Բաքուն մաքսիմալ աջակցում է Կիևին

Բաքուն մաքսիմալ աջակցում է Կիևին

«Թեև պաշտոնական Բաքուն զերծ է մնում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց և թվացյալ չեզոքություն է պահպանում, բայց Ալիևը Զելենսկու հետ հեռախոսազրույցների շրջանակում հումանիտար օգնության քողի ներքո, փաստացի, իր աջակցությունն է հայտնում ուկրիաինական կողմին: Ընդ որում, դա արվում է օրեր առաջ Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին 43 կետանոց ծավալուն հռչակագիր կնքման ֆոնին»,- մեզ հետ զրույցում ասաց, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: 

Ադրբեջանագետի խոսքով, ավելին, ադրբեջանական տեղեկատվական քարոզչամեքենան անթաքույց աջակցում է ուկրաինական կողմին: Անգամ իրենց պաշտպանական գերատեսչության հետ առնչվող սոցիալական էջերով տարածվում են գերազանցապես ուկրաինական բանակի հետ կապված տեսանյութեր: Իսկ երեկ Բաքվում մեծաթիվ ցույց տեղի ունեցավ՝ ի աջակցություն Ուկրաինայի: 
« Երեկ Բաքվում մեծաթիվ ցույց տեղի ունեցավ՝ ի աջակցություն Ուկրաինայի: Բաքվի ավտորիտար ռեժիմի պայմաններում նման ցույց չէր կարող անցկացվել առանց Ալիևի ցանկության և թույլտվության: Իմ համոզմամբ, Ալիևը հույս ունի, որ այս պատերազմից Ռուսաստանը դուրս կգա մաքսիմալ թուլացած, ինչը հետո հնարավորություն կտա թուրք-ադրբեջանական տանդեմին գնալ հակառուսական գործողությունների նաև Հարավային Կովկասում: Պատահական չէ, որ Պուտին-Ալիև վերջին հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը շեշտեց, որ Արցախում առկա են չլուծված հարցեր: Դա, բնական է, հակասում է Ալիևի և Էրդողանի ռազմավարական և զավթողական նպատակներին»,-ասաց զրուցակիցս: 

Հիշեցնենք նաև, որ օրերս Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ֊ում ՌԴ անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը չէր մասնակցել այդ քվեարկությանը ու միակ երկիրը, որն աջակցել էր Ռուսաստանին, Հայաստանն է եղել: Ուստի հստակ կարող ենք արձանագրել, որ բոլոր հնարավոր միջոցներով Բաքուն մաքսիմալ աջակցում է Կիևին՝ խորացնելով Ադրբեջանում առկա հակառուսական տրամադրությունները: Այդ ամենը արվում է, իհարկե, թվացյալ չեզոքության քողի ներքո: