«Չստիկ-մայկան»՝ վեճի թեմա պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ

«Չստիկ-մայկան»՝ վեճի թեմա  պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ

Մեզ է դիմել Վարդենիսի քաղաքացիներից մեկը՝ պնդելով, որ Վարդենիսի նոտարական տարածքի պետ Տիգրան Սարգսյանը նորմալ պահվածք չի ցուցաբերում, մասնավորապես՝ իրեն դուրս է հանել ամառային հագուստով ներս մտնելու համար։

«Նոտարի գրասենյակ էի մտել գործնական հարցով՝ մայկայով, ամառային լաթերով։ Նոտարն ասում է՝ գործդ ասա, բայց ոչ՝ չստերով, էս կարգավիճակով ես գալի՞ս նոտարի մոտ։ Ես էլ ասել եմ՝ նորմալ խոսեք իմ հետ, ինքն էլ ասում ա՝ տենց լավ չի, շորտիկով գայիր, ասում եմ՝ կուլտուրական խոսեք։ Իմ հետ դու-ով էր խոսում, ասել եմ՝ դուք-ով խոսեք։ Ինձ հետո դուրս հանեց, ասեց՝ ստեղ չմտնեք, ես էլ հարցրի՝ ե՞րբ կանեք իմ գործն, ասեց՝ երբ կոշիկ կհագնես։ Ինձ ուղարկում է կոշիկ առնելու, բայց գուցե ես կոշիկի փող չունեմ»։ Մեր զրուցակիցը նաեւ փոխանցեց, որ նոտարի աթոռը Տիգրան Սարգսյանին փոխանցվել է հորից, գրագիտությամբ էլ չի փայլում։

Զրուցեցինք նաեւ Տիգրան Սարգսյանի հետ, նա նշեց, որ, այո, քաղաքացուն դուրս հրավիրել է, երբ վերջինս անցել է սահմանը եւ իր հետ խոսել է դու-ով։ Նաեւ ավելացրեց՝ ասել է հագուկապի մասին, սակայն դրա համար նրան դուրս չի հրավիրել։ Սարգսյանը հավելեց, որ քաղաքացին գնացել, տեսել է իր փեսային այդ հարցով, իսկ թե ինչու՝  նա չգիտի։ Մինչդեռ քաղաքացին ասել էր, որ Սարգսյանի փեսային տեսել էր՝ իրենց հաշտեցնելու նպատակով։