Անահիտ Ավանեսյանին էլ փուռը տվեցի՞ր

Անահիտ Ավանեսյանին էլ փուռը տվեցի՞ր

Անամոթությունը հենց այսպես է լինում․ դու նախ ողջունում ես ոստիկանների գործադրած բռնությունները եւ զարմանում ես, թե՝ ինչ ամուր նյարդեր ունեն ոստիկանները․․․երեւի, որ տեղում չեն սպանում ցուցարարներին, այլ միայն հատուկ միջոցներ եւ ծեծի մեթոդն են կիրառում։ Ապա երբ քեզ հանրային տիրույթում ամոթանք են տալիս եւ մի կերպ հասնելով քո աշխատավայր՝ քեզ մեղադրում ու դատապարտում են ասածներիդ համար, գրում ես, որ «կրկնում եմ նախորդ օրվա ասածս»։ Ոչ թե ներողություն ես խնդրում, պարզաբանում ասածդ, մեղմացնում որակումներդ, արդարանում, որ բռնության կոչ չէիր անում, ոչ էլ արդարացնում էիր բռնությունները, այլ վերահաստատում ես ասածդ։

Առողջապահության նախարար, մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը, ով կարող էր իրավապաշտպան կամ փաստաբան լինել եւ քաղաքացիների իրավունքները պաշտպանել, բայց բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել է առողջապահության նախարարի աթոռին, փաստորեն, սադիստ է՝ հաճույք է ստանում բռնություններից, մարդկանց մարմնական վնասվածքներից։ Նա մարդու իրավունքների, Սահմանադրության ու սահմանադրական իրավունքների մասին գաղափար չունի, կարծում է, որ ոստիկանները պետք է ծեծ ու ջարդով ցրեն բողոքող քաղաքացիներին։ Եւ չի թաքցնում դա։

Այսօր նրա աշխատասենյակ են հասել երեք կին պատգամավորներ եւ նրան հանդիմանել են նախօրեի հայտարարությունների համար։ Գուցե՝ կոպիտ են ասել, գուցե՝ ավելի շատ բողոքի ակցիա են արել, լուսանկարել ու տարածել, բայց չէ որ ընդդիմությունը հենց նման ոճով է գործում։ Ինչպես ժամանակին գործում էր Անահիտ Ավանեսյանի սիրելի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնն ու բոլոր հնարավոր ամբիոններն օգտագործելով պոպուլիստական հայտարարությունների, դեմագոգիայի եւ իշխանություններին խոցելու համար։

Այս իշխանություններն այնպես են զարմանում նման պահվածքից, կարծես երբեք չեն լսել Փաշինյանի մինչեւ 2018 թ․ արտասանած ճառերն ու ելույթները։ Չեն լսել նրա «օդում կախված լուրերի» էպիկ շարքը, երբ նա ոչնչով չհիմնավորված եւ անապացուցելի մեղադրանքներ էր հնչեցում՝ բարձրաձայնելով հանրային բոլոր բամբասանքները։ Երբ դատապարտում էր ԵԱՏՄ մտնելը, բայց իշխանության գալով՝ հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն շատ լավ կառույց է։ Երբ պադավատապետություն էր կոչում երկիրը, ինքը եկավ՝ բազմապատկեց ու նորացրեց ծառայողական մեքենաների ավտոպարկը։ Երբ թանկացումներն էր դատապարտում եւ ծաղրում, հիմա պատմության մեջ չլսված թանկացումներ են եւ կարտոֆիլի գինը մոտենում է այն ժամանակվա մսի գնին։ Երբ ծաղրում էր քավոր-սանիկությունը, հովանավորչությունը, հիմա ինքը պետական համակարգը համալրում է բացառապես քավոր-սանիկ-խնամի-դասընկեր-ուսապարկ սկզբունքով։ Իսկ նրա նախարարներն ավելի ցինիկ են իրենց պահում, քան Սերժ Սարգսյանի ժամանակվա պաշտոնյաները։

Առողջապահության կին նախարարը գրում է․ «Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։
Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»։

Վստահ ենք՝ այս տեքստը հենց Նիկոլ Փաշինյանն է թելադրել՝ այս պնդերեսությունն ու ցինիզմը հենց նրա սրտով է։ Ոչինչ, որ հաջորդ անգամ կին նախարարի հասցեին վերջին հայհոյանքները կտեղան կամ մի հարմար տեղում նրա ուղղությամբ ինչ որ բան կնետեն, կամ նա այլեւս չի կարողանա փողոց դուրս գալ, որովհետեւ Փաշինյանի նման տանյակներով ախրանա չունի։ Նկատելի է, որ նա իր կաբինետի անդամներին փուռը տալուց իրական հաճույք է ստանում, ուղղակի՝ սիրտը փառավորվում է։