Ա´յ քեզ հերքելով հաստատել

Ա´յ քեզ հերքելով հաստատել

Ապրիլի 5-ը, Ադրբեջանի իշխանությանը պատած հոգեկան խանգարման ու հիստերիայի արդյունքում, դարձավ համարյա միջազգային նշանակության իրադարձային ամսաթիվ։ Ադրբեջանից այնքան դատարկ աղմկեցին հնարավոր բոլոր տեղեկատվական հարթակներում, որ կողքից դիտողին կթվա, թե, դիցուք, ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսել էր ժամանել ոչ թե ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակի միջոցառումների կապակցությամբ, այլ հատկապես ֆոն դեր Լեյենի եւ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման համար։ 

Ադրբեջանում երկու շաբաթ է՝ պատեպատ են զարնվում, գլուխկոնծի են տալիս, չգիտես էլ ինչ ակրոբատիկա են ցուցադրում, ինչ է թե տեղեկացել են, որ ապրիլի 5-ի եռակողմ բրյուսելյան հանդիպմանը Հայաստանին տրվող «անվտանգային երաշխիքներն» են քննարկվելու կամ համաձայնեցվելու։ Թե իրենց դա ինչով է առնչվում, բացարձակապես չի հասկացվում։ Բաքվում ի՞նչ գործ ունեն Հայաստանի հետ կամ Հայաստանի անվտանգության հետ, կամ այդ անվտանգության երաշխիքների հետ։ Բաքվում թող մտածեն 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում օկուպացրած Ֆիզուլի-Ջեբրաիլ-Զանգելանում իրենց տեղադրած եւ Իրանի դեմ ուղղված իսրայելյան ռազմական եւ լրտեսական տեխնիկայի մասին։ Իրանում եթե նվազագույն արժանապատվություն ունենան, ապա Դամասկոսում իրանական հյուպատոսության ավերման եւ իրանցի գեներալների սպանությանն ի պատասխան Zionist Entity-ին հարվածներով սպառնալուց առաջ, հետո կամ զուգահեռ, Թեհրանում Ադրբեջանի տարածքն իսրայելական զինտեխնիկայից մաքրելու եւ վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ կմտածեն։ Այնպես որ, Ադրբեջանում մինչեւ կոկորդը ծածկված են սեփական անվտանգային խնդիրներով եւ դրանցով էլ թող զբաղվեն։

Սակայն՝ ոչ։ Այդ երկրում զանգվածային հոգեխանգարմունքի մեջ են, մանավանդ Յանս Ստոլտենբերգի այցի, երեկ էլ Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգի ընթացքում Իլհամ Ալիեւի ականջները ոլորելուց եւ նախազգուշացնելուց հետո, որ Բաքուն չհամարձակվի սահմանային սադրանքների դիմել։ Բոլորն էլ գիտակցում են, որ Ալիեւը կարող է սադրանքների դիմել ե՛ւ ինքնաբուխ, ե՛ւ Մոսկվայի կողմից քսի տրվելով։ Երկու դեպքում էլ, սակայն, պատասխանատուն ինքն է լինելու, ինչի համար էլ իրեն զգուշացնում են։ Բաքվի ռեակցիան նյարդային հայտարարություններ են, որ տարածում են ոչ միայն իրենց պետական մարմինները, այլեւ՝ լրագրողները։ Վերջիններս, պարզվում է, նաեւ հարցեր են ուղարկել EEAS, ըստ էության՝ ԵՄ ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանին տրվող «անվտանգության երաշխիքների» վրա։

EEAS-ում որոշել են հարցին պատասխանել, պատասխանել է EEAS-ի արտաքին եւ անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն եւ ինչ է ասել։ Նախ ասել է, ոչ ճիշտ չէ, թե ապրիլի 5-ի ԵՄ-ԱՄՆ-ՀՀ եռակողմ հանդիպումը կենտրոնանալու է «անվտանգային երաշխիքների» վրա։ Ասել է, որ հանդիպմանը ԵՄ-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից դուրս այլ հարցեր չեն քննարկվելու, ինչը նշանակում է, որ ո՛չ ընթացող խաղաղության բանակցությունները, ո՛չ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները քննության չեն առնվի։ 

Այնուհետեւ Ստանոն շարունակել է․ “A strictly bilateral focus will be on the economic resilience of Armenia and bilateral cooperation with this country, based on the Comprehensive and Enhanced Partnership between the EU and Armenia and in the context of the recently launched work on a new EU-Armenia Partnership agenda”։ Թարգմանաբար․ «Խստիվ երկկողմ հարաբերությունների շրջանակում ուշադրությունը կենտրոնացվելու է Հայաստանի տնտեսական ճկունության եւ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության վրա հենվող երկկողմ հարաբերությունների վրա՝ վերջերս մեկնարկած ԵՄ-ՀՀ նոր գործընկերության համատեքստում»։ 

Իսկ ի՞նչ է նշանակում «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության վրա հենվող երկկողմ հարաբերություններ»։ Նշանակում է, օրինակ, այն, ինչ գրված է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հենց 2-րդ գլխի վերնագրում․ «Արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի համագործակցություն։ Անվտանգային ոլորտի համագործակցություն»։ Ստանոն արտաքուստ հերքելով, փաստացի հաստատել է, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ-ի միջեւ հենց անվտանգային համագործակցությունն էլ կարող է քննարկվել։