ՊԵԿ նպատակը դրամաշորթությո՞ւնն է, COVID-ի տարածո՞ւմը, թե՞ օրենքի ոտնահարումը

ՊԵԿ նպատակը դրամաշորթությո՞ւնն է, COVID-ի տարածո՞ւմը, թե՞ օրենքի ոտնահարումը

Երեւի շատերը նկատած կլինեն, որ ՀՀ ՊԵԿ-ը փետրվարի սկզբից գովազդային արշավ է ծավալել լրատվամիջոցներով` մաքսային աշխատողի նոր կերպար ձեւավորելու թեմայով: Որեւէ բուհի ավարտական դիպլոմ ունեցող ցանկացած անձի հրավիրում են դասընթացի, հազիվ մի տասն օր տեւող տեսական դասընթացից հետո, եւս մի քանի շաբաթվա գործնական պարապմունքներ են նախատեսվում, եւ վերջ` Էլդորադոյի դուռ է բացվում: Կարող եք քննություն հանձնել եւ 6 000-18 000 ԱՄՆ դոլարին համարժեք տարեկան աշխատավարձով ծառայության անցնել ՀՀ ՊԵԿ-ում: Համեմատության համար ասենք՝ Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանում բազմաթիվ ասիստենտային, ադմինիստրատիվ, դասախոսական հաստիքներ տարեկան ընդամենը 19 000 ֆունտ ստերլինգ աշխատավարձ են խոստանում: 

Ինչ խոսք, ՊԵԿ նախաձեռնությունը զվարճալի է եւ ուշադրություն գրավող, սակայն մաքսային ոլորտին հասարակության այնքան աննշան սեգմենտ է առնչվում, որ որեւէ պարագայում դրան չէի անդրադառնա, եթե չկարծեի, որ մաքսային աշխատողի վերապատրաստման ծնծղաների ու PR-ի ներքո մեկ այլ օրինախախտումների կասկադ է քողարկվում։ 

Դրամաշորթություն` անվերահսկելի ու անսահման 

Մաքսային ոլորտում բոլոր ժամանակներում եւ պարագայում գոյություն ունեն պետական մաքսային ծառայողներ եւ մասնավոր սեկտորի մաքսային մասնագետներ: Հայաստանում 2014-ից գործում է «Մաքսային կարգավորումների մասին» օրենք, որով էլ կարգավորվում են պետական կառույցների հարաբերությունները մաքսային մասնագետների հետ: Այդ օրենքի 30-րդ հոդվածով (4-րդ կետ) սահմանված է. «Մաքսային ձեւակերպումների որակավորման վկայական ստացած մասնագետը առնվազն 3 տարին մեկ անգամ վերապատրաստվում է մաքսային մարմինների կողմից` կոմիտեի սահմանած ծրագրով եւ կարգով»: Ինչպես տեսնում եք` ոչ մի բառ այն մասին, որ վերապատրաստումը կարող է լինել վճարովի հիմունքներով: 

Նշյալ՝ 30-րդ հոդվածի վրա հենվելով, ՀՀ ՊԵԿ նախագահն այս տարվա հունվարին ընդունում է N 79-Ն հրաման, որի 2-րդ հավելվածը վերնագրված է՝ «Կարգ մաքսային ձեւակերպումների մասնագետի վերապատրաստման»: Կարգի 2-րդ կետի համաձայն՝ «Մաքսային ձեւակերպումների մասնագետի վերապատրաստման համար ՀՀ ՊԵԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն 1 (մեկ) անգամ կազմակերպում է մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի եւ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի ուսուցման վերապատրաստման դասընթաց»։

Ինչպես տեսնում եք, դարձյալ ոչ մի բառ, որը թույլ կտար մեկնաբանել, թե խոսքը վճարային հիմունքով դասընթացի մասին է: Ավելորդ է ասել, որ կա ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդված, համաձայն որի՝ «պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքով»: Մասնավոր հաստատությունը կամ անձը, իհարկե, կարող է ցանկացած վճարովի դասընթաց կազմակերպել, որովհետեւ քաղաքացուն թույլատրված է ամենը, ինչ Սահմանադրությամբ կամ օրենքով արգելված չէ: Բայց ՊԵԿ-ը մասնավոր սեկտոր չէ, ՊԵԿ-ը պետական մարմին է, եւ եթե «Մաքսային կարգավորումների մասին» օրենքով ՊԵԿ-ին չի արտոնվել գումար գանձել իր կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացների համար, ուրեմն դա արգելված է: 

Մինչդեռ, ի՞նչ են արել ՊԵԿ-ը եւ ՊԵԿ-ին կցված «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ կոչվող կառույցը: Նրանք ոչ մի պաշտոնական հարթակում ոչ մի պաշտոնական տեքստ չեն հրապարակել, փոխարենը ՊԵԿ ուսումնական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրել են անստորագիր ու անհեղինակ մի հայտարարություն, որտեղ կարդում ենք. «ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ․ փետրվարի 14-ից կազմակերպում է Մաքսային ձեւակերպումների մասնագետի վերապատրաստման 6-օրյա դասընթացներ՝ մաքսային ձեւակերպումների գործող մասնագետների համար: …Դասընթացի արժեքը կազմում է 96 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)»։

Ընդսմին, դարձյալ անստորագիր ու անհեղինակ տեքստերով, որպեսզի բոլորին հաջողվի պատասխանատվությունից խույս տալ, ասենք՝ ուսումնական կենտրոնի քարտուղարուհու մակարդակով տեղեկացնում են, թե հանրապետությունում գործող մի քանի հարյուր (գուցե՝ հազարից ավելի) մաքսային մասնագետները պետք է դասընթացի մասնակցելու հայտ ուղարկեն եւ 96 հազար դրամ վճարեն մինչեւ 2022թ. փետրվարի 10-ը` անկախ նրանից, թե երբ իրենք կհրավիրվեն դասընթացի:

Ո՞վ է որոշել ապօրինի պարտադրվող վերապատրաստման դասընթացի համար ամեն հայտ ներկայացնողից մինչեւ փետրվարի 10-ը 96 հազար դրամ գանձել, ի՞նչ հաշվարկների ու ծախսերի հիման վրա է այդ գումարը որոշվել, ի՞նչ հիմնավորմամբ է 96 հազար դրամ պահանջվում եւ ոչ թե, ասենք, 196 հազար դրամ կամ 9 հազար 600 դրամ` անպատասխան հարցեր են: Փաստ է միայն այն, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հավակնում է մի քանի օրում համարյա քառորդ միլիոն դոլարի կարգի գումար հավաքել` առանց իրավական հիմքի կամ իրավունքի: Մնում է հուսալ, որ Հայաստանում գոյություն ունեն պատկան մարմիններ, եւ կարող են խնդրով զբաղվել:

Օրենքներ ոտնահարելը` ՊԵԿ գերնպատա՞կ 

Ֆեյսբուքյան գրառմանը, որով մաքսային ձեւակերպումների մասնագետները հրավիրվում են փետրվարի 14-ից մեկնարկող, 96 հազար դրամ արժողությամբ 6-օրյա վերապատրաստման դասընթացների, գումարվել է ՊԵԿ-ից կամայական եւ հակաօրինական մեկնաբանություններով գեներացվող աժիոտաժը, թե օրենքի ուժով երեք տարի գործող մաքսային մասնագետի որակավորման վկայականների գործողությունը կդադարեցվի, եթե մասնագետները չգան եւ վերոնշյալ դասընթացին չմասնակցեն:    
Նախ, ՊԵԿ-ում մի այնպիսի թնջուկ են գոյացրել «որակավորման դասընթաց եւ քննություն» եւ «վերապատրաստման դասընթաց եւ թեստավորում» հասկացություների միջեւ, որ սատանան էլ գլուխ չի հանի: Օրենսդրական տեխնիկայի տարրական դրվածք է, որ իրավական ակտում յուրաքանչյուր հասկացություն օգտագործվում է մեկ որոշակի իմաստով, ինչը սահմանազատվում է այլ հասկացության իմաստից: Հետեւաբար, ոչ մի տրյուկով «որակավորման քննությունն» ու «վերապատրաստման թեստը» չեն կարող փոխատեղելի հասկացություններ դառնալ: Ինչ ընթացակարգով եւ հիմքերով որ կատարվում է անձի որակավորումը, նույն ընթացակարգով եւ հիմքերի վերանալու արձանագրումով էլ պետք է կատարվի որակազրկումը: 

Բայց ՊԵԿ-ի հյուսած թնջուկի մեջ նույնիսկ դա չէ կենտրոնական խնդիրը, այլ այն, որ «Մաքսային կարգավորումների մասին» օրենքի 30-րդ հոդվածի հիմքով մարդկանց երեք տարվա գործունեության իրավունք տված որակավորման վկայականները ՊԵԿ-ում փորձում են ՊԵԿ նախագահի N 79-Ն հրամանով վեց ամսում չեղարկել` ընդսմին առանց հիմնավորման, առանց պատճառաբանության, կամայականորեն:

Դժվար թե ՊԵԿ-ում չեն գիտակցում, որ նշյալ հրամանն այնքան է հակասում օրենքին, Սահմանադրությանը, մարդու կոնվենցիոն իրավունքներին, որ շատերի կողմից դատական կարգով կբողոքարկվի: Իսկ հրամանի դեմ թեկուզ մեկ հայց ՀՀ վարչական դատարան ներկայացվելուց եւ վարույթ ընդունվելուց հետո հրամանի գործողությունը կասեցվելու է, հետեւաբար, չեն կարողանալու մարդկանց հարկադրել վերապատրաստման համար դիմել եւ 200-ական դոլարներ շորթել: 

Ի՞նչ անեն: ՊԵԿ նախագահի մաքսային հարցերով տեղակալը ոչ մի իրավական արժեք կամ ուժ չունեցող գրությամբ (ռեալ վարչական ակտ չէ, որ բողոքարկվի կամ կասեցվի) բոլորին ինքնաբուխ տեղեկացնում է, թե ՊԵԿ-ը հաջորդ անգամ վերապատրաստման դասընթաց կկազմակերպի 2023-ին: Ասել է թե` մինչեւ փետրվարի 10-ը դիմեք վերապատրաստման դասընթացի եւ 96 հազար դրամ վճարեք, հետո post-factum եթե կուզեք, դիմեք եւ ձեր իրավունքները պաշտպանեք դատարանում: Իսկ եթե անձն առհասարակ Հայաստանում չէ, որ դասընթացի մասնակցի կամ դատարան դիմի, այդ դեպքում ինչպե՞ս պիտի իրեն երեք տարով տրված վկայականի գործողությունը պաշտպանի՝ բոլորովին չի հասկացվում: 

Ամեն պարագայում, տիկին Ներսիսյանն ինքնագլուխ կամ ՊԵԿ նախագահի իմացությամբ ոտնձգություն է կատարում Հայաստանի հարյուրավոր, գուցե հազարից ավելի քաղաքացիների` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հանդեպ, որը, ի դեպ, կոնվենցիոն իրավունք է: Անձինք հարկադրված են ապօրինի եւ իրենց վնասող պահանջներ կատարել ավելի շուտ, քան հնարավորություն կունենան դրանք սահմանած վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու եւ դրա ապօրինի գործողությունից պաշտպանվելու, մինչեւ դատարանի որոշումը:     

Omicron-ի միտումնավոր տարածումը 

Վերջապես, ամեն կարգի օրենք, Սահմանադրություն ու կոնվենցիա ոտնահարելուց բացի, ՊԵԿ ուսումնական կենտրոնում նաեւ գիտակցված կամ անգիտակից նպաստում են կորոնավիրուսի տարածմանը, այն էլ` արգելափակելով բժշկական միջամտության եւ օգնության ցուցաբերումը, ինչն առերեւույթ քրեական արարք է: 

ՊԵԿ ուսումնական կենտրոնից մաքսային ձեւակերպումների մասնագետներին եւ ընկերություններին ուղարկված անստորագիր հայտարարության տեքստում, որով տեղեկացվում է փետրվարի 14-ից մեկնարկող մաքսային ձեւակերպումների մասնագետի վերապատրաստման 6-օրյա դասընթացի մասին, բառացիորեն գրված է. 

«Դասընթացն անցկացվելու է հոսքերով՝ յուրաքանչյուր հոսքում 3 (երեք) խումբ՝ 70-80 մասնակիցներով: Յուրաքանչյուր հոսքի դասընթացի տեւողությունը 6 (վեց) օր՝ 48ակ/ժամ է, որին հաջորդող աշխատանքային օրը կանցկացվի թեստավորում»:

Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ երկրագնդի վրա երբեւէ եղած վատագույն առողջապահական համաճարակներից մեկի մոլեգնության շրջանում, երբ աշխարհում միլիոնավոր, Հայաստանում` հազարավոր մարդիկ են օրական հիվանդանում կորոնավիրուսի omicron շտամով, ՊԵԿ ուսումնական կենտրոնում պատրաստվում են տարբեր վայրերից եկած 70-80 անձանց վեց օր շարունակ, օրական վեց ժամից ավելի (8 ակադեմիական ժամ) նստեցնել փակ լսարանում, կողք-կողքի: Համաճարակի տարածման այսպիսի անթույլատրելի միջավայր ո՞ր իրավունքով է ՊԵԿ-ը կամ ՊԵԿ ուսումնական կենտրոնը մարդկանց պարտադրում: 

Դա էլ բավական չէ, դեռ դասընթացի ընթացքում վարակվածին կամ հիվանդացած անձին էլ հարկադրում են, որ չմեկուսանա, հիվանդանոց չդիմի, այլ գնա եւ իրենց դասախոսություններին մասնակցի, այլապես թեկուզ ընդամենը մեկ օր երկու-երեք ժամ (48 ակադեմիական ժամի 6 տոկոսից ավելի) բացակայելը նշանակում է որակավորում եւ աշխատանք կորցնել (ՊԵԿ նախագահի N 79-Ն հրամանով հաստատված Մաքսային ձեւակերպումների մասնագետի վերապատրաստման կարգի 4-րդ կետ): 

Սա մարդու առողջության իրավունքի հանդեպ այնպիսի քրեական ոտնձգություն է, որ դրանով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարությունը, այլեւ ՀՀ դատախազությունը պետք է զբաղվի, որովհետեւ համաճարակի պայմաններում մարդու ինքնամեկուսանալուն կամ հիվանդանոց այցելելուն խոչընդոտելն ակնհայտ առողջությանը վնասող քրեական արարք է (ՀՀ Քրեական օրենսգիրք, Հատուկ մաս, Գլուխ 16՝ «Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ»):