Հավատացած եղեք. հայկական բանակը հետ քաշվելու հրամանը չի կատարելու

Հավատացած եղեք. հայկական բանակը հետ քաշվելու հրամանը չի կատարելու

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը տավուշյան աղմուկից հետո մեկնել է Ոսկեպար եւ փորձում է կանգնել տեղի բնակիչների կողքին։ 

Նա ասում է, որ Ոսկեպարում իրավիճակը շատ կայուն է` որեւիցե մեկը միակողմանի որեւէ զիջման պատրաստ չէ։ «Եվ դա իշխանությունը շատ լավ գիտի, դրա համար իշխանության կողմից գծված բոլոր պլանները խախտվել են գոնե այս պահին, անգամ իշխանությունը ոտք դնել չի կարողանում Ոսկեպար։ Իմաստ էլ չունի, որ փորձեն, որովհետեւ 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե չհամաձայնեն, մեկ շաբաթից կամ տասն օրից պատերազմ կլինի։ Արդեն անցավ 14-15 օրից ավել, իր ակնկալիքները չարդարացան, որովհետեւ ինքը սովոր է մարդկանց դիտարկել որպես ծախս՝ ինչ-որ առեւտուր առաջարկելով։ Այսօր ոսկեպարցիները դրան բացարձակապես չեն գնում, եւ դա իրականում շատ անսպասելի էր իր համար, դրա համար ասաց, որ տասն օրից պատասխան կասի։ 10 օրից ավել է անցել՝ մարտի 18-ից, բայց դեռեւս այդ պատասխանը չեն ներկայացրել: Ուղարկում են ներկայացուցիչներ, որ գալիս են, թաքուն գյուղացիների հետ են հանդիպում, որպեսզի գյուղացիները լոբբինգ անեն մնացած համայնքում, որ համակերպվեն գործարքին, բայց ոչ մի կերպ նրանք չեն գնում այդ համաձայնությանը»,- ասաց Պետրոսյանը։ 

Սա ոչ թե Ոսկեպարի, այլ հայկական պետության, պետականության, համազգային խնդիր է՝ կարծում է մեր զրուցակիցը։ Եվ իրենք` գյուղացիների հետ միասին, ձեւավորել են հայկական պետականության համար համակարգման կենտրոն, որը պետք է կոորդինացնի միակողմանի հանձնումը կասեցնելու գործընթացը եւ միասնական տեղեկատվական հարթակ հանդիսանա, որպեսզի չկարողանան տեղեկատվությունը մանիպուլացնել։ 

Եթե ադրբեջանական բանակն առաջ շարժվի, ի՞նչ զարգացումներ են հնարավոր, արդյո՞ք Աղավնոյի սցենարը չի կրկնվի։ Պետրոսյանն ասաց, որ այստեղ կա կանոնավոր հայկական բանակ։ «Բավականին մարդիկ են գալիս՝ գիտնականներից սկսած, բժիշկներից սկսած, որոնք աջակցություն են հայտնում եւ հստակ գործողություններ են արդեն անում։ Եթե այստեղ ձեւավորվեց այդ հանրային օրակարգը, այդ հանրային պահանջը, հավատացած եղեք, որ հայկական բանակը հետ քաշվելու հրամանը չի կատարելու։ Ես առավել քան վստահ եմ դրանում, իսկ եթե մարդիկ համակերպվեցին, սկսեցին գնալ, այդ ժամանակ ամբողջությամբ այլ բան կարող է լինել, մարդիկ պարզապես չեն ապրելու գյուղում, որովհետեւ թուրքը կանգնելու է իրենց տնից ընդամենը մի քանի մետր այն կողմ, դպրոցից մի քանի մետր այն կողմ։ Գյուղը հայաթափվելու է մի քանի օրվա ընթացքում, իսկ եթե գյուղացիները շարունակում են մնալ, սահմանին կանգնած տղերքից շատերը հենց այդ գյուղերից են՝ Կիրանցից կլինի, Ոսկեպարից կլինի, Բերքաբերից, թե Բաղանիսից, իրենք գիտեն, որ իրենց հետեւում իրենց տներն են, իրենց ծնողներն են, իրենց երեխաներն են, այդպես միանշանակ չի իրավիճակը։ Ազգի բոլոր շերտերի ներկայացուցիչները՝ մտավորականից մինչեւ ռազմական գործիչ, պետք է ունենան ասելիք։ Եվ ոչ միայն ասելիք, այլեւ՝ անելիք, այդ անելիքը պետք է լինի այստեղ, որովհետեւ փաստացի այս գործընթացը կասեցնելու համար ոտքի են կանգնել, եւ փաստացի այդ պրոցեսն այսօր բեկում է ոսկեպարցին»,- ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը։

Կանգնո՞ւմ եք ոսկեպարցու կողքին, թե՞ ոչ՝ սա է հարցը, եւ բոլոր շերտերն այստեղ ասելիք ու անելիք պետք է ունենան, կանգնեն ոսկեպարցիների կողքին եւ իրենց ուղերձը հղեն ամբողջ հայությանը, ամբողջ աշխարհին, եւ սփյուռքի մեր հայրենակիցներն էլ պետք է կանգնեն ոսկեպարցիների կողքին, որպեսզի գործընթացը դառնա համահայկական։ 

Պետրոսյանը կարեւորում է ԶԼՄ-ների դերն այս հարցում, կիզակետում պետք է լինի Ոսկեպարը, որպեսզի իշխանությունը կարողանա քնեցնել այս գործընթացը։ Իսկ եթե ադրբեջանցիներն արագացնե՞ն գործընթացը…։ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ դրա կարիքը չկա, որովհետեւ ՀՀ ներկայիս իշխանությունները՝ նրանցից ավելի շահագրգռված, արագացնում են այդ պրոցեսը, որը փաստացի կասեցնում են մեր բնակիչները։ «Հավատացած եղեք, որ ադրբեջանցիներն ավելի շահագրգռված չեն, երկկողմանի է այս շահագրգռվածությունը, որը փաստացի գոնե մինչ այս պահը շատ հստակ ու շատ վճռական կասեցնում են ոսկեպարցիները»,- ասաց Պետրոսյանը։