Արդյոք էրդողանական դարաշրջանը մոտենո՞ւմ է իր մայրամուտին

Արդյոք էրդողանական դարաշրջանը մոտենո՞ւմ է իր մայրամուտին

Մարտի 31-ին, ինչպես հայտնի է, Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Թեեւ ընտրությունները, ինչպես արդեն նշեցինք, ֆորմալ իմաստով մունիցիպալ էին, սակայն դրանք ավելին կարելի է համարել, քան լոկ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները։ Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ արդյունքներ գրանցվեցին, այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ դրանցում գործող վարչակարգը պարտվեց, ապա կարելի է ասել, որ այդ ընտրություններն ավելի շատ պետք է դիտարկել որպես Թուրքիայի ապագան կանխորոշող ընտրություններ։

Ուշագրավ է, որ պառլամենտական ընտրություններից մոտ մեկ տարի, ավելի կոնկրետ՝ 10 ամիս անց տեղի ունեցած ընտրություններում նման արդյունք գրանցվեց՝ դառնալով ինդիկատորն այն բանի, թե թուրք ժողովուրդը որքանով է վստահում գործող իշխանություններին եւ նախագահ Էրդողանին։ Ինչպես դիպուկ նկատել է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, Էրդողանն այս քննությունը հանձնել չկարողացավ, եւ թուրքական երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում, այսպես ասած, իշխանափոխություն եղավ, եւ ընդդիմադիրներն ընտրվեցին քաղաքագլուխներ։

Էրդողանն արդեն իսկ ընդունել է իր կուսակցության պարտությունն ու հայտարարել, որ պետք է լրջորեն աշխատել սխալների վրա։ Շատերն են այսօր հայտարարում, որ էրդողանական դարաշրջանը մոտենում է մայրամուտին։ Սակայն, ըստ Մարկեդոնովի, դեռեւս վաղ է նման բան պնդելը, քանի որ Էրդողանը 2003 թվականից ի վեր, ինչ թուրքական պետության ղեկին է, շատ փոթորիկների միջով է անցել՝ սկսած իր վարչապետության շրջանից՝ լինեն դրանք ընտրական, թե բողոքի ցույցերի տեսքով, կամ սոցիալ-տնտեսական ու բնական աղետների բնույթի։ Թեեւ հանուն անկեղծության պետք է նաեւ ասել, որ ինֆլյացիան վերջին տարիներին Էրդողանի վարչակարգի համար դարձել է իսկական փորձաքար, այն դեպքում, երբ իր իշխանության սկզբում նա հենց դրանով էր հպարտանում, որ կարողանում էր առաջ մղել թուրքական ազգային տնտեսությունը։ Մարտի 31-ի ընտրությունները, ըստ Մարկեդոնովի, նաեւ որոշակիորեն միջազգային չափորոշիչ ունեցող ընտրություններ պետք է համարել, քանի որ ներկայում Թուրքիան տարատեսակ աշխարհաքաղաքական խաղերի մեջ է ներքաշված՝ լինի դա Կովկասում, Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում թե աֆրիկյան մայրցամաքում։ Էրդողանն իր գործունեության գոնե վերջին տարիներին աչքի է ընկել որպես քաղաքական գործիչ, ով փորձում է իր երկիրը դուրս բերել միջազգային հարաբերությունների առաջին դիվիզիոն, եւ հիմա, կախված այն հանգամանքից, թե ընտրություններից հետո արդյոք Էրդողանի դարաշրջանը կհասնի իր մայրամուտին, դրանից կախված կլինի նաեւ Էրդողանի աշխարհաքաղաքական պլանների ապագան։ Սա հատկապես կարեւորվում է, եթե հաշվի առնենք, որ նրա ընդդիմադիրներն աշխարհաքաղաքական առումով ավելի համեստ դիրքորոշման կողմնակից են եւ այնքան էլ չեն կիսում նրա մեծապետական նկրտումները։