2024-ը՝ որպես վերջնաժամկետ

2024-ը՝ որպես վերջնաժամկետ

Օրերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը բողոքել էր, որ «Հայաստանը` որպես պատերազմում պարտված կողմ, պարտավորություններ է ստանձնել, որոնք հստակ ամրագրված են նոյեմբերի 10-ի հայտարարությամբ: Դրանցից մեկը հայկական զինված ուժերի դուրսբերումն է Ղարաբաղից: Սակայն մինչ օրս դա չի իրագործվել: Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցը, սակայն Հայաստանը ձգձգում է»: Այդ պարտավորությունը, իրոք, արձանագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետի սկզբում. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Ռուսական շուրջ 2000-անոց զորագունդը վաղուց է տեղակայված Արցախում, իսկ ժամկետային հայաստանյան զինծառայողները դեռեւս գտնվում էին Արցախում: Ու, անկեղծ ասած, դա ինձ համար զարմանալի էր: Քանի՞ գլուխ ունի Նիկոլը, որ ոչ միայն չի կատարում հայտարարության կետերից մեկը, այլեւ չի ենթարկվում երբեմնի կիրթ գործընկերոջ պահանջին: Եվ ինչո՞ւ տարիուկես անցնելուց հետո էլ դուրս չի բերում զինվորներին: Իհարկե, Ալիեւն էլ չի կատարում գերիներին վերադարձնելու պայմանավորվածությունը: Բայց այն, ինչ թույլատրելի է հաղթանակած Իլհամին, թույլատրելի չէ պարտված Նիկոլին. նման բան դեռեւս հին հույներն են ասել: 

Պարզվում է (ըստ պաշտոնական ներկայացման), որ ժամկետայիններին Արցախից դուրս չբերելու պատճառը զուտ տեխնիկական է. հայաստանյան վերջին զորակոչն արցախյան ուղղությամբ տեղի է ունեցել 2020 թվականի ամռանը: Եվ մինչեւ օգոստոսի վերջը դրանք կավարտեն իրենց ծառայությունը: Ու Արցախում այլեւս չեն լինի պարտադիր ժամկետային զինծառայողներ ՀՀ-ից: Արցախի Պաշտպասնության բանակն էլ կհամալրվի զուտ պայմանագրայիններով, հիմնականում՝ արցախաբնակ: Վերջին հանգամանքը նորություն չէր՝ դրա մասին վաղուց է ասվել: Բայց քանի որ Իլհամը բարձրաձայնել էր դրա մասին, ՀՀ ԱԽՔ-ն էլ իր վրա վերցրեց պատասխանելու պատասխանատվությունը եւ հայտարարեց, որ շուտով բոլոր այդ հարցերը կլուծվեն:

Եվ, բնականաբար, դարձավ ներքին հարձակումների թիրախ: Ինչը նորմալ է․ դարձել է «ուսապարկ»՝ իշխանական վայելքների հետ միասին պետք է «վայելի» նաեւ թիրախ դառնալու դառնությունը: Չնայած կարծում եմ, որ ինքը թքած ունի նման դառնությունների վրա: Ինչեւէ, ԱԽՔ-ն ընդամենը բարձրաձայնել է այն, ինչը որոշված էր վաղուց: Եվ որպես արցախցի՝ նրա մեղքը ոչ անգամ այս որոշումը բարձրաձայնելն է, այլ խայտառակ պարտությունից հետո հրաժարական չներկայացնելը: Ինչը նշանակում է, որ վերջինս ոչնչով չի տարբերվում նիկոլական այլ «ուսապարկերից»: Եվ, բնականաբար, նրա եւ նրա նմանների համար չէ արժանապատվություն ասվածը, ինչով պետք է որ հատկանշվեն բարձրաստիճան պաշտոնյաները:

Գանք «Հայկական զինված ուժեր» արտահայտությանը, որի մասին մեկ անգամ էլ եմ բարձրաձայնել «Հրապարակի» էջերում: Այդ արտահայտությունը ներառում է նաեւ Արցախի ՊԲ-ն: Այլապես տեքստում կնշվեր ոչ թե «հայկական», այլ «հայաստանյան» եզրը: Ինչը նշանակում է, որ 2022 թվականի օգոստոսից հետո էլ Իլհամը շարունակելու է պահանջել, որպեսզի ողջ հայկական զինուժը դուրս բերվի Արցախից: Դա ընկալելու համար պետք չէ լինել ռազմագետ կամ լեզվաբան: Նիկոլը ստորագրել է մի բան, ինչն իրագործելուց փորձում է խուսափել: Ինչն իր հերթին նշանակում է, որ ինքը մինչ օրս չի գիտակցում, թե ում հետ գործ ունի: Իսկ Ալիեւը չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչեւ Արցախում չլուծարվեն կամ դուրս չբերվեն ՊԲ ստորաբաժանումները: Ի դեպ, նա պահանջում է հենց դուրս բերելու տարբերակը, որպեսզի տեղում չլինեն զենք բռնելու ընդունակ տղամարդիկ: Կարծում եմ, որ հենց «խաղաղության գնով» հանուն «խաղաղության» ջանք չխնայող Փաշինյան Նիկոլը մի օր էլ համաձայնելու է Իլհամի այդ պահանջին: 

Իսկ երեք տարի անց, երբ Ալիեւը դնի ռուսական խաղաղապահ զորագունդը դուրս բերելու պահանջը, ռուսական զինվորների հետ Արցախը կլքեն նաեւ հայերը: Նման պատմությունների մենք ծանոթ ենք Առաջին համաշխարհային պատերազմի տարեգրությունից: Եվ Նիկոլը վերջապես կյանքի կկոչի «հանուն ամբողջը (Հայաստանի Հանրապետությունը) պահպանելու՝ մասը (Արցախի Հանրապետությունը) թշնամուն հանձնելու» իր սատանայական գաղափարը: Սատանայական, քանի որ Արցախի կորստին հետեւելու է Հայաստանի Հանրապետության վերացումը: Այն գաղափարը, որը երկնվել էր 2008 թվականին, երբ Նիկոլը ՀՀ առաջին նախագահի բարձրացրած բողոքային շարժման աջ ձեռքն էր: Որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է Նիկոլին հեռացնենք վարչապետի պաշտոնից: Եվ դրա վերջնական ժամկետը 2024 թվականն է: