, եւ քաոսը ձեռնտու է իրենց։ Ասենք՝ հողերը կտան, բայց Կոնսերվատորիան չեն փակի, եւ մարդիկ բավարարված կլռեն։ Կամ՝ տրանսպորտը կթանկացնեն, եւ շարքային մարդը, որի համար հազար դրամն էլ փող է, կմոռանա հանձնված հողերի մասին։ Բայց հասարակությանը չի կարելի թերագնահատել՝ նա ամեն ինչ տեսնում է ու գիտակցում։