Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի

Ակադեմիական քաղաքի շրջանակներում միավորվող եւ խոշորացվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկում մեծ թիվ են կազմում նաեւ ԳԱԱ համակարգում գործող տարբեր գիտական կառույցներն ու կազմակերպությունները:

ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկոս, աստղագետ Արեգ Միքայելյանն ասում է` ինքն էլ, շատերի պես, ունի այն մտավախությունը, որ սրանով ոչ թե կբարելավվեն, այլ կխարխլվեն գիտության հիմքերը: «Որովհետեւ շատ դեպքերում, երբ դրանք միացնում են բուհերին, գիտական հիմնարկների դերը դառնում է երկրորդական, եւ այդ գիտական հիմնարկները դառնալու են այդ բուհերի ներսում փոքրիկ ստորաբաժանումներ: Հենց միայն դա բերելու է նրան, որ գիտական հիմնարկների դերն ընկնի»,- ասում է նա:

Բացի այդ, ըստ Ա. Միքայելյանի, լուրջ գիտահետազոտական ինստիտուտներն առանձնապես առնչություն չունեն բուհերի հետ. «Այսօր բուհերն ավելի շատ պատրաստում են կադրեր, որոնք գիտության հետ ոչ մի կապ չունեն, օրինակ՝ իրավաբանները, տնտեսագետները, լեզվի մասնագետները, որոնցից ոչ մեկը, ի դեպ, չի գնում գիտություն, այլ ուղղակի անգլերեն են սովորում եւ գնում, ինչ-որ գրասենյակում աշխատում եւ ոչ թե լեզվի հետազոտողներ են դառնում: Այսինքն՝ դա գիտության հետ կապ չունի, իրականում գիտության հետ առնչվողներն այնքան քիչ են ու վերջին տարիներին գնալով ավելի են պակասում: Դրա համար գիտական հիմնարկներն իրենց մի քիչ ավելի պաշտպանված էին զգում, երբ կային այդ գիտահետազոտական կենտրոնները, հիմա դրանց դերն էլ է ընկնելու: Էլ չեմ ասում, որ նախատեսվածով, զգացվում է, որ լուրջ կրճատումներ են լինելու, այսինքն՝ մեր այսօրվա ունեցած գիտական համակարգից գուցե մնա 2/3-ն այս փուլում կամ էլ ավելի կկրճատվի` թե՛ մարդկանց, թե՛ ինստիտուտների քանակով: Դրա համար այս տենդենցը բացասական է ինձ համար»:

«60 բուհ՝ նշանակում է 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000-ին մոտ դեկանի տեղակալ»,- նախօրեին ասել էր Ն. Փաշինյանը, ում բնորոշմամբ՝ սա եթե ոչ կարմիր, գոնե դեղին նշան պետք է լինի մեզ համար: Ա. Միքայելյանն ինչ-որ առումով համաձայն է Փաշինյանի այս մտքի հետ, որովհետեւ վերջին 20-30 տարում իրարից անկախ, առանց որեւէ միասնական ծրագրի, ստեղծվեցին մասնավոր բուհեր։ «Ով ուզեց՝ բուհ բացեց Հայաստանում, բայց գիտահետազոտական ինստիտուտները տասնամյակներով ձեւավորված, լուրջ ավանդույթներ ունեցող, գիտական արդյունքներ ցույց տված հիմնարկներ են: Այսինքն՝ ո՛չ պետք է համեմատել, ո՛չ էլ նույն հարթության մեջ դնել դրանք: Այդ ոչ պետական բուհերը, որոնք ստեղծվեցին, մի քիչ ընդհանուր պատկերը գցում են եւ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ մեծ քանակ է ստեղծվել, որն առանձնապես օգտակար չէ: Նորից եմ ասում, որ բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միասին դիտարկել չի կարելի, մինչեւ չլինի այդ ուղիղ կապը: Իսկ մեզ մոտ շատ թույլ է կապը, ես հաշվարկ ունեմ արած, ըստ որի՝ շրջանավարտների միայն 6 տոկոսն է հետո գիտության հետ կապ ունենում: Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ շրջանավարտների ընդամենը 6 տոկոսը, որը շատ չնչին տոկոս է, եւ, ըստ դրա, չի կարելի ասել, որ մեր բուհերի ու գիտության միջեւ կապ կա: Հիմա ուզում են ինչ-որ կապ ստեղծել, բայց դա արհեստական կապ է»,- ասում է զրուցակիցս ու ընդգծում, որ այդ խոշորացման արդյունքում լուսանցքում են հայտնվելու գիտական կազմակերպությունները, որովհետեւ բուհերի մասշտաբներն ավելի մեծ են, ըստ այդմ` գիտական հիմնարկներն են միացնելու բուհինն, եւ այդ միացյալ կառույցի ղեկավարն էլ շարունակելու է լինել ռեկտորը:

Ինչպես նկատում է Ա. Միքայելյանը, այդպիսի դառը փորձ մի տասը տարի առաջ վրացիներն ունեցան. «Ի դեպ, մեր ղեկավարությունը դա տեսել եւ հասկացել է, դեռ ամիսներ առաջ ԱԺ-ում քննարկում էր գիտության օրենքի շուրջ, որտեղ ներկա էին ե՛ւ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ Մխիթար Հայրապետյանը, բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղված են այս ռեֆորմով, իրենք իրենց բերանով հայտարարեցին, որ մեզ վրացիներն ասացին` հանկարծ մեր սխալը թույլ չտաք, բայց անցավ մի որոշ ժամանակ, կարծես մոռացան դա եւ նորից նույն բանն են անում, այսինքն՝ կրկնում են վրացիների սխալը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է նորից այդ ճանապարհն ընտրվել, ոչ մի վստահություն չունեմ, որ այս հարցում լուրջ վերլուծություն է արվել»:

Այդ միավորումով, ըստ Միքայելյանի, մեր կառավարությունն ուզում է գիտական կառույցների գիտական արդյունքի հաշվին համալսարանների ռեյտինգը բարձրացնել միջազգային հարթակներում: Այն, որ իշխանությունը պլանավորում է մինչեւ 2030-ն աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում 5 բուհ ունենալ, Արեգ Միքայելյանի մոտ ծիծաղ է առաջացնում. «Դա շատ երկնագույն երազանք է, եւ մենք այնքան հեռու ենք դրանից, նույնիսկ հազարյակի մեջ Ռուսաստանից 2 բուհ կա, այն էլ՝ 300-քանիերորդ տեղը, ուր մնաց Հայաստանի բուհերը, ինչ-որ հրաշք պետք է տեղի ունենա, որ 5 բուհ հայտնվի 500-յակում»:

Կկառուցվի այդ ակադեմիական քաղաքը թե ոչ` հարց է, որը, ըստ նրա, մեծ մտավախությունների տեղիք է տալիս, որովհետեւ ահռելի ֆինանսների հետ է կապված: «Համեմատեք, Խորհրդային Միությունը՝ իր մեծ հնարավորություններով, 70 տարում այն, ինչ կառուցել է, հիմա իրենք ուզում են մի քանի տարում դրան համարժեք մի բան կառուցել, դեռ ավելին, որովհետեւ ենթակառուցվածքներն էլ են ուզում կառուցել` դպրոց, մանկապարտեզ, խանութներ։ Այսինքն՝ ավելի շատ բան են ուզում անել, քան Խորհրդային Միությունն իր հսկայական ռեսուրսներով արեց այդ 70 տարիների ընթացքում։ Դա մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, եւ չգիտեմ՝ այդ ռեսուրսները որտեղից են հայտնվելու, եւ այդ գաղափարը քանի տարում է իրականանալու: Հետո՝ հայտնի բան է․ եթե մի շենք են կառուցում ու խոստանում են 2-3 տարում ավարտել, արդյունքում դա տեւում է 4-5 կամ նույնիսկ 10 տարի: Ամեն ինչն է այսպես, ուր մնաց թե հսկայական ակադեմիական քաղաքը, որի կառուցումը կարող է տեւել ոչ թե 5 տարի, այլ ձգձգվել 20 տարի: Այսինքն՝ եթե նույնիսկ ամեն ինչը դրական դիտարկենք, կարող է պարզապես չկարողանան դա ժամանակին իրականացնել: Ամեն դեպքում, բոլոր կողմերից` դեմ եւ կողմ գործոնները մանրամասն պետք է դիտարկվեն, եւ հասկացվի` ինչ ենք շահում եւ ինչ ենք կորցնում սրա արդյունքում, որից հետո վերջնական եզրակացության գալ»: