Նախկինները թույլ են տվել թե՛ փոքր, թե՛ միջին, թե՛ մեծ սխալներ, իսկ սրանք բերել են աղետ

Նախկինները թույլ են տվել թե՛ փոքր, թե՛ միջին, թե՛ մեծ սխալներ, իսկ սրանք բերել են աղետ

Երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության առաջարկով քննարկում էր կազմակերպվել` դատական համակարգում մակագրման համակարգի եւ կարգապահական վարույթների թեմայով ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստն էր։ Նիստ ասելը, այս դեպքում, մեծ չափազանցություն կլինի, քանի որ հանձնաժողովում իշխանական անդամներ չկան։ Հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն է, հանձնաժողովի նախաձեռնությունն էլ իրենն է, բայց աբսուրդն այն է, որ հանձնաժողովի կազմը ՔՊ-ն չի հաստատել, ուստի հանձնաժողովը կա, նախագահը կա, անդամները չկան։ Սա օրենքի բացի հետեւանք է, ուստի Վարդեւանյանը պատրաստվում է վիճարկել ԱԺ կանոնակարգ-օրենքի այս դրույթը Սահմանադրական դատարանում։

Կարելի է ասել՝ գործող ընդդիմությունը կրակն է ընկել նախկինների՝ ՀՀԿ-ական իշխանության ընդունած օրենքի ձեռքը։ Նիստին հրավիրել էին մասնակցելու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, նաեւ՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որոնք մերժել էին հրավերը։

Հանդիպմանը, Վարդազարյանից ու Վարդեւանյանից բացի, ներկա էին նաեւ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ, թեեւ կարծում էինք՝ «Պատիվ ունեմ»-ից եւս պատգամավոր կլիներ։ Մոտ երկու ժամ Ռուբեն Վարդազարյանը խոսեց դատական համակարգում առկա խնդիրներից, էլեկտրոնային մակագրման համակարգից, որը հիմա չի գործում, քանի որ ԱԱԾ-ն առգրավել է սերվերները, պատասխանեց ընդդիմադիրների հարցերին։ Մի խոսքով՝ իրենք իրենցով հավաքվել, հարցեր էին տալիս` պատասխանում։ 

Քննարկումից հետո Վարդեւանյանն ասաց, որ իրենք ցանկանում էին, որ Ջհանգիրյանը եւ Կարեն Անդրեասյանն էլ ներկա գտնվեն, որպեսզի ներկայացնեին մակագրման համակարգի առանձնահատկություններն ու իրենց մոտեցումները՝ դատական համակարգի խնդիրների հետ կապված։ «Նրանք իմ հրավերը մերժեցին` այնպիսի մի իրավական մեկնաբանությամբ, որն անընդունելի է եւ չի բխում ԱԺ գործունեության տրամաբանությունից։ Ասում են, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է, բայց քանի որ կազմը չի հաստատվել, դրա համար չենք ուզում ներկայանալ։ Այսպիսի մեկնաբանություն նույնիսկ 7-րդ գումարման Ազգային ժողովի ժամանակ չի եղել, էլ չեմ ասում՝ 6-րդ գումարման ժամանակ չէր էլ կարող լինել»,- ասաց Արամ Վարդեւանյանը։

- Իսկ ինչո՞ւ ՔՊ-ն չհաստատեց հանձնաժողովի կազմը։

- Այնտեղ հիմնականում Վլադիմիր Վարդանյանն էր, որ խոսում էր, թե ինչով է պայմանավորված բացասական մոտեցումը, ասում էին, որ այն սահմանադրականության խնդիր է առաջացնում, քանի որ մանդատը՝ քննիչ հանձնաժողովի, մի մասով վերաբերում էր, օրինակ, հենց մակագրման համակարգի խնդիրներին։ ԱԺ կանոնակարգ-օրենքն ասում է, որ եթե մանդատի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա պետք է դիմել Սահմանադրական դատարան։ Իրենք ասում էին, որ այստեղ տեսնում ենք՝ մանդատի հետ կապված գործունեության խնդիր կա։ 

- Ի՞նչ է նշանակում՝ մանդատի խնդիր, եթե օրենքով պատգամավորները լիազորված են ձեւավորել քննիչ հանձնաժողով։

- Շատ ճիշտ եք ասում, բայց ես, բոլոր դեպքերում, իրենց այդ վարկածին կյանքի իրավունք տվեցի՝ պարոն Ջհանգիրյանին եւ Անդրեասյանին գրությամբ տեղեկացրի, որ եթե չեք ներկայանում, ուրեմն ենթադրում եմ՝ պատճառը լինելու է սահմանադրականության խնդիրը։ Հետեւաբար, դիմեք ՍԴ: Երկուսն էլ ասացին, որ մանդատի խնդիր չկա։ Այսինքն՝ այն, ինչը Վլադիմիր Վարդանյանն էր ասում, թե՛ Գագիկ Ջհանգիրյանը, թե՛ Կարեն Անդրեասյանը, կարելի է ասել, հերքել են։

- Սա արդեն որերորդ դեպքն է, որ այսպիսի աբսուրդային իրավիճակ է ստեղծվում՝ կապված ԱԺ կանոնակարգի որոշ դրույթների հետ, քանի որ օրենքներով, փաստացի, պատային իրավիճակներ են ստեղծվում։ Այսինքն՝ օրենքի ուժով ստեղծվում է հանձնաժողով, բայց իշխող մեծամասնությունը կարող է դրա գործունեությունն արգելափակել կամ մերժել։ 

- Այս հարցում կարող եմ հստակ ասել, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի այդ դրույթի հետ ես ունեմ հստակ անհամաձայնություն։ Այդպիսի դրույթ չպետք է լիներ, որովհետեւ այն կոնցեպտը, որ իրավունքի ուժով է ստեղծված, հենց պետք է երաշխավորի դրա անկախությունը իշխանական եւ այլ ուժերից, որ իրենք չկարողանան արգելափակել դրա գործունեությունը, նույնիսկ նման փորձ չկարողանան անել։ Ի վերջո, քննիչ հանձնաժողովները ընդդիմադիր ուժերի գործիքակազմերից մեկն է, որովհետեւ ընդդիմադիր ուժերը չունեն Ազգային անվտանգության ծառայություն, չունեն իրավապահ մարմինների նկատմամբ հսկողություն, իսկ իշխանություններն ունեն։ Հիմա պատկերացրեք՝ ընդդիմության այդ սակավաթիվ գործիքներից մեկը իշխանությունը որոշում է արգելափակել։ 

- Հանրապետականների իշխանության օրոք է օրենքն ընդունվել, պարոն Վարդեւանյան, կարող եք Ձեր բողոքն ուղղել առ ՀՀԿ։

- Ես այսպես կանեմ՝ իմ այդ բողոքը կուղղեմ Սահմանադրական դատարան, որովհետեւ, ի վերջո, միայն բողոքելով չպետք է սահմանափակվել, այս հարցի լուծումը, ի վերջո, պետք է տրվի։

- Ե՞րբ եք դիմելու ՍԴ այս հարցով։

- Փետրվարի 25-ին ավարտվում է իրավունքի ուժով ստեղծված այս քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, մենք ամփոփիչ գնահատական կտանք, թե ինչ հանգամանքներ կարողացանք վեր հանել։ Այսօր իսկապես շատ կարեւոր էր պարոն Վարդազարյանի թե՛ ներկայանալը, թե՛ հայտնած տեղեկությունները, հիմք ենք ընդունելու նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցը, եւ դրան կհաջորդի արդեն Սահմանադրական դատարան ԱԺ կանոնակարգ-օրենքի դրույթի վերաբերյալ դիմումը։

- Այսինքն՝ հույս ունեք, որ ՍԴ-ում վերջապես կուղղեք նախկին իշխանության թույլ տված սխալը։

- Գիտե՞ք, Դուք մշտապես այդ շեշտադրումը կատարում եք, ես հետեւյալ կերպ կասեմ․ ես քննադատեցի, չէ՞, այս համակարգը, այս մոդելը, որ հիմա կա։ Իսկ պատկերացրեք, եթե որոշակի ժամանակ անց ես լինեմ, օրինակ, այլ կարգավիճակում եւ սկսեմ դա պաշտպանել կամ ասեմ՝ դե, գիտե՞ք, 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներն այդ խնդիրը չլուծեցին, դրա համար մենք դա շարունակում ենք։

- Ես Ձեզնից ուզում եմ գնահատական լսել, որ ասեք՝ այո, նախկինները սխալ էին։

- Ես այդ գնահատականը քանիցս տվել եմ, ես այդպիսի խնդիր չունեմ՝ այդ գնահատականը չտալու։ Նույնիսկ ավելին կասեմ՝ նախկին իշխանությունները թույլ են տվել թե՛ փոքր, թե՛ միջին, թե՛ մեծ, թե՛ այլ չափերի սխալներ։ Բայց, իհարկե, այս իշխանությունները բերել են աղետ։