Ստացվում է, որ արդյունքը նույնը եղավ, ուղղակի մենք կորցրեցինք Արցախը

Ստացվում է, որ արդյունքը նույնը եղավ, ուղղակի մենք կորցրեցինք Արցախը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» հայտարարել է, որ իրենք ընդունում են, որ դա Հայաստանի ինքիշխան տարածքն է, սակայն իրենց համար կարևոր է իմանալ, թե ո՞ր կողմն է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը։ Ամիրբեկովը հայտնել է, որ իրենց պետք են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար և Բաքուն պատրաստ է համագործակցության, սակայն, եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով։

«Իրականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գոնե մի հոդված երկրորդ կյանք է ստանում», «Հրապարակի» հետ զրույցում` անդրադառնալով Ամիրբեկովի հայտարարությանն, ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որը կոմունիկացիաների ապաշրջափակման եւ անվտանգ երթեւեկությունն ապահովելու մասին էր, որով պետք է միացվեն Նախիջևանն Ադրբեջանի տարածքների հետ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, միջանցք բառի տակ դնելով այն իմաստը, որ դա Հայաստանի սուվերեն տարածքը չի լինելու, այլ լինելու է էքստերիտորիալ ճանապարհ՝ Հայաստանի վերահսկողությունից դուրս։ 

«Ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որի տակ ստորագրել է նաև Նիկոլ Փաշինյանը, այնտեղ հստակ գրված է, որ այդ ճանապարհը սուվերեն ճանապարհ է, բայց վերահսկվելու է Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից։ Այսինքն, ադրբեջանցիներն անընդհատ դնում են էքստերիտորիալ իմաստը այդ ճանապարհի տակ, բայց հիմա կարծես թե ռուսները նորից կարողացել են նաև ադրբեջանցիներին համոզել, որ այդ միջանցքային իմաստը ոչ իրենց է ձեռք տալիս, այլ ասում են` ինչ դուք, Փաշինյանն է ստորագրել, դրանց վերադառնանք, դրա անունը դնենք Մեղրու մարշրուտ: Այս տերմինաբանությունը դնենք շրջանառության մեջ, որպեսզի ոչ մեկի նյարդերի վրա չազդի՝ այդ թվում նաև Հայաստանի ներքին լսարանի։ Այսինքն, դա ճանապարհ է, որը ֆորմալ առումով սուվերեն տարածքն է Հայաստանի, բայց իրականում վերահսկվելու է երրորդ՝ Ռուսաստանի կողմից, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում»,-ասաց Հակոբյանը։

Իսկ ադրբեջանցիների բարձրաձայնած անվտանգության խնդիրների մասով էլ զբաղվելու են ռուսները՝ նրանք են ապահովելու ադրբեջանցիների անվտանգությունը։ Ադրբեջանցիները փաստացի ասում են, որ հայերը չեն կարողանա ապահովել իրենց անվտանգությունը՝ բեռնափոխադրումների ու ավտոմոբլիային շարժի: Եւ եթե խոսքը չի գնում էքստերիտորիալ միջանցքի մասին, գոնե անվտանգությունը պիտի երաշխավորի երրորդ կողմը, ո՞վ կարող է դա անել, ինքը` Ադրբեջանը։

«Տվյալ դեպքում իրենք ասում են, որ իրենք առանձնապես դեմ չեն նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացմանը, որովհետև հայերը չեն կարողանալու վերահսկել, ադրբեջանցիների վերահսկողությանը համաձայն չեք, ուրեմն թող երրորդ կողմը՝ ռուսները վերահսկեն։ Ադրբեջանի պահանջները կամ կասկածները անվտանգության վերաբերյալ փակում են ռուսները` այդ 9-րդ կետով»,- նկատեց քաղտեխնոլոգը։

Արդյոք Իրանին ձեռնտո՞ւ է թեկուզ այս բովանդակությամբ, բայց փաստացիորեն միջանցքի գոյությունը, Հակոբյանն ասաց, որ Թուրքիան հայտարարում է` եթե Հայաստանը չի համաձայնում, ապա իրենք Իրանով կտանեն այդ միջանցքը, բայց պարզ է, որ Իրանում ընդհանրապես խոսք չի կարող լինել էքստերիտորիալ տարածքի մասին։ Իրանն ասում է, եթե Թուրքիային և Ադրբեջանին ճանապարհ է պետք, ապա ինքը պատրաստ է տրանզիտ ճանապարհ տրամադրել, ինչպես բոլոր երկրներում են տրանզիտ ճանապարհները տրամադրվում։

«Ըստ էության, Իրանի համար շատ ավելի լավ է այդ տարբերակը, քան եթե նույնիսկ ռուսները վերահսկեն այդ միջանցքը։ Կարող է իրենց համար ձեռնտու չի ամեն դեպքում, իրենց համար ավելի ձեռնտու է, որ իրենց տարածքով անցնի ու իրենք վերահսկեն այդ ճանապարհը, նաև բեռնափոխադրումները, բայց կարծում եմ, որ ամենածայրահեղ դեպքում իրենց համար ամենասարսափելի տարբերակը չի նոյեմբերի 9-ի մոդելը։ Բնականաբար դա իրենց համար շատ ավելի լավ է, քան թե ադրբեջանա-թուրքական «Զանգեզուրի միջանցքը» և այն տրամաբանությունը, որը հասկանում են ադրբեջացիներին ու թուրքերը»,-ասաց քաղտեխնոլոգը։

Եթե Թուրքիան և Ադրբեջանը օգտվեն Իրանի տրանզիտ ճանապարհից, դա միայն իրենց օգուտն է, որովհետև նրանք կվերահսկեն բեռնափոխադրումներն ու թույլ չեն տա, որ Նախիջևանից Ադրբեջան և Թուրքիա, ու հակառակ ուղղությամբ զինտեխնիկայի տեղափոխում տեղի ունենա։

Բնականաբար Իրանի համար ճանապարհի՝ Ռուսաստանի կողմից ամբողջությամբ վերահսկվելը ևս շատ դրական չընդունվի, բայց եթե համեմատում ենք «Զանգեզուրի միջանցքը» էքստերիտորիալ տարածքի հետ, որն իսկապես կիսում է Հայաստանը և սահմանների փոփոխություն է առաջացնում, որը Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն իրենց ստորագրությամբ փոխանցում էին, որ ռուսները դա վերահսկեն։ 

«Իմիջիայլոց, եթե ստացվի այնպես, որ այնուամենայնիվ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը կյանքի կոչվի, անկախ նրանից դա կկոչվի Զանգեզուրի միջանցք, Մեղրիի մարշրուտ, թե Փաշինյանի անվան ճանապարհ, բայց ռուսները վերահսկեն, կստացվի, որ Արցախը հանձնվեց զուտ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ ուզում էր ռուսներին քցել և նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով նախատեսվածը չտալ։

Ստացվեց, որ ինքը երկար ժամանակ ռուսների հետ կոնտր էր ընկել և արևմտյան խաղ էր խաղում զուտ միայն նոյեմբերի 9-ի 9-րդ կետը չանի, ու որի արդյունքում Հայաստանից կողմից ու ռուսների թողտվությամբ Արցախը հանձնվեց, բայց, ի վերջո, Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհը ինպլեմենտացիա է անում ռուսների կատարմամբ։ Ստացվում է, որ արդյունքը նույնը եղավ, ուղղակի Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական անգրագետ գործողությունների արդյունքում մենք կորցրեցինք Արցախը ու միևնույն է` նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը կյանքի է կոչվում»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Փաշինյանը ոչ միայն չկարողացավ այդ ճանապարհը պահել Հայաստանի վերահսկողության տակ, այլև Արցախը մատաղ արվեց։