Սա ոչ թե Կապառոսի պարտությունն էր, այլ ֆուտբոլի ֆեդերացիայի

Սա ոչ թե Կապառոսի պարտությունն էր, այլ ֆուտբոլի ֆեդերացիայի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեքշաբթի հերթական պարտությունը կրեց։ Թեպետ Նորվեգիայի ընտրանու հետ հանդիպումն անցկացվում էր միջազգային ընկերական խաղերի շրջանակում, որի նպատակը հիմնականում փորձարկումներ անելն  ու առաջիկա պաշտոնական խաղերին պատրաստվելն է, սակայն պիտի խոստովանել, որ 9։0-ն ոչ թե ջախջախիչ, այլ նվաստացուցիչ պարտություն է։ Ավելին՝ սա Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ 9 գնդակ 2019-ին ընդունել էինք Պալերմոյում Իտալիայից, բայց այն ժամանակ գոնե հեղինակության 1 գնդակ էր խփվել։ Կապառոսի գլխավորած թիմը վերջին 4 խաղերից 3-ում խոշոր հաշվով պարտություն է կրել՝ բաց թողնելով 18 գնդակ, ինչն ուղղակի սարսափելի արդյունք է։

Վերջին 11 խաղում մեր ընտրանին ընդամենը մեկ հաղթանակ է տոնել, ինչը նույնպես շատ հարցեր է առաջացնում, իսկ ֆեդերացիան, որը հավաքականի թե՛ պարտությունների, թե՛ հաղթանակների գլխավոր պատասխանատուն է, ընդամենը հայտարարությամբ է հանդես գալիս, թե ներողություն ենք խնդրում տեղի ունեցածի համար։ «Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետեւություններ, եւ Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով»,- խոստանում է ֆեդերացիան՝ այդպես էլ չհասկանալով, որ իրենց մոտ ո՛չ վերլուծելն է լավ ստացվում, ո՛չ հետեւություններ անելը, էլ ուր մնաց ֆուտբոլ խաղալը։ Լավ է ստացվում, ասենք, Մխիթարյանի պես ֆուտբոլիստին հավաքականի կազմում հանդես գալու հնարավորությունից զրկելը՝ մարզչի ձեռքով։ Մխիթարյանը հեռանալիս պարզաբանում ներկայացրեց, բայց դա որեւէ մեկի համար համոզիչ չէր։ Ակնհայտ է, որ ֆուտբոլիստի՝ հավաքականից հեռանալու մասին որոշման ամենահավանական տարբերակը հենց ֆեդերացիայի ղեկավարության հետ ունեցած հարաբերություններն են, որոնք գուցե նախկինի պես լարված չեն, բայց Մխիթարյանի մոր ու ֆեդերացիայի կոնֆլիկտը եւս չի մոռացվել։ Առհասարակ՝ ակնհայտ է, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ձախողել է գործը եւ զբաղված է բացառապես փող աշխատելով։

Բնականաբար, ֆուտբոլը թիմային խաղ է, որեւէ երաշխիք չկա, որ Մխիթարյանի մասնակցությամբ Նորվեգիայի հետ խաղում հաշիվը մեր օգտին էր լինելու՝ նրա մասնակցությամբ եւս խոշոր հաշվով պարտություններ ունեցել ենք, բայց այստեղ խնդիրը ֆեդերացիայի մոտեցման մեջ է։ Ֆուտբոլիստը, որը վերջին հարցազրույցներում ասում է, թե դեռ մոտ 7 տարի պատրաստվում է խաղալ, հանկարծ հայտարարում է հավաքականում այլեւս հանդես չգալու մասին։ Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ հավաքականն այսօր վատ կազմ չունի՝ Բիչախչյան, Սպերցյան, Բայրամյան, Բարսեղյան։ Ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում ու վատ հանդես չեն գալիս, իսկ Բիչախչյանին ֆուտբոլային աշխարհում անվանում են նոր Մխիթարյան ու Արսեն Զախարյանից հետո համարում են հայազգի ամենահեռանկարային ֆուտբոլիստը։

Խնդիրը, միանշանակ, խաղի կառուցման, կազմակերպման մեջ է, որի պատասխանատուն ֆեդերացիան է, այլ ոչ Կապառոսը, որը, ի դեպ, 2021-ի լավագույն մարզիչն է, իսկ լավագույններն այդպես չեն ջախջախվում, գոնե Նորվեգիայի ընտրանուն։ Հատկանշական է, որ 2019-ին Հայաստանի ամենախոշոր հաշվով պարտությունից հետո՝ 9։1, բոլորը սկսեցին խոսել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին՝ այն ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացնելու անհրաժեշտության մասին՝ նրան համարելով թիվ մեկ մեղավորը, իսկ հիմա, երբ հավաքականը «նոր ռեկորդ է սահմանել», որեւէ մեկը ֆեդերացիայի նախագահի հրաժարականը չի պահանջում։