Հրազդանի քաղաքապետի միֆը

Հրազդանի քաղաքապետի միֆը

2022-ի հունվարի 14-ին Հրազդանի համայնքապետ Սեւակ Միքայելյանն ու ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը նախագիծ ներկայացրին, որն ավագանին հաստատեց, ըստ որի՝ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակիչ Դավիթ Աբրահամյանին Վանատուր թաղամասի 0․95409 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից 0․28174 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոխել բնակավայրի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակականի: Նպատակն առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային սպասարկման շենք կառուցելն էր:

Ճարտարապետն ու քաղաքապետն իրար հերթ չտալով ասում էին, որ տվյալ տարածքը տրամադրում են մի մարդու, ով 200-300 մլն դրամի ներդրումային ծրագիր է իրականացնելու, որի արդյունքում Հրազդանում աշխատատեղեր կբացվեն: Մինչդեռ, մեզ հասած տեղեկություններով, տվյալ տարածքը քաղաքապետն օտարել է իր ընկերոջ՝ Դավիթ Աբրահամյանի անունով, եւ տարածքը գտնվում է Միքայելյանների ընտանիքին պատկանող՝ Սեւան-Երեւան մայրուղուն հարակից գազալցակայանի հարեւանությամբ: Այս հսկայական տարածքում, սակայն, ոչ մի հանրային սննդի եւ կենցաղսպասարկման շենք չի կառուցվել, քաղաքապետի նշած միլիոնները չեն ներդրվել, աշխատատեղերը չեն բացվել, այլ կառուցվել է ավտոլվացման կետ՝ բեռնատար մեքենաների համար:

Չնայած տարածքը ձեւակերպվել է Դավիթ Աբրահամյանի անունով, սակայն այն, ըստ լուրերի, իրականում պատկանում է Միքայելյաններին: Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանին, թե ինչ է կառուցվել այդ տարածքում, ինչքան ներդրում է արվել, ու քանի աշխատատեղ է բացվել: Մեր գրավոր հարցմանը չեն պատասխանել: Բայց սա առաջին դեպքը չէ, որ Հրազդանում հող տրամադրելու կամ աճուրդով հող օտարելու հարցում կամայականություն են դրսեւորում: Անձամբ ես վերջերս դիմեցի Հրազդանի քաղաքապետին, որպես Հրազդան համայնքի բնակիչ, 72 քմ հողատարածք հատկացնելու խնդրանքով: Տարածքը, որն ուզում էի գնել, նախապես ներկայացրել էին Քաղշինկոմիտե, որտեղից պատասխանել էին, որ այդ հատվածը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ եւ կարող է տրամադրվել համայնքի կողմից: Ճարտարապետը տարածքը զննեց, փաթեթը պատրաստեց եւ խոստացավ դնել ավագանու նիստում հաստատման, որից հետո օրենքով նախատեսված կարգով հողն աճուրդի կհանվի: Մի քանի օր հետո տեղեկացա, որ քաղաքապետը փոշմանել է...

Գրավոր հարցում ուղարկեցինք քաղաքապետին. «Հրազդանի հողերի տրամադրման, աճուրդների հետ կապված ինչո՞ւ եք խտրականություն դնում բնակիչների միջեւ: Պետք է լինել ՔՊ-ական ավագանու անդամ կամ կամակատար, որ հո՞ղ տրամադրեք»: «Հրազդանի համայնքապետարանի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողություն, այդ թվում՝ նաեւ հողերի աճուրդը, իրականացվում է բացառապես օրենքով սահմանված կարգով, եւ այս հարցում երբեք կամայականություն չի ցուցաբերվել»,- պատասխանել են քաղաքապետարանից: