Այս տղան էլ բութ է

Այս տղան էլ բութ է

Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպությունն անցած շաբաթ Բաքվում անցկացրել է երկրորդ համագումարը: Քննարկվել եւ լուծվել է կազմակերպական հարց՝ կառույցի 68-ամյա ղեկավար Բայրամ Սաֆարովը, որը նաեւ հանդիսանում է «Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար»՝ պաշտոնանկ է արվել: Նրա փոխարեն ընտրվել է Թուրալ Գյանջալիեւը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս ծնվել է 1980թ.-ին՝ Շուշիում, ապա տեղափոխվել է Բաքու, որտեղ նախ երաժշտական կրթություն է ստացել, ապա ընդունվել եւ ավարտել Բաքվի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Գյանջալիեւի հետագա կարիերան կապված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հետ, որտեղ զբաղեցնում է բաժիններից մեկի առաջին քարտուղարի պաշտոնը:

Ի՛նչ նկատառումներով է կատարվել կադրային այդ փոփոխությունը՝ կարելի է ենթադրել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի այն հայտարարությունից, թե «ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ երկխոսություն սկսվի»: Նույն միտքը որոշակի մեկնաբանությամբ կրկնել է Գյանջալիեւը՝ համարելով, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքներն իրավահավասար սուբյեկտներ են»:

Երբ նման գաղափար շրջանառում էր նրա նախորդը, տպավորությունը բոլորովին այլ էր: Սաֆարովը ոչ մի գաղափար չուներ ԼՂ հիմանխնդրից, միջազգային իրավունքից եւ դիվանագիտությունից: Նա էությամբ եւ գործով բիզնեսմեն էր, Բաքվում ունի «Շուշա» ռեստորանային համալիր: Այլ է Գյանջալիեւի պարագան: Պրոֆեսիոնալ դիվանագետ լինելով՝ նա պետք է ծանոթ լինի ԵԱՀԽ Նախարարների խորհրդի 1992թ. մարտի 24-ի լրացուցիչ նիստի որոշմանը, որտեղ սեւով սպիտակին գրված է, որ ԵԱՀԽ գործող նախագահը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է հրավիրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խորհրդաժողով՝ որպես խաղաղ կարգավորման բանակցությունների մշտական հարթակ: «Նախարարները բացի այդ համաձայնեցին, որ այդ Խորհրդաժողովի, որը տեղի կունենա Մինսկում,  մասնակիցներ կլինեն Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխիայի եւ Սլովակիայի Դաշնային Հանրապետությունը եւ Շվեդիան: Լեռնային Ղարաբաղի ընտրյալ եւ այլ ներկայացուցիչները կհրավիրվեն այդ Խորհրդաժողովին նրա Նախագահի կողմից՝ որպես շահագրգիռ կողմեր՝ անդամ պետությունների հետ խորհրդակցելուց հետո»:

Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԽ/ԵԱՀԿ ընդունած առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որը հետագայում փոփոխության չի ենթարկվել: Ընդ որում, տեքստում ակնարկ իսկ չկա, թե «հակամարտության կողմ են Ադրբեջանը եւ Հայաստանը»՝ ինչպես պնդում է ադրբեջանական քարոզչությունը: ԵԱՀԽ Նախարարների խորհրդի որոշումն, ընդհակառակը, ճանաչում է Լեռնային Ղարաբաղում ամիսներ առաջ անցկացված ընտրությունները եւ դրանց արդյունքում ձեւավորված իշխանությունը՝ նրանց անվանելով «ընտրյալ ներկայացուցիչներ»: Իսկ թե ի՞նչ է հասկացվում «այլ ներկայացուցիչներ» ձեւակերպմամբ՝ այնքան էլ հստակ չէ: Բայց դրա վրա չարժե ծանրանալ: Իրողությունն այն է, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ն չի ճանաչել «հայկական եւ ադրբեջանական համայնք» հասկացությունները, բնականաբար հավասարության նշան չի դրել նրանց միջեւ:

Լեռնային Ղարաբաղի «ընտրյալ ներկայացուցիչներ» ձեւակերպման տակ հասկացվում են ԼՂՀ փաստացի իշխանությունները: Այն պահի դրությամբ դա Գերագույն խորհուրդն էր՝ իր նախագահով, այսօր՝ Արցախի Հանրապետության նախագահը, ով չի կարող երկխոսության մեջ մտնել ադրբեջանական ինչ-որ հասարակական կազմակերպության ղեկավարի հետ միայն այն բանի համար, որ վերջինս ծնվել է Շուշի քաղաքում: Կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը պետք է լինի լիարժեք: Դա սկզբունքային եւ արդարացի դիրքորոշում է՝ հիմնավորված ԵԱՀԽ/ԵԱՀԿ համապատասխան որոշումներով, որոնք մնում են ուժի մեջ: Այս ուղեգծից որեւէ շեղումը բացառված է: Պրոֆեսիոնալ դիվանագետ Գյանջալիեւը պետք  է որ այդքանը հասկանա, եթե չի ուզում կիսել իր նախորդի ապուշ ճակատագիրը: