Փոթորիկ՝ մեռյալ ծովում

Փոթորիկ՝ մեռյալ ծովում

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանն այլ կերպ, քան փոթորիկ մեռյալ ծովում, չեմ կարող որակել: «Մեռյալ ծովն» այստեղ փոքրատառով եմ գրել, ոչ թե գրագիտության պակասի, այլ «մեռյալ» բառի իմաստն ավելի ընդգծելու համար: Իսկ Մեռյալ ծով կոչվածն ընդամենը աղի լիճ է Հորդանանի եւ Իսրայելի սահմանին, որի մակերեւույթը ցածր է համաշխարհային օվկիանոսի մակերեւույթից ավելի քան 400 մետրով եւ շարունակում է իջնել: Ջուրն այնքան աղի է, որ այնտեղ կենդանական աշխարհ գրեթե չկա: Իսրայելի իշխանությունները փորձում են այդ լիճը փրկելու նպատակով պոմպերով ջուր մղել Կարմիր ծովից: Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածրադիր կետն է:
Մեռյալ ծովի մասին ընդամենը այսքանը՝ բնորոշելու համար ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում քաղաքական մեծամասնության աթոռներն զբաղեցրած ատրիբուտների մասին, որոնք մեռելային անվրդովությամբ փորձեցին դիմակայել իրենց պատուհասած փոթորիկը:

Իսկ դա հենց այն փոթորիկն էր, որ սկսվել էր 2020թ. նոյեմբերի սկզբին եւ տարբեր ուժգնությամբ ծավալվել մինչեւ 2021թ. օգոստոսի 1-ը եւ ի վերջո մտել ԱԺ դռներից ներս: Անցած ամիսները, կարծում ենք, լիուլի բավարար էին, որ իշխանությունը հասկանար այդ փոթորկի ծագման ու ծավալման պատճառները, բայց քանի որ նման բարդ բաները հասկանալու եւ գնահատելու կարողությունը չունեցան, երեկ ԱԺ շենքում քաղեցին իրենց անտարբերության եւ տգիտության դառը պտուղները:

Կարելի է, իհարկե, ասել, որ ընդդիմադիր դաշինքները նախապատրաստվել էին «Իմ քայլը» կամ ՔՊ (տարբերությունը մեծ չէ) խմբակցության հետ իրենց առաջին առկա հանդիպմանը: Այո, նախապատրաստվել էին, այո, կար նախապես մշակված սցենար: Ավելին ասեմ՝ ձեռք էին առնվել նաեւ նախազգուշական միջոցներ, որոնք կկիրառվեին, եթե նորընտիր խորհրդարանով տակավին չձեւավորված ՀՀ իշխանությունները (կարելի է արդեն ասել՝ նիկոլական նախկին իշխանությունները) փորձեին իրենց ձեռագրին համեմատ գրոհել ԱԺ շենքն ու փրկել այնտեղ մեռնող «մեռյալ մեծամասնությանը»:

Չցանկանալով վերաշարադրել օգոստոսի 2-ին ԱԺ-ում ծավալված իրադարձությունները, երկու բառով արձանագրենք միայն, որ ընդդիմադիր դաշինքները ոչ մի կերպ չէին ցանկանում նորընտիր խորհրդարանի աշխատանքներն սկսել ապօրինություններով՝ իրենց պատգամավոր գործընկերների անազատության պայմաններում, ինչին Փաշինյանի հինունոր ուսապարկերը ոչինչ չկարողացան հակադրել՝ սեփական պնդաճակատությունից ու ճղճիմ մանիպուլյացիաներից բացի: Մինչդեռ այդ նույն ուսապարկերը դեռ առավոտյան ժամը 10:00-ի մոտերքը խոնարհաբար լսում էին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը եւ ծափահարում ՀՀ նախագահի ողջույնի խոսքերին եւ օրինականության սահմաններում մնալու հորդորներին: Ամեն ինչ սկսվեց պատկառելի այրերի հեռանալուց հետո, երբ նիստը նախագահող հարգելի Կնյազ Հասանովը փորձեց նիստը տանել օրվա ժամանակավոր կառավարության ու նրա ԺՊ ղեկավարի համար ցանկալի հունով: Չստացվեց: Բայց դրա մեղավորը Կնյազ Հասանովը չէր, ոչ էլ նրա առաջացող տարիքը: Պարզապես խորհրդարանում մենք այլեւս ունենք մի ընդդիմություն, որը չի հանդուրժելու իշխանության որեւէ ապօրինություն եւ երբեք ուսերը հուսահատ չի թոթվելու, թե մենք ի՞նչ կարող ենք անել, երբ իրենք են մեծամասնությունը:

Այսուհանդերձ՝ մտավախություն չունենք, որ այս խորհրդարանը չի կարողանա աշխատել: Եթե նախորդ խայտառակ ԱԺ-ն աշխատել է՝ ունենալով ուսապարկերի մեծամասնություն եւ թույլ արտահայտված ընդդիմություն, ապա ինչո՞ւ չի կարող աշխատել այս խորհրդարանը, որի մասին հնարավոր չէ ասել, թե զուրկ է քաղաքական մտքից: Քաղաքական միտքն ու պայքարը, որ երեք տարի գտնվում էին փողոցում, այսօր կրկին խորհրդարանում են՝ ի դեմս ազդեցիկ կուսակցությունների եւ ուժերի, ի դեմս գաղափարական խորը տարաձայնությունների, որ ունեն այդ ուժերն իշխող քաղաքական մեծամասնության հանդեպ: Ամենեւին չցանկանալով կաթողիկոսից ավելի կաթողիկոս եւ ՀՀ նախագահից ավելի նախագահ երեւալ, ես բարին եմ մաղթում 8-րդ գումարման մեր խորհրդարանին եւ ցանկանում, որ այն գործի եւ աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանա որեւէ օգուտ տալ մեր այս թշվառ վիճակը հաղթահարելու գործին:

Բացի այդ, նոր խորհրդարանը պատմական շանս ունի՝ մեր քաղաքացիներին ազատագրելու մեկ անգամ եւ պատահաբար իշխանության եկած ՀՀ մազոխիստ իշխանությունից, որ երեք տարում այդպես էլ չսովորեց, որ պետություն կառավարելն ամեն մարդու խելքի բան չէ: