Վանաձորում հերթական ծուղակն են մտածել

Վանաձորում հերթական ծուղակն են մտածել

Վանաձորը մնացել է իշխանության կոկորդում: Դեկտեմբերի 5-ի ընտրություններից եւ կրած պարտությունից հետո վարչակարգը գործի է դրել բոլոր լծակները, արվում է ամեն ինչ, որ ընտրություններում ամենաշատ ձայն ստացած Մամիկոն Ասլանյանը չդառնա համայնքի ղեկավար: Ասլանյանի դեմ իշխանության տեռորին միացել են իշխանության աջակից ԼՀԿ-ն եւ դատական համակարգը: Թվում էր, թե բոլոր գործիքները սպառված են, եւ իրավիճակն ուր որ է կհանգուցալուծվի, բայց հերթական ծուղակն են մտածել:

Ինչպես հայտնի է` «Լուսավորը» մոտ չորս տոկոս ձայն է ստացել եւ չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց, չգիտես ինչու, դատական կարգով բողոքարկում է նոր Հայաստանի ընտրությունների արդյունքները, որոնք, ինչպես հեղափոխական իշխանություններն են սիրում թմբկահարել, ամենաարդարն ու թափանցիկն են: Այդ պատճառով էլ դեկտեմբերի 5-ից մինչ օրս Վանաձորում ավագանու նիստեր չեն գումարվում, եւ նոր համայնքապետ չեն կարողանում ընտրել: Դեկտեմբերի 24-ին նշանակված ավագանու առաջին նիստին, երբ Ասլանյանն արդեն ձերբակալված էր, հայտնի դարձավ, որ չեն կարող ընտրել համայնքապետ, որովհետեւ ԼՀԿ-ն դիմել է  վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանն անվավեր ճանաչեց ԼՀԿ-ի հայցը, որից հետո ԼՀԿ-ն վերաքննիչ դատարան բողոք ներկայացրեց, սակայն բողոքն այնքան անհիմն էր, որ մերժվեց՝ հունվարի 11-ին: Սակայն վերաքննիչն իր որոշման մեջ ամրագրել էր, որ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով հունվարի 17-ին պետք է մեկ ուրիշ նիստ հրավիրվի:

Կարճ ասած՝ ամենաֆանտաստիկ ճանապարհներով արհեստականորեն ձգձգումներից հետո թվում էր, թե այս օրերին պետք է նիստ հրավիրեին, սակայն երեկ տեղեկացանք, որ «Լուսավորը» վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել: «Ասլանյան դաշինքի» ավագանու անդամ Արթուր Օհանյանը մեզ տեղեկացրեց, որ օրերս հայտնի կդառնա՝ վճռաբեկը վարույթ ընդունո՞ւմ է ԼՀԿ-ի բողքը, թե՞ մերժում, որից էլ կախված՝ կիմանան` Վանաձորում ավագանու նիստ կգումարվի՞, թե՞ կրկին կձգձգվի դատական քաշքշուկների պատճառով։ «Ես տեղյակ եմ, որ բողոք է ուղարկվել վճռաբեկ, բայց չգիտեմ՝ վարույթ ընդունե՞լ են, հայցը փոստով են գուցե ուղարկել, հասե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Օհանյանը: 

Բանն այն է, որ չնայած Վանաձորի նախկին քաղաքապետն արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված է, սակայն դա եւս չի փրկում իրավիճակը, «Ասլանյան դաշինքի» եւ դաշնակից ուժերի միասնությունը գերակշռող է, ինչն էլ ՔՊ-ին դրդել է գնալ Վանաձորի ավագանու աշխատանքները տապալելու, նիստ չգումարելու ճանապարհով, որպեսզի չկարողանան համայնքապետ ընտրել։ Եվ որպեսզի այդ ընթացքում իշխանությունը, գործադրելով իր լծակները, փորձի իրավիճակը հանգուցալուծել իր օգտին։ Այդ հարցում ՔՊ-ին օգնության ձեռք է մեկնել Էդմոն Մարուքյանը՝ իր «Լուսավոր Հայաստանով»։ 

Ավագանու ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծեց, որ հանրապետության՝ մեծությամբ երրորդ քաղաքում ճգնաժամային իրավիճակ է, համայնքապետի լիազորություններից բխող գործընթացները երեք ամսից ավելի է՝ առկախված են. «Ավագանին կա, ձեւավորված է, մանդատները բաշխված են, սակայն գործադիրի առումով, համայնքի ղեկավարին վերապահված գործառույթների առումով այս պահին որեւիցե մեկը լիազորություն չունի այդ գործառույթներն իրականացնել։ Սա իսկական ճգնաժամ է»:

Օհանյանի խոսքով, սպասելի էր ԼՀԿ-ի հերթական դիմումը. «Մեր հանրությունը շատ կարեւոր հանգամանք է անտեսում, որ ԼՀԿ-ն չի հաղթահարել օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը, բայց, փաստորեն, կաթվածահար է անում աշխատանքը: Ես չգիտեմ, թե ում ցուցումով է անում, իշխանությունն էլ միատարր չէ, որ ասենք, թե ում ցուցումով են անում»: