Ուրիշ օրինակ գիտե՞ք, որ որեւէ երկիր 10 տարում 10 անգամ ավելացնի առեւտրաշրջանառությունը

Ուրիշ օրինակ գիտե՞ք, որ որեւէ երկիր 10 տարում 10 անգամ ավելացնի առեւտրաշրջանառությունը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիոնը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման հարցում ֆրանսիացիները պատրաստ են աջակցել Հայաստանին։

«Կոնկրետ այսօր Հայաստանի ջրի ամենախոշոր մատակարարը ֆրանսիական ընկերությունն է՝ «Վեոլիա ջրի» հայկական մասնաճյուղը: Հայաստանում կուտակային կենսաթոշակի ամենախոշոր հիմնադրամը ֆրանսիական «Ամունդի ակբա» ընկերությունն է: Այսպիսով մենք սկսել ենք աջակցության գործընթացը, ինչը նշանակում է, որ արդեն կարող ենք ինչ-որ բան անել: Այո, կարող ենք ավելին անել: Ի՞նչ է դա ենթադրում... դա ենթադրում է պայքար մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, նպաստավոր պայմաններ օտարերկրյա ձեռնարկությունների համար, որոնք տեղակայվում են Հայաստանում»,- հայտարարել է դեսպանը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին հարցրինք` հնարավո՞ր է արդյոք Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան այնպես, ինչպես պատկերացնում է Ֆրանսիայի դեսպանը, եւ արդյոք Ֆրանսիան նման դեր կստանձնի՞։

- Ուզում եմ սկսել նրանից, որ Ֆրանսիան բավականին սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Մինչեւ այս հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, բոլորը գիտեն, որ բավական սերտ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, կապեր են ունեցել։ Այսօր ֆրանսիական բազմաթիվ ընկերություններ` ուղղակի, մեծ մասը` անուղղակի, միջնորդված, դարձյալ իրենց կապերը պահպանում են Ռուսաստանի շուկայում։ Մեծ Բրիտանիան Ռուսաստանից նավթ է ներկրում այսօր՝ միաժամանակ մասնակցելով Ռուսաստանի դեմ հավաքական Արեւմուտքի պատժամիջոցներին: Այսինքն, այդքան միանշանակ պետք չէ նայել Արեւմուտքի կեցվածքին դեպի Ռուսաստան։ Նույնը՝ Միացյալ Նահանգների պարագայում, բազմաթիվ ընկերություններ առերեւույթ ներկա չեն այնտեղ, բայց իրենց կապերը միջնորդված պահպանում են։ Հիմա հարց է առաջանում․ այդքան գրավի՞չ է ռուսական շուկան արեւմտյան ընկերությունների համար, ինչի՞ են դրդում Հայաստանին՝ դուրս գալ այդ շուկայից եւ խզել հարաբերությունները՝ հարց առաջին: Երկրորդ հարցը․ բոլոր այն ուժերը, որոնք հորդորում են բարեկամանալ, սերտացնել կապերը Թուրքիայի հետ, ի՞նչն է պատճառը, որ մեր դարավոր բարեկամ երկրի հետ ոչ թե ուզում են ուղղակի սառեցնել, այլ թշնամանք են սերմանում, ես չեմ հասկանում։

- Ո՞վ կարող է փոխարինել Ռուսաստանին։

- Ես անհնար չեմ համարում եւ ոչ էլ անփոխարինելի եմ համարում որեւէ երկիր, բայց ո՞րն է այլընտրանքը, եւ ինչպե՞ս են դա պատկերացնում նմանատիպ հորդորների հեղինակները՝ ինչո՞վ փոխարինել կամ ինչպե՞ս ապահովել էներգետիկ անվտանգությունը` նախեւառաջ, դեռ ռազմականը չեմ ասում, երբ իրենք խնդիր ունեն իրենց երկրներում էներգետիկ անվտանգության ապահովման։ Տնտեսական առումով Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է, որո՞նք են այն քայլերը, կամ ինչպե՞ս են պատկերացնում, այսպես կոչված, դիվերսիֆիկացիան, ինչի մասին վերջերս շատ հաճախ են խոսում, եթե անգամ մի բեւեռից մյուս բեւեռն են ուզում Հայաստանը նետել՝ զլանալով թեկուզ մեկ քայլ անել, օրինակ, Մերձավոր Արեւելքի երկրների հետ առեւտրատնտեսական կապեր հաստատելու կամ զարգացնելու ուղղությամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ, տարածաշրջանի երկրներից Իրաքը պաշտոնական մակարդակով հայտարարություն էր արել, եւ նաեւ կան պայմանագրեր Հայաստանի Հանրապետության հետ, որ բառացի հղում կատարեմ` Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղմթերքը ցանկացած քանակությամբ պատրաստ են գնել: Հայաստանի իշխանությունները դրանք իրականություն դարձնելու, դիվերսիֆիկացնելու համար ի՞նչ են արել։

- Ռուսաստանի հետ համագործակցության ի՞նչ արդյունք ունենք։

- Թվեր եմ ուզում հրապարակել․ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է ոչ թե 10 տոկոսով, այլ՝ 10 անգամ, եւ դրա առյուծի բաժինն ընկնում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին ու առաջին հերթին՝ Ռուսաստանին։ Ուրիշ ի՞նչ այլ օրինակ գիտենք, որ աշխարհում որեւէ երկիր 10 տարում 10 անգամ ավելացնի իր առեւտրաշրջանառությունը։ Ամենավերջին թիվն ուզում եմ հրապարակել՝ որ Հայաստանը 2023-ին ունեցավ արտաքին առեւտրաշրջանառության 46 տոկոս աճ, որից 40 տոկոսը բաժին է ընկնում միայն ԵԱՏՄ անդամ երկրներին եւ Ռուսաստանին, բնականաբար։ Դրա նախորդ տարին ՀՀ մուտք էին գործել միայն Ռուսաստանից մեր համախառն ներքին արդյունքի քառորդ մասը կազմող 25 տոկոսը եւ ավելին կազմող ֆինանսական ռեսուրսները։ Կա՞ արդյոք նման այլ օրինակ, որ մենք կարող ենք վկայակոչել։ Ես ոչ թե դեմ չեմ, այլ շատ կողմնակից եմ, որ մենք իսկապես բազմազանեցնենք մեր կապերը ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման, ե՛ւ տնտեսական համագործակցության։ Բայց դա պետք է անել, հետո նոր արդյունքներն արձանագրել։ Այս պահին չեմ տեսնում այն կոմպետենտությունը, որ առկա է Հայաստանի կառավարությունում, եւ տնտեսական դիվանագիտությունը, օրինակ, որը պարտադիր պայման է եւ բանալի՝ նման կապեր հաստատելու եւ զարգացնելու համար։ Բայց մենք անգամ բարեկամ երկրների հետ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս բարեկամ երկրների հետ, զլանում ենք այդ կապերը զարգացնել։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Իրանի հետ մենք 2023 թ. դեկտեմբերի 25-ին արդեն բավական լուրջ փաստաթուղթ ենք ստորագրել, համաձայնագիր՝ ազատ առեւտրի գոտու, որը ոչ միայն Հայաստանն է ներառում, այլեւ ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը, այսինքն՝ մենք խոսում ենք 260 միլիոնից ավելի սպառողներ ունեցող շուկայի մասին։ Սա ձեռնտո՞ւ է Հայաստանին, թե՞ ոչ, կամ եթե մենք սրանից հրաժարվում ենք, ինչո՞վ ենք փոխարինում, ուրիշ ի՞նչ սցենարներով ենք գնալու։ Սրա մասին է, որ, կարծում եմ, պետք է մտածել։