Կա՞ն, թե՞ չկան բանակցողն ու դատավորների ցուցակը

Կա՞ն, թե՞ չկան բանակցողն ու դատավորների ցուցակը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների համախոհների ձերբակալում-կալանավորումները չեն հաջողվում: Որքան էլ լուրջ են հնչում մեղադրանքները՝ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձ, իշխանության յուրացման նախապատրաստում, ապօրինի զենք-զինամթերք պահելը, ապօրինի հավաքների կազմակերպում եւ այլն, դատավորների վրա դրանք տպավորություն չեն թողնում, եւ ընդդիմադիրները մեկը մյուսի հետեւից ազատ են արձակվում: Այս պահին կարելի է ասել, որ դատական համակարգն անկախ է եւ օրինականության երաշխավորն է, բայց որքա՞ն ժամանակ դատավորները կկարողանան պահպանել անկախությունը, եւ նրանցից քանի՞սը կշարունակի դիմադրել:

Երեկ արդեն հայկական ԶԼՄ-ներում՝ news.am, 7or.am, yerevan.today, լուրեր էին տարածվում, որ իշխանությունը փորձում է յուրային դատավորների խումբ ձեւավորել, որոնք դեմ չեն լինի բավարարելու ընդդիմադիրների կալանավորման միջնորդությունները, եւ արդեն դատախազություն է փոխանցվել այդ խմբի մեջ մտնող դատավորների ցուցակը: Նրանց մակագրվելու են խափանման միջոց կիրառելու միջնորդությունները:

Քաղաքական այս պատվերը, ըստ լրատվամիջոցների, իջեցվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, որն իշխանության անունից բանակցողն է: «Նա Փաշինյանի անունից հանդիպում է վստահելի դատավորներին, ճշտում է նրանց վերաբերմունքն իշխանությանը եւ փոխանցում է պատվերը՝ որ երբ դատախազությունն ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք: Ըստ հրապարակումներում նշված տվյալների, նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան 4 դատավորների անուններ են դրվել վարչապետի սեղանին, այդ թվում՝ Աննա Դանիբեկյանի, Մնացական Մարտիրոսյանի, Գագիկ Պողոսյանի, Վաչե Մարգարյանի, չի բացառվում, որ Մանվել Շահվերդյանը եւ Արտակ Թադեւոսյանը եւս միանան այս քառյակին: 
Մենք կապվեցինք դատավոր Կարեն Ֆարխոյանի հետ եւ նրան ուղիղ հարցրինք, թե արդյոք նա նման հանձնարարություն ստացե՞լ է եւ հանդիպումներ ունեցե՞լ է դատավորների հետ: Ֆարխոյանը հիվանդ մարդու ձայն ուներ: 

- Ես ուրբաթ օրվանից բարձր տաքությամբ պառկած եմ եղել: Այսօր առաջին օրը դուրս եմ եկել ու թեստ եմ տվել առավոտյան 10։30-ին: 38,7 տաքության մեջ մարդը՝ երեւի ձայնիցս էլ է զգացվում, ո՞նց կարող էր դա անել: 

- Որեւէ խոսակցություն, որեւէ հանդիպում դատավորների հետ չե՞ք ունեցել: 

- Ես զարմանում եմ, ո՞նց կարելի է նման բաներ տարածել, ո՞նց կարող է որեւէ դատավոր նման բան իրեն թույլ տալ, եթե դատավորը պարտավոր է անաչառ լինել: Դա տրամաբանությունից դուրս է: 

- Շատ բաներ են այս օրերին կատարվում, որոնք տրամաբանությունից դուրս են, բայց իրականություն են դարձել: 

- Ինձ նոր զանգեցին, իմ ծանոթներից էլ ասացին, ես նույնիսկ չեմ ցանկանում արձագանքել դրան, դեղին մամուլ, որ ասում են, կներեք, էլի, բայց չի կարելի էդ աստիճանի իջնել: 

- Լավ, իսկ եթե նման խումբ ձեւավորվի, Դուք ի՞նչ կարծիքի կլինեք: 

- Ես չեմ կարծում, որ որեւէ դատավոր անաչառությունից, օրենքից վեր բաներ իրեն թույլ տա: Ես ուղղակի ապշած եմ, չնայած էլ զարմանալու բան չկա: 

- Ընդդիմադիր գործիչներին չեն կարողանում կալանավորել, եւ տրամաբանական է, որ իշխանություն պահելու համար կարող են եւ նման քայլերի գնալ: 

- Էդուարդ Շարմազանովի ձերբակալությունն էլ ես եմ ոչ իրավաչափ ճանաչել, գտել եմ, որ սխալ է, ոչ իրավաչափ եմ ճանաչել ու կարգադրել եմ, որ ազատ արձակեն, ախր, ո՞նց կարելի է նման լուրեր թույլ տալ: 

Երեւան քաղաքի դատավոր Գագիկ Պողոսյանը եւս անկողնում էր, երբ նրան զանգահարեցինք եւ տեղեկացրինք, որ նրա անունը ապագա կալանքները բավարարողների ցանկում է։ Ծիծաղեց եւ ասաց, որ մեզանից է լսում։ Ինքը ֆիզիկապես չի կարող կալանքներ բավարարել, որովհետեւ այդ պահին անկողնում պառկած է: Կորոնավիրու՞ս է: «Ես թեստի պատասխանը կստանամ այսօր: Այդ որտե՞ղ են գրել: Որքան որ գիտեմ, Ֆարխոյանն էլ է պառկած, էդ ո՞վ է տենց բան տարածում, այ քեզ բան»,- ասաց Գագիկ Պողոսյանը, եւ նրա մոտ ուժգին հազ սկսվեց: Մեզ մնում էր մաղթել առողջություն դատավորին: Աննա Դանիբեկյանին նրա օգնականի միջոցով փոխանցեցինք մեր հարցերը, բայց օգնականը ո՛չ դատավորին փոխանցեց խոսափողը, ո՛չ էլ նրա պատասխանը մեզ փոխանցեց, ասաց՝ Դանիբեկյանը տեղում չէ, հետո էլ՝ զբաղված է: Մնացական Մարտիրոսյանը, որը երկար ժամանակ իշխանության պատվերներն է կատարել, եւ որի անունն այս ցանկում մեզ բոլորովին չզարմացրեց, նույնպես մամուլի հետ չցանկացավ ուղիղ շփվել: Նրան օգնականի միջոցով փոխանցեցինք հարցը՝ արդյոք իր հետ եղե՞լ է հանդիպում, խոսակցություն՝ իշխանությանն աջակցելու շուրջ: «ԲԴԽ-ի միջոցով ճշտեք»,- պատասխանեց Մարտիրոսյանը: Իսկ դատավոր Արտակ Թադեւոսյանի օգնականը մեր հարցերը վերահասցեագրեց դատական դեպարտամենտին՝ «այնտեղից ճշտեք»: 

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը մեր զանգի պահին հուղարկավորության էր: Մահացել է նրա մայրը, եւ նա խոստացավ ավելի ուշ պատասխանել, երբ ի վիճակի կլինի: Դատավորների համայնքը չի հավատում, որ իրենց կոլեգաները կարող են այդքան անազնիվ գտնվել: «Անկեղծ ասեմ՝ որեւէ նման նախաձեռնության, քայլի մասին տեղյակ չեմ, առաջին անգամ ձեզանից եմ լսում եւ, առհասարակ, որպես ապաքաղաքականացված անձնավորություն՝ դատավոր, չեմ հետաքրքրվում այդ հարցերով»,- ասաց դատավոր Հովիկ Շահնազարյանը: Եթե նման բան լիներ, դուք դրան որեւէ կերպ չէի՞ք վերաբերվի: «Չեմ կարող ասել, ես արդեն ասացի առկա վիճակի մասին իմ կարծիքը»,- պատասխանեց նա: 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե դատախազությունը ստացե՞լ է արդյոք դատավորների ցանկ, որոնց առաջիկայում մակագրվելու են ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդությունները, պատասխանեց. «Բացարձակ անհեթեթություն է, որեւէ նման ցուցակ դատախազությունը չի ստացել եւ չէր կարող ստանալ: Անհեթեթություն է նաեւ պնդումը՝ «միջնորդություններն» ինչ-որ դատավորների մակագրելու վերաբերյալ, քանի որ դատախազությունը չէ այն մարմինը, որն իրականացնում է գործերը դատավորներին մակագրելու գործընթացը: Նման ստահոդ տեղեկությունների հրապարակումը դիտարկում ենք որպես երբեւէ նշված դատավորների կողմից գործերի քննությունը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ակնհայտ նախապատրաստություն»:

Կուզեինք հավատալ, կուզեինք մոռանալ, որ նրանցից շատերը երկար ժամանակ գործադիրի կցորդն են եղել եւ որքան են կորցրել մեր բոլորի վստահությունն իրենց նկատմամբ՝ մեզ զրկելով լավատեսությունից ցանկացած հարցում: Եթե իրոք գոյություն ունեն «բանակցողն» ու նրա կազմած ցուցակը, ապա շուտով դրանք կբացահայտվեն: Կալանքի սանկցիաներ տվողների անունները հայտնի են լինելու: Իսկ որ կալանավորումներ կլինեն, որ իշխանությունը պատրաստվում է ռեպրեսիաների, այլեւս ոչ ոք չի կասկածում: