Անլուրջ վերաբերմունք Սևանի նկատմամբ նախկինների ու ներկաների կողմից

Անլուրջ վերաբերմունք Սևանի նկատմամբ  նախկինների ու ներկաների կողմից

Ինչպես վկայում են, այլևս՝ միմիայն ներքին տուրիզմով զբաղվող զբոսաշրջային տուրօպերատորները, այս տարի ամենապահանջարկված ուղղությունը Սևանն է։ Հանրապետությունում փակված ժողովրդի՝ Սևանի պահանջարկի մասին վկայեց «Ռիմա թրավել» ընկերության տուրօպերատոր Արմինեն՝ ասելով․ « Սոցփաթեթի շրջանակներում վերջին ժամանակներս տեղեր, հատկապես՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերի համար չենք կարողանում մեր հաճախորդների համար ամրագրել, քանի որ ամենաբարձր արժեքով քոթեջն անգամ զբաղված է»։ Եվ սա՝ չնայած ծաղկման ամենբուռն շրջանում գտնվող ջրիմուռներին, լողափների վիճակին ու անդիմակ «բռնվելու» համար տուգանքներին։ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը «Հրապարակին» օրերս հայտնել է, որ ինստիտուտն աշխատում է ջրիմուռները կլանող «հատուկ պարաշոկի» ստեղծման վրա․ կկլանի ջրիմուռների կենսամասսան, դրանք դուրս կգան, իսկ ջրիմուռների զանգվածն էլ այլ տեղերում՝ այլ նպատակներով կօգտագործվի։

Միայն սրանով լիճն, իհարկե, ամբողջությամբ չի մաքրվի, բայց էլի օգուտ է՝ ինչքան շատ ջրիմուռ լճից պակասի, այնքան լավ։ Այսօր Բարդուղ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ աշխատանքները սկսվե՞լ են։ Տնօրենն ասաց, որ դեռ աշխատում են, «աշնան կողմերը նոր պարզ կլինի»։ Փոշու ստեղծմանը ինստիտուտը ձեռնամուխ է եղել « Բիոմիներալ ՍՊԸ-ի հետ» միասին։ Ընկերությունն արդեն իսկ սկսել է փորձարկումները, արդյունքների մասին՝ ավելի ուշ, քանի որ տվյալները հայտնի կդառնան միայն տարեվերջին։ «Նրանք ցիոլիդների վրա փորձում են նստեցնել ջրմուռներին, աբսորբցիայի երևույթով մաքրել ջուրը, մեր ինստիտուտը դա չի անում, բայց, իհարկե, տարեվերջին, հաշվետվություն տալուց նրանք մեզ են ներկայացնելու իրենց փորձի արդյունքները»,-ասաց Էվելինա Ղուկասյանը։ Նա պնդում է, որ այս տարի, այնուամենայնիվ, ծաղկած ջրիմուռների տարածքները նախորդի համեմատ պակասել են։

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ժամանակ Հայաստանում տասնյակ քննարկումներ անցկացվեցին՝ «ինչպես փրկել Սեւանը» թեմայով, վեր հանվեցին լճի կանաչելու բոլոր պատճառները։ Լճի վիճակն այնպիսին էր, որ մարդիկ Սեւան հանգստի չէին գնում, եւ Գեղարքունիքի մարզպետն ու տեղական նշանակության պաշտոնյաները տեղական հայրենասիրության ֆլեշմոբեր էին անցկացնում լճում․ տեսախցիկների առաջ լողում էին, ոմանք նույնիսկ լճի ջուրն էին խմում՝ վտանգելով իրենց առողջությունը։ Սևանա լճի համար տարիներ ի վեր պայքարող Կարինե Դանիելյանն ասում է , որ իշխանափոխությունից հետո երկու տարիներին Սևանի նկատմամբ պետական իշխանությունների վերաբերմունքում որևէ բան չի փոխվել։ «Ո՛չ նախկիններն են լուրջ վերաբերել լճին, ոչ հիմիկվանները, բոլորին թվում է, դե, լավ, հիմա կծաղկի, կծաղկի, բայց դա Հայաստանի համար ամենալուրջ խնդիրն է։ Սևանը Հայաստանի ամենալուրջ խնդիրն է»։

Հիշեցնենք, որ այսօր Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար է նշանակվել Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Մելիքյանը։

Հիշեցնենք նաև, որ բնապահպանները նախկինին՝ Էրիկ Գրիգորյանին, առանձնապես չէին սիրում՝  փակ, առանց իրենց հետ քննարկումների աշխատանքի համար։ Կարինե Դանիելյանից հարցրեցինք՝ ինչ ակնկալիքներ ունեն նորից։ Տիկին Դանիելյանն ասում է, որ կառավարման օղակներում առանցքային պաշտոններում հաճախակի փոփոխությունները վտանգավոր են։ Ի վերջո, մարդը նոր-նոր մտնում է գործի մեջ, սկսում է ինչ-որ ծրագրեր մշակել, աշխատանքից հանում են։ 

Մանրամասները՝ տեսանյութում