Ոչինչ, Դուք էլ կնստեք, պարոն նախագահ

Ոչինչ, Դուք էլ կնստեք, պարոն նախագահ

Էդմոն Մարուքյանին մեղադրել այնպես, ինչպես Միքայել Մինասյանն է մեղադրել, կարծում եմ, ճիշտ չէ: Կան իրավիճակներ, որոնցից մարդ չի կարողանում ելք գտնել: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ հնարամիտ չէ, այլ ելք պարզապես չկա: Ներողություն խնդրելով ընթերցողից՝ մի այդպիսի իրավիճակ կներկայացնեմ, ցանկացողները թող ելք հուշեն: Սիրով կքննարկենք:
Խոստանում եմ լինել հնարավորինս կոռեկտ: Եվ այսպես՝ եթե ձեռներդ դեմ տան պատին, մի հաստ բան էլ՝ հետույքիդ, մայկեդ դվո՞րը կհանես... Սա հատուկ եմ Լոռու բարբառով գրել, որ ոմանց հասկանալի լինի, եւ չփորձեն զանազան մանիպուլյացիաներով ապացուցել, որ իրենք կարող են դուրս գալ այդ իրավիճակից: Այն էլ ասեմ, որ հայաստանյան որ բարբառով էլ այդ իրավիճակը նկարագրվի, միեւնույն է, ելք չկա:

Իսկ Էդմոն Մարուքյանին դրել էին հենց այդպիսի մի անելանելի իրավիճակում: Նախ՝ ծեծեցին ԱԺ-ում, հետո սկսեցին սպառնալ, վախեցնել, դեմ տալ պատին: Այդքանը մենք էլ գիտեինք, իսկ թե էլի ինչեր են արել, գիտի միայն Էդմոնը: Ի՞նչ աներ խեղճը: Բայց նա Էդմոն Մարուքյանը չէր լինի, եթե չփորձեր ելք գտնել: Եվ պատկերացրեք՝ գտավ: Նա պարզապես կնքեց իր քաղաքական մահկանացուն, մերժվեց, թաղեց ԼՀԿ-ն, մարեց Երեւանի եւ Վանաձորի ավագանու «Լույս»-երը, քար գցեց բազմաթիվ կարգին երիտասարդների անցնելիք քաղաքական ուղու վրա: Այլ խոսքով՝ մունդռեց ամեն ինչ: Էդմոն ջան, սա ելք չէր, որ դու գտար:

Ի տարբերություն Մարուքյանի՝ անելանելի վիճակում չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրան ոչ ոք պատին դեմ չէր տվել ու չէր էլ կարող դեմ տալ: Նա, ինչպես ռուսական առածն է ասում՝ кот-сам по себе: Կուզեր՝ կքայլեր դեպի աջ, չէր ուզի՝ դեպի ձախ կգնար, կուզեր՝ կպառկեր, չէր ուզի՝ շրջագայության կմեկներ, կուզեր՝ կստորագրեր օրենքի նախագիծը, չէր ուզի՝ չէր ստորագրի եւ կդիմեր ՍԴ: Ու մեկ էլ՝ ո՛չ դես, ո՛չ դեն, ելք չգտնելով իրավիճակից՝ Արմեն Սարգսյանն ուշ գիշերով ստորագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ինքնագլուխ որոշումն ու կանգնեց «ղրաղ»: Բա հետո՞, պարոն Սարգսյան: Բա մի Էդմոնի չափ էլ չկա՞ք, որ զիզի-բիզի բաներ ասեք՝ ի պաշտպանություն Ձեզ: Էդմոնը, օրինակ, ասում է՝ չուզեցա միջամտել էս փուլում, քանի որ ՍԴ-ն էլ իրեն լավ չէր պահել ու որոշել էր Ռոբերտ Քոչարյանի գործով հարց քննարկել: Մի բան էլ Դուք ասեիք, պարոն նախագահ՝ 21 օր ունեիք մտածելու, գոնե մի 2 օր ձգեիք, որ մենք էլ ասեինք՝ ՀՀ նախագահը մտածում է:

Եթե ԲՀԿ-ի ստորագրահավաքին չմիանալով՝ Էդմոն Մարուքյանն ուղղակի մեռավ, ապա տակավին հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ Արմեն Սարգսյանի հետ: Եթե ոչ այսօր, ապա վաղը լրատվամիջոցներն ու քաղաքական ուժերը Մարուքյանին մոռանալու են եւ անցնեն Արմեն Սարգսյանին, որովհետեւ Էդմոնից առաջ եւ Էդմոնից ավելի շատ Արմեն Սարգսյանն է Սահմանադրության պահակը եւ իրավունք չուներ «գողություն» անելու: Շատ տգեղ բան ստացվեց՝ Սահմանադրության երաշխավորը վիժեցրեց իրեն վստահված Սահմանադրությունը:
Մենք գիտեինք, որ գործող Սահմանադրությունն այնքան էլ Արմեն Սարգսյանի սրտով չէ, ու դժգոհում է, որ իր՝ ՀՀ նախագահի լծակներն անբավարար են առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար: Բայց, մեծարգո Արմեն Վարդանի, արի չմոռանանք, որ երբ Ձեզ բերեցին Հայաստան ու նշանակեցին նախագահ, բոլորը հույս ունեին, որ Դուք կնպաստեիք խորհրդարանական կառավարմամբ երկիր դարձած Հայաստանում անցումային փուլը բարեհաջող հաղթահարելուն եւ պետական անկախ ինստիտուտների հավասարակշռման մեխանիզմների ստեղծմանը: Բայց ի՞նչ արեցիք Դուք․ ոչնչացրիք անգամ այն լծակները, որ ունեիք, որ Ձեզ ժողովուրդն էր տվել՝ հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ:

Ըստ էության, առանց որեւէ ճնշման, դեմ գնացիք ժողովրդին, կողոպտեցիք այդ ժողովրդի ընտրությունը, Ձեր ոտքերը սրբեցիք ՀՀ Սահմանադրության վրա, վտանգեցիք ՀՀ նախագահի ինստիտուտը: Եթե կա որեւէ բացատրություն, պարոն նախագահ, ապա դա արեք այսօր, որովհետեւ հայաստանյան մամուլում եւ սոցցանցերում եղած «փաստերով» Դուք ենթակա եք պատասխանատվության կանչվելու: Ձեզ կարող են նույնիսկ նստեցնել, պարոն նախագահ, եւ, որպեսզի դա համոզիչ լինի, հենց Էդմոնի խցում:

Իսկ այս իրավիճակի ողջ սարկազմն ընկալելի դարձնելու համար ասեմ, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա թիմը, թե՛ Էդմոն Մարուքյանը եւ թե՛ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի աչքով են նայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Ասել եմ, կրկնում եմ՝ Հրայր Թովմասյանը բոլորիդ՝ նախագահա-էդմոնա-իմքայլա-նիկոլա-խառը, կտանի ծովն ու ծարավ հետ կբերի: Երեւի դեռ չգիտեք՝ ում հետ գործ ունեք: Դուք դեռ շատ երկար տարբեր դատարաններում կհանդիպեք Հրայր Թովմասյանի հետ, ընդ որում՝ պատասխանողի կարգավիճակում:

ՀԳ. Էդմոն, իսկ դու՝ սուս: Դու նույնիսկ որեւէ լուրջ իրավաբանական բուհ չես ավարտել: Եթե ավարտած լինեիր, ապա կհասկանայիր, որ չմիանալով ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու ստորագրահավաքին, արդեն իսկ նպաստել ես իրավական գործընթացի տապալմանը եւ մինչեւ հայրապետի վերջին խազը քաղաքականացրել իշխող ուժի ապօրինությունը: Նման բան կարող էր անել միայն անելանելի վիճակում հայտնվածը: