Հայաստանը հակառուսականության բաստիո՞ն, թե՞ պայմանավորված խաղ

Հայաստանը հակառուսականության բաստիո՞ն, թե՞ պայմանավորված խաղ

Երբ խոսքը վերաբերում է հայ-ռուսական, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաների հռետորաբանությունը ոչ թե տարբերվում է, այլ գտնվում է հակադիր բեւեռներում: Հայաստանի իշխանություններն անվերջ ընդգծում են, որ ՀԱՊԿ-ն եւ Ռուսաստանը չեն կատարել Հայաստանի նկատմամբ իրենց դաշնակցային պարտավորությունները, իրենց չեն պահել իսկական դաշնակցի նման, որն օգնության կհասներ ամենադժվար պահին, երբ Հայաստանը ենթարկվել էր թշնամի Ադրբեջանի հարձակմանը եւ օգնության ձեռք էր մեկնել ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին: ՌԴ պաշտոնյաները կարծես չեն լսում այս հայտարարությունները կամ չլսելու են տալիս: Օրինակ, Ռուսաստանի ԱԳ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ արեցին՝ հայտարարելով, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ գծով իրենց դաշնակիցը, քանի որ Հայաստանը կառույցից դուրս գալու մասին չի հայտարարել, իսկ Օվերչուկն ընդգծել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից ամենաշատ օգտվող երկիրն է: Ինչո՞վ է բացատրվում տրամագծորեն հակադիր նման տեսակետների առկայությունը, հնարավո՞ր է, որ Հայաստան-Ռուսաստան հակադրությունն իմիտացիա է, բեմականացված թատրոն՝ ինչ-որ թաքուն նպատակների համար:

Առաջին բացատրությունը կարող է այն լինել, որ պաշտոնական Ռուսաստանն իր հայտարարություններով ուզում է, որ Հայաստանը որոշակիացնի իր տեսակետը ՀԱՊԿ-ին անդամակցության մասով: Երբ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը, ռուս պաշտոնյաներն ասացին, որ ՀԱՊԿ կանոնադրությունն անդամակցության սառեցում չի նախատեսում, Հայաստանը կա՛մ այդ կազմակերպության անդամ է, կա՛մ անդամ չէ եւ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: Հայաստանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը եւ պատասխանի այն հարցին, թե որն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում: Հետո ՀԱՊԿ-ն մի շատ ընդհանուր հայտարարություն արեց, թե՝ դուք չեք հստակեցրել ձեր սահմանները՝ մեզնից ի՞նչ եք ուզում, որին պաշտոնական Երեւանը չի արձագանքել եւ չի ասել՝ այդ պատասխանը բավարարո՞ւմ է իրեն, թե՞ իրենք ավելի կոնկրետ պատասխան են ակնկալում: Օրինակ, ուզում են, որ ՀԱՊԿ-ն հրապարակի այն քարտեզը, այն սահմանները, որոնցով ինքը ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը, ինչն անհնար է, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճշգրտված սահման գոյություն չունի, ինչի մասին հայտարարում են նաեւ Հայաստանի պաշտոնյաները եւ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է սահմանագծում, սահմանազատում արվի: Ու քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարել, համարվում է այդ կազմակերպության անդամ:

Տեսակետների հակադրության մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ ՌԴ իշխանությունները տարբերություն են դնում Հայաստանի եւ ՀՀ գործող իշխանությունների միջեւ: Երբ նրանք ասում են, որ Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը, նկատի ունեն, որ չնայած Հայաստանում իշխանության են Ռուսաստանին թշնամի ուժեր, սակայն իրենք Հայաստանը համարում են դաշնակից: Պատահական չէ, որ Ռուսաստանի իշխանությունները տարանջատում են նաեւ հայ ժողովրդին եւ Հայաստանի գործող իշխանություններին՝ մշտապես ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները վարում են հայ ժողովրդի շահերին չհամապատասխանող քաղաքականություն, իսկ հայ ժողովուրդը շարունակում է մնալ ռուս ժողովրդի բարեկամն ու դաշնակիցը: Տարանջատելով իշխանությանը եւ ժողովրդին ու հակադրելով միմյանց՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը հավերժ չէ, որ հայ ժողովուրդը կարող է ունենալ նոր իշխանություն, որը կփոխի երկրի արտաքին քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով Ռուսաստանի պատկերացումներին, եւ Հայաստանը դարձյալ ոչ թե թղթի վրա, այլ իրականում կշարունակի լինել Ռուսաստանի դաշնակիցը: Հնարավոր է, որ Ռուսաստանն ինչ-որ միջամտություն ունենա Հայաստանում նոր իշխանության ձեւավորմանը, ինչի մասին բազմիցս խոսել են Փաշինյանն ու իր թիմակիցները՝ ասելով, որ Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջման փորձեր է կատարել, որոնք թեեւ տապալվել են, բայց Ռուսաստանը չի հրաժարվել այդ գաղափարից:

Բայց կա նաեւ երրորդ տարբերակը՝ հնարավո՞ր է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ խնդիր էլ գոյություն չունի, եւ այն, ինչ հիմա տեսնում ենք, ընդամենը խաղ է, փոխհամաձայնեցված ներկայացում, երբ Հայաստանը խաղում է հակառուսականություն, իսկ Ռուսաստանը քարկոծում է Հայաստանի իշխանությանը, եւ այդ խաղը շահավետ է երկուստեք: Սրա իմաստը կարող է լինել այն, որ Հայաստանը, ներկայանալով հակառուսականության բաստիոն, մի կողմից ստանում է Արեւմուտքի աջակցությունը, իսկ Արեւմուտքի կողմից ընկալվում է որպես Ռուսաստանի ճիրաններից ազատվել փորձող, բայց նրա կողմից ճնշման ենթարկվող զոհ, որին պետք է օգնել այդ ազատագրական պայքարում: Այդ պատճառով է Արեւմուտքն աչք փակում Հայաստանի որոշ շեղումների վրա, երբ Հայաստանը մի կողմից հանդես է գալիս կոշտ հակառուսական դիրքերից, բայց մյուս կողմից մեծանում է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը, օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել տնտեսական պատժամիջոցները, ստանալ միլիարդավոր դոլարների դրամական հոսքեր: Ռուսաստանն էլ ձեւ է անում, թե դժգոհ է Հայաստանի գործող իշխանության հակառուսական քաղաքականությունից, ուզում է ամեն գնով պատժել իշխանությանը, բայց իրականում գոհ է այդ իշխանության գոյությունից, որովհետեւ այդ նույն իշխանությունն օգնում է իրեն՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ կապված զուգահեռ ներմուծման, իսկ վերջին շրջանում՝ նաեւ արտահանման հետ, երբ Հայաստանը դարձել է ռուսական ոսկու արտահանման հիմնական միջնորդներից մեկը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում անդամության սառեցմանը կամ անվերջանալի հակառուսական քարոզչությանը, ապա դրանցից Ռուսաստանին ոչ մի վնաս էլ չկա:

Անդամակցությունը սառեցրել են՝ կտաքացնեն, երեկ դեմ էին խոսում՝ վաղը կողմ կխոսեն, գլխավորը՝ այսօր օգնում են կարեւոր խնդիրների լուծմանը, արեւմտյան պատժամիջոցներին դիմակայելուն: 
Իսկ, ինչ է, մի՞թե Արեւմուտքն այդքան հիմար է, որ չի տեսնում այդ ամենը եւ չի հասկանում որ դա խաղ է, թե՞ Հայաստանն ու Ռուսաստանն այնքան համոզիչ են խաղում, որ կասկածներ չեն առաջանում: Հնարավոր է, որ Արեւմուտքին ինչ-որ չափով ձեռնտու է այդ խաղը, հնարավոր է նաեւ, որ Փաշինյանին Բրյուսել են կանչել հենց դրա համար՝ պահանջելով խզել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ միանալ հակառուսական պատժամիջոցներին: Դրա դիմաց կխոստանան ինչ-որ փոխհատուցումներ, որն իբրեւ թե կմեղմի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզման բացասական հետեւանքները, բայց թույլ չեն տա, որ իրենց մատների վրա խաղացնեն:

Ավետիս Բաբաջանյան