Սահմանազատումը մտնում է գործնական փուլ․ Փաշինյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը

Սահմանազատումը մտնում է գործնական փուլ․ Փաշինյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Ոսկեպարում հանդիպելով Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:

«Ի՞նչ է նշանակում «սահմանազատում» և «սահմանագծում» կոնկրետ ՀՀ-ի դեպքում։ Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետությունը։ Մենք բոլորս գիտենք, և դուք էլ գիտեք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում կամ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանն ու կրկին ցույց տվել ՀՀ–ի այն քարտեզը, որն ավելի վաղ ցույց էր տվել իր վերջին ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղի մասին, 4 ոչ անկլավային գյուղի մասին։ Իսկ իրենք բարձրաձայնում են 31 գյուղի մասին։

«Անգամ եթե մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանը օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի։

Այսինքն գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի, և իրենք ասում են եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղի կենսական նշանակության տարածքների մասին։

Իհարկե մենք հակադարձում ենք, մենք ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չի, գյուղը նաև կենսական տարածքներն են։

Այս քննարկումների ժամանակ մենք բերում ենք բոլոր արդարացի փաստարկները։

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում, և այս է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ-ի սահմաների ճշտման։

Ու դա անում ենք, ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ասել է նա։