«Հրապարակ». Ուզում են ասել` քաղաքի կենտրոնում 10 հատ մեքենա պետք է կանգնի

«Հրապարակ». Ուզում են ասել` քաղաքի կենտրոնում 10 հատ մեքենա պետք է կանգնի

Երեւանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երեւան համայնքում տեղական վճարների 2024-ի դրույքաչափերը սահմանելու մասին»  որոշման նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում («Ա» գոտում) ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս («Բ» գոտի)՝ 24 հազար դրամ։ Հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ նախագիծն ուղղված է Երեւանի կենտրոնը բեռնաթափելուն: Տաքսիների կայանատեղերը կներկվեն դեղինով, եւ դրանց չի վերաբերում այս որոշումը: «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակը, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան եւ Լեոյի փողոցները եւ հարակից հրապարակները։ Ըստ նախագծի`  «Ա» գոտում 1 ժամ կայանելու համար անձը պետք է վճարի 300 դրամ (մինչեւ 15 րոպեն՝ անվճար), 1 օրվա համար` 2 հազար, 1 շաբաթվա համար` 5 հազար, 1 ամսվա համար` 18 հազար, 1 տարվա համար 160 հազար դրամ: 

Նշվում է, որ բացառություն կկազմեն բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքները։ Այսօր, ժամը 15.00-ին քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ: Այս նախագիծը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Տպավորություն է, թե քաղաքապետարանը, բացառապես մտածում է իր «հպարտ» քաղաքացիների գրպանը մտնելու մասին: 

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշում է, որ նման թվեր սահմանելն ուղղակի ֆանտաստիկ է։ «Այդ նախագծին մանրամասն ծանոթ չեմ, սակայն 160 հազար դրամ սահմանելն աբսուրդ թիվ է: Ուզում են ասել` քաղաքի կենտրոնում 10 հատ մեքենա պետք է կանգնի, եւ վերջ: Ես այդպես եմ կարծում, այլ բան ասել չեմ կարող»: Հարցին` կա՞ն երկրներ, որտեղ նման մեծ թվեր են սահմանված, Նավասարդյանն ասում է. «Ես չգիտեմ նման երկիր, գուցե հիմա կան, այն ժամանակ չեմ հիշում: Բայց որ որոշ երկրներում կա տարբերություն կենտրոնի եւ մերձակա տարածքների միջեւ, դա փաստ է: Ամեն դեպքում, Հայաստանում նման մեծ թվերը չգիտեմ ինչով են պայմանավորված»: