Ում հաշվին է իշխանությունը նոր մարմին ստեղծում

Ում հաշվին է իշխանությունը նոր մարմին ստեղծում

Պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի, նպատակը բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը: Իսկ եթե ավելի կոնկրետացնենք եւ հասարակության համար հասկանալի դարձնենք ձեւակերպումները՝ ստեղծվում է նոր պետական մարմին՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե։ Այն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո, իրականացնելու է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվելու ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաեւ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը եւ ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Ցանկալի կլիներ, որ, օրինակ, հասարակության լայն շրջանակները, այսինքն՝ ՀՀ շարքային քաղաքացիները, ավելի լայն իմաստով՝ ՀՀ հարկատուները, որոնց հաշվին է իրականացվելու, ի դեպ, նոր մարմնի ֆինանսավորումը, հստակ իմանային, թե նոր մարմին ստեղծելով եւ եղած որոշ մարմինների լիազորությունները նրան վերապահելով՝ այդ մարմիններին ինչ ճակատագիր է սպասվելու։ Նրանք միավորվում են, լուծարվում՝ ձուլվելով նոր մարմնի մեջ, պահպանում են իրենց կադրերը, դառնալով նոր մարմնի ստորաբաժանումներ, թե ոնց։ Ի վերջո, նոր մարմինը, բնականաբար, ունենալու է իր ղեկավարը, աշխատակազմը, իսկ դրանք հաստիքներ են, որոնք պետք է ստանան պետական աշխատավարձ, ինչու չէ՝ պարգեւավճարներ, մեկնելու են գործուղումների, դրանց ընթացքում ստանալու են օրապահիկներ, ունենալու են «պադավատներ», ստանալու են մեր՝ հարկատուներիս հաշվին «պադավատին» հասանելիք բենզին ․․․ ու այսպես հազար ու մի մանրուք, որոնք նաեւ պետական բյուջեից ծախսեր են պահանջում։

Աշխատանքային, հանրային քննարկումներն ու այս կարգի «պուպուշ բաները» շատ լավ են։ Բայց առաջին հերթին հարկավոր է ունենալ ազնվություն ու կանգնել՝ բացատրել հարկատուներին, որ՝ գիտեք, հարգելի հարկատուներ, քանի որ մենք որոշել ենք քո վզին ծանրացած բեռն ավելի ծանրացնել, որոշել ենք նաեւ թոշակառուի կենսաթոշակը 3 հազար դրամով բարձրացնել ու շոու սարքել, բայց մեր «ֆլանին եւ ֆստանին» բերել կարգել նոր մարմնի ղեկավար կամ ներառել այդ մարմնի հաստիքակազմում, որ աթոռին նստի ու պետբյուջեի միջոցների հաշվին, կներեք արտահայտության համար, քամակը հաստացնի։