Ուկրաինան՝ մեկ ամիս անց․ ինչ է կատարվում այսօր Ուկրաինայում 

Ուկրաինան՝ մեկ ամիս անց․ ինչ է կատարվում այսօր Ուկրաինայում 

Այն, որ քաղաքակիրթ աշխարհը մտածում էր, թե ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտ կհանգուցալուծվի եւ պատերազմը կդադարի, պարզվեց՝ հեռու է իրականությունից։ Մեր հարցազրույցների ընթացքում անգամ ռուս քաղաքագետներն էին թերահավատորեն վերաբերվում պատերազմի սկսվելուն՝ ասում էին, որ դրա իմաստը չկա, որևէ կողմ շահագրգռված չէ դրանում։ Ոմանք մտածում էին, որ պատերազմը տեղեկատվական դաշտից այն կողմ չի անցնի։ Սակայն պատերազմն սկսվեց՝ ցուցադրելով, որ քաղաքագիտությունը լուրջ գիտություն է եւ ամեն մեկի բանը չէ, մյուս կողմից՝ աշխարհն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում։ Եւ այսօր պատերազմի ամենածանր ու դաժան փուլն է, իսկ դրա կողմերը գրեթե փակուղայի իրավիճակում են հայտնվել՝ ոչ կարողանում են համաձայնության գալ եւ դադարեցնել արյունահեղությունը, ոչ ռազմական ուժով հաղթել եւ սեփական կամքը պարտադրել հակառակորդին։ 

Hraparak.am-ը այս մեկ ամսվա ընթացքում շարունակ հետևել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և մշտական կապի մեջ է եղել Ուկրաինայի հայերի միության հետ, մասնավորապես՝ Միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ։ 

«Մեկ ամիս է անցել, սակայն վիճակը մնում է շատ ծանր։ Այն տարածքներում, որտեղ բախումներ կան, որտեղ ընթանում են ծանր մարտեր՝ բնաջնջվում է խաղաղ բնակչությունը, ավիրվում են քաղաքներ։ Ամենածանր վիճակում նորից գտնվում է Մարիուպոլ քաղաքը, որտեղ մարտի 2-ից չկա ոչ հոսանք, ոչ ջուր, ոչ ջեռուցում։ Առաջվա պես մարդիկ դուրս են գալիս քաղաքից։ Տարբեր տվյալներով արդեն 90 հազար մարդ է դուրս եկել Մարիուպոլից։ Այդ թվերի մեջ կան հայ ընտանիքներ, որը մեզ շատ է ուրախացնում»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մկրտչյանը։ 

Նրա խոսքով, Սումիից, Խարկովից և Լուգանսկի մարզերից դուրս եկող մարդիկ նախ ապաստան են գտնում Պոլտավա և Դնեպր, Չերկաս քաղաքների համայնքներում։ Դոնբասից դուրս եկողները՝ առաջին ապաստանը գտնում են Զապորոժյե, Կրոպիվինցկի, Բերդյանսկ քաղաքներում, սրանք Կենտրոնական Ուկրաինայի համեմատաբար հանգիստ գոտիներն են։ 

«Ցավոք ունենք նաև բազմաթիվ զոհեր։ Մեր զոհվածների թիվն աճել է։ Ունենք 20 հոգի հաստատված, որից 5-ը բանակայիններ են, 15-ը՝ խաղաղ բնակիչներ։ Տեսնում եք՝ ամեն օր սոցցանցերում սարսափելի կադրեր են տեղադրում, թե ինչ է կատարվում Մարիուպոլի փողոցներում, բակերում, ապաստարաններում։ Քաղաքի օդը ռմբակոծության հետևանքով ամբողջովին աղտոտված է։ Ծանր իրավիճակ է Խարկովում։ Երկու մեքենա հումանիտար օգնություն ենք ուղարկել այնտեղ, որն այսօր արդեն իսկ բաժանվում է մարդկանց։ Կիևում համեմատաբար այս երկու օրը թեթև է։ Չկան ակտիվ ցամաքային բախումներ, սակայն օդուժը դեռ հրթիռակոծում է Կիևը։ Ուկրաինայի հայերի միությունն առաջին օրվանից, ինչ ծավալի գործունեություն, որ սկսել էր, շարունակում է այն տարածքներում, որտեղ ավելի հանգիստ է՝ Կրոպիվինցկի, Չերկասի, Պոլտավա, Դնեպր»,-մեզ հետ զրույցում նշեց հայերի միության փոխնախագահը։

Վերջինիս խոսքով, առաջին ապաստաններում հանգրվանելուց հետո մարդիկ շարունակում են շարժվել դեպի Արևմուտք։ Եթե դուրս չեն գալիս պետությունից, ապա ապաստարաններ փորձում են գտնել Արևմտյան Ուկրաինայի մարզկենտրոններում՝ Լվով, Ուժգորոդ, Լուցկ, Կովել, Տերնոպոլ, Իվանաֆրանովսկ քաղաքներում։