Մեր ու նրանց տարբերությունը

Մեր ու նրանց տարբերությունը

Մեր ու նրանց տարբերությունը երեւում է ամեն ինչից: Մենք նրանց մարդասպանին ենք 11,5 տարվա ազատազրկման դատապարտում, նրանք` մեր դիրքապահներին հաց տանող անմեղ զինվորներին, որոնց նրանք` վայրի ցեղախմբի նման, ճանապարհից դարանակալ առեւանգել են եւ տեղափոխել Բաքվի բանտ` խոշտանգելու: Հիմա էլ դատում են` ստիպելով, որ նրանք հրաժարվեն իրենց հայրենիքից, գովաբանեն ագրեսոր պետությանը, իրենց չգործած մեղքն ընդունեն, զղջան` չկատարած հանցանքի համար, եւ այդ ամենն ամենօրյա ռեժիմով ցուցադրում են իրենց լրատվամիջոցներով:

Մեր ու նրանց տարբերությունն այն է, որ դավադրաբար մեր երկրի սահմանը հատած եւ Կապանում պահնորդություն անող 56-ամյա հայ մարդուն խողխողած ադրբեջանցուն մենք դատում ենք` առանց դրանից շոու սարքելու, չենք ցուցադրում ապակու եւ ճաղերի հետեւում` ստորացված վիճակով, նրանք, որ հաղթած կողմ են, եւ թվում է` պետք է մեծահոգի լինեին պարտվողի նկատմամբ, ճիշտ հակառակն են անում: Նրանց պետության ղեկավարը վերջին լուտանքներն է թափում արցախահայերի հասցեին, զրկել է Արցախին կենսապահովման միջոցներից, ամեն օր ցուցադրում է իր բացահայտ ագրեսիան ու հիմնազուրկ հավակնությունները հարեւան երկրի` ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Հայաստանի նկատմամբ եւ չի վախենում ո՛չ միջազգային սանկցիաներից, ո՛չ հեղինակազրկվելուց, ո՛չ համաշխարհային քաղաքակրթական արձագանքներից:

Իսկ մեր երկրի ղեկավարը դեռ շարունակում է ռեւերանսներ անել ագրեսորի հասցեին, զգուշանում է զորավարժություններ անելուց, զենք բերելուց, բանակ ունենալուց: Պատժում է հայ զինվորականներին, շարունակ խոսում է դավաճանության եւ դասալքության մասին: Հրապարակավ հրաժարվում է Արցախից: Բացահայտորեն ցուցադրում է իր վախը պատերազմից եւ խրախուսում է պրոադրբեջանական քարոզչությունը: