Քաղաքական դիակապտության հոմանիշները

Քաղաքական դիակապտության հոմանիշները

Այդ օրը դիաֆոբիան համակել էր բոլորին՝ թե ԱԺ պատգամավորներին, թե ԱԺ նախագահությանը, թե կառավարության անդամներին և թե նույնիսկ Նիկոլ Փաշինյանին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ դիաֆոբիան մի այնպիսի վարակ չէ, որ մարդուն չի կպչում, ինչ է թե այդ մարդն արդեն մեկ անգամ կորոնավիրուսով է հիվանդացել: Ես մի տեղ նույնիսկ կարդացել եմ, որ դիաֆոբիայով ամենաշատը տառապում են հենց դիակները, որովհետև գարշահոտը, որ նրանք սկսում են արտանետել, առաջինը հենց իրենց քթին է հասնում: Մի խոսքով,այդ օրը երբ  ԱԺ-ում իբր քննարկվում էր 2019թ. բյուջեի կատարողականը, դիաֆոբիան ճնշել էր բոլորին, ճնշել էր թե ֆիզիկապես և թե հոգեբանորեն: Իսկ միակ մարդն էլ, որ ուզում էր օգուտ քաղել այդ իրավիճակից, Էդմոն Մարուքյանն էր: Նրան խիստ անհրաժեշտ էր վերադարձնել դասական ընդդիմադիր գործչի համբավը, որ տառացիորեն կորցրել էր մեկ օր առաջ՝ հրաժարվելով ԲՀԿ-ի հետ դիմել ՍԴ՝ վիճարկելու  ԱԺ միակ իշխանական ուժի ինքնագլուխ ապօրինությունները:

Էդմոն Մարուքյանի այդ օրվա պահվածքին դեռ կանդրադառնանք, իսկ այժմ գամ մեր խնդրո առարկային՝ դիաֆոբիային, որ այդ չարաբաստիկ օրը համակել էր ԱԺ-ում հավաքված մոտ 100 մարդու: Ի՞նչ է դիաֆոբիան: Եթե կարճ՝ վախ դիակից: Իսկ եթե ավելի հանգամանալից բացատրություն եք ուզում, կարող եք դիմել պրոֆեսոր Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»-ի օգնությանը: Թե ինչու հենց այդ բառարանի, հիմա բացատրեմ: Ուրեմն մեծանուն լեզվաբանը «դի» «դիակ» բառահոդվածներում խորհուրդ է տալիս տեսնել նաև «խույր» բառի բացատրությունը: Գնում եք այդ ուղղությամբ և այդ բառի բացատրության մեջ հանկարծ հանդիպում եք «խույոտ», «խույոտել» բառաձևերին, որ ունեն «այսահարվել», «դիվոտել» նշանակությունը: Իսկ «Այս»-ը, սա արդեն բոլորը գիտեն, նաև «սատանա» բառի հոմանիշն է: Հիմա հարց՝ «խույոտ» և «խույոտել» բառերն արտաբերելիս ոչինչ չհիշեցի՞ք: Իսկ ես, օրինակ, մի հայտնի դեպք հիշեցի, ավելի ստույգ՝ մի գաղտնալսված հանրահայտ հեռախոսազրույց, որտեղ կողմերից մեկն օգտագործում է «խույվորել» բառը: Հարգանացս հավաստիքն այդ մարդու իմացությանը: Իսկ մենք ազգովի մտածում էինք, որ դա «քֆուր» է… Ամոթ մեզ:

Եվ ուրեմն, դիաֆոբիան նաև այսահարություն է, դիվոտում, խույվորում վերջապես: Այդ օրը ԱԺ-ում հավաքված մոտ 100 մարդ խույվորած էր, փաստորեն: Կհարցնեք՝ ինչից: Այս հարցի ստույգ պատասխանը խույվորած դիվահարները կիմանան, իսկ ես ենթադրում եմ, որ բուն պատճառը սեփական քայլերի ապօրինության գիտակցումն էր և իրենց ուղեղներում դաջված այն հեռանկարը, որ դատվելու են այդ ապօրինության համար: Իսկ որ իմ ենթադրությունն այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից, փաստում էր նաև նորաձևության և առողջապահության վերջին ճիչով կարված դիմակը, որ ոչ մի կերպ չէր թաքցնում այն կրողի՝ Նիկոլ Փաշինյանի խույվորած վիճակը: Մեկ թռչում էր ճակատին, մեկ քիթն էր մերկացնում, մերթ ուռչում ու մերթ սմքում էր: Իսկ թեման, որի շուրջ նա ծավալվել էր այդ օրը, դիակներն էին կամ, ինչպես ինքն ասաց՝ քաղաքական դիակները: Վարչապետն այն աստիճանի էր դիվոտել, որ նույնիսկ մեզ՝ չարքաշ լրագրողներիս չխնայեց: Էլ ֆեյք, էլ օլիգարխների համար փողով գրող, էլ կորոնավիրուս տարածող… Պատկերացրեք, որ եթե Փաշինյանը չասեր, մենք չէինք իմանալու, որ մամուլի ազատության սահմանափակումները հանելուց կորոնավիրուսը կատաղում է: Երևի մեզ մնում է գետինը մտնել մեր ժողովրդի աչքի առաջ: Բայց սա Փաշինյանի այդ օրվա ամենախույվորիկ հայտարարությունը չէր: Նորմալ մարդը, իմ կարծիքով, չէր կարող հայտարարել, որ առաջիկա խորհրդարանում լինելու են միայն այն ուժերը, որոնք ընդունում են 2018թ. «թավշյա հեղափոխություն» կոչվող կատաստրոֆայի բերած արժեքները: Իսկ մյուսները, ինչպես Փաշինյանն ասաց՝ «գարշահոտ տարածող քաղաքական դիակներ են»: Նրա այդ խոսքերից քիչ է մնում ես էլ խույվորիկ հարցեր տամ՝ այ սիրեմ քո պաշտած ժողովրդավարությունը, ինչո՞ւ չես ասում, որ պողոսն է որոշելու՝ ով մտնի խորհրդարան և ով չմտնի: Եվ առհասարակ, էս ինչ դիաֆոբիա է մտել մեջներդ: Չլինի՞ արտախորհրդարանական դաշտում գործընթացներ եք նկատել, որոնք վերաբերում են խորհրդարանից ձեզ դուրս շպրտելու բուն գործողությանը:

Քաղաքական մեռելահարցուկի թեման այնուհետև զարգացրեցին մի շարք այլ պատգամավորներ և, իհարկե, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որն ուղղակի հայտարարեց, որ քաղաքական դիակներն իրենց չեն հետաքրքրում, իրենք չեն վախենում: Այստեղ մի ճշտում անենք: Իսկ «Իմ քայլն», առհասարակ, որևէ բանից վախենո՞ւմ է: Ես նման ինֆորմացիա չունեմ: Ընդհակառակը, արդեն 2 տարի է մտածում եմ, որ «Իմ քայլին» հնարավոր չէ որևէ բանով վախեցնել: Նրանք նախ՝ պիտի ունենան այդ զգացումը, որ մի բանից վախենան: Կճղճղան, կղժղժան, կանվանարկեն բոլորին, բայց երբեք չեն վախենա: Սա մեռելածին քաղաքական ուժի տեսակ է: Մորեխի պարս տեսե՞լ եք: Ամպի պես պատում է երկինքն ու թռչում այն ուղղությամբ, որտեղից քամին նրանց զգայարաններին է հասցնում կանաչ ցանքերի բույրը: Մորեխն իր հետևից թողնում է միայն մշակաբույսերի ցողունը: Երկու տարի մենք այս երևույթի ականատեսն ենք, միայն թե «Իմ քայլի» և Փաշինյանի կատարմամբ: Որ կողմ գնացել, որ կողմ նայել, որտեղ ձեռքները հասել է, վերածել են անապատի, քանդել, իրենցից հետո թողել խղճահարույց ավերակներ: Փորձիր վախեցնել: Ձև չկա: Նրանց վրա ազդել կարող է միայն դիաֆոբիան: Իրենց պարագայում դիաֆոբիան օրհնյալ համավարակ է, պատկերավոր ասած՝ «զանգվածային ոչնչացման զենք», որ նրանց կստիպի հանգիստ վեր ընկնել տեղներն ու մտածել վաղը տալիք պատասխանի մասին:

Իսկ այժմ, ինչպես և խոստացել էի, այս օրերի ամենաքշքշված քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի մասին: ԼՀԿ-ի թեմայով այս օրերի գրվածին ու ասվածին չեմ անդրադառնա, որովհետև դրանք այլևս կատարված փաստեր են: Բայց ահա, Էդմոն Մարուքյանի այդ օրվա պահվածքն արժանի է հատուկ ուշադրության: Ավելորդ է, կարծում եմ ասելը, որ նա իշխանություններին ուղղված իր «քննադատություններով» փորձում էր լվանալ երեսն ու ԲՀԿ-ի բացակայությամբ տիրանալ խորհրդարանի ընդդիմադիր դաշտին: Թե ինչքանով ստացվեց, թող դատի ընթերցողը, բայց ինձ հետաքրքրող հարցը դա չէ: Պարոն Մարուքյան, Նիկոլի հետ պասերով խաղալը ե՞րբ ես սովորել: Ոզում եմ իմանաս, որ լրագրող Էդիկ Անդրեասյանը քո պաշտպանության կարիքը չի զգում: Սա հիշիր ընդմիշտ: Եվ կարիք չկար, որ դու, քաջ իմանալով Նիկոլի ու նրա թիմի անառողջ նկրտումների մասին, այն է՝ Էդիկ Անդրեասյանին լռեցնել՝ վախեցնելով քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հեռանկարով, տայիր իմ անունն ու դրանով հարթակ ստեղծեիր «հայտնի կուսակցության» և «հայտնի թերթի» մասին նրա հերթական խելացնոր հայտարարության համար: Իսկ հիմա պատասխանիր ամենակարևոր հարցիս՝ քեզ այդ ժամին որտեղի՞ց էր հայտնի դարձել, որ իշխանությունները պատրաստվում են քրեական հետապնդում սկսել Էդիկ Անդրեասյանի նկատմամբ:

Սա հետաքրքիր է մանավանդ այն վեճի շրջանակներում, թե խորհրդարանական նիստերից ազատ ժամերին դու, վերջապես, ո՞ւմ հետ ես հանդիպում՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Ես, օրինակ, մտածում եմ, որ սկսել եք ավելի հաճախ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և այնքան հաճախակի են դարձել այդ հանդիպումները, որ քեզ վստահում են նույնիսկ իրենց խոհանոցային գաղտնիքները: Պիտի ասեմ, որ Փաշինյանի հետ պասերով խաղալու իսկական մաստեր կլաս ցուցաբերեցիր: Եվ ամենևին էլ քո մեղքը չէր, որ Փաշինյանն ընկավ պեչենու բաղերն ու հասավ 1999 թվականը՝ երբ մի անգամ «մեռել» էր տեսել Հանրապետության հրապարակում: Բայց ինչո՞ւ եմ մտածում, որ դու ազնիվ չես, «զեմլյակ» ջան: Այդ օրը, երբ ԱԺ-ում 100 մարդ զբաղված էր ոչնչով, լույս էր տեսել «Հրապարակի» նոր համարը, որտեղ Էդիկ Անդրեասյանի ստորագրությամբ կար մի հոդված՝ «Ոչինչ, Դուք էլ կնստեք, պարոն նախագահ» վերնագրով: Այդ հոդվածում հրաշալի տողեր կային նաև քո մասին, Էդմոն, որոնք ոչ մի պարագայում չէիր կարող մարսել: Իսկ թե «քո վառված սրտով» ինչպե՞ս կարող էիր ինձ պաշտպանել Նիկոլից, մնաց առեղծված: Կպատասխանես հարցերիս, լավ, չես պատասխանի՝ դու գիտես: Ապրիր և գործիր խաղաղությամբ քո հետագա կյանքում, որը, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, հնարավոր է՝ դասավորվի խորհրդարանից դուրս:

Ամփոփենք: Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների հանգուցալուծումը դեռ հեռու է: Փաշինյանը, որ մեկ վայրկյանի ճշտությամբ էր խոսում սահմանադրական հեղաշրջումը գլուխ բերելու մասին, կրկին սխալվեց: Սա անշուշտ խթանելու է հեղափոխության առաջնորդի աիաֆոբիան և հասարակական վայրերում խույվորելու նոր առիթներ է տալու նրան: Մեզ մնում է սպասել, թե արձակուրդից ե՞րբ կվերադառնա Հրայր Թովմասյանը, որ «Իմ քայլը» վերջապես սկսի նոր, ավելի ժողովրդավար ՍԴ-ի կառուցումը: Ի դեպ՝ «ժողովրդավար ՍԴ» արտահայտությունը սխալմամբ արտաբերեց նաև Վահե Գրիգորյանը՝ ըստ երևույթին տեղի տալով հանճարեղ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի այն երդմանը, թե «Իմ քայլը» ՍԴ-ի գլխին ինչ անում է, հանուն Հայաստանի է անում: Բայց հիշենք մորեխը… Արդեն հասել են ՍԴ, պետք է ավերեն և վերածեն փլատակների: Ուղղակի ժամանակի հարց է: Հրայր Թովմասյանը, ինչպես և խոստացել էր, խրամատը չի լքում և մնում է, որ դիաֆոբիան, որպես «զանգվածային ոչնչացման զենք», լուծի մեռելածին իմքայլականության հարցը: