Վահագն Հայրապետյանի ջազը

Վահագն Հայրապետյանի ջազը

Գրքի երեւանյան երրորդ փառատոնն իր ավարտին հրաշալի անակնկալ պարգեւեց` Վահագն Հայրապետյանի ջազային քառյակի համերգը:

Մեր ժամանակներում, երբ ջազը ներկայանում է մեծամասամբ փորձարարական, էկլեկտիկ, «համաձուլվածքային» լուծումներով, երբեմն էլ ավանդականի չոր, պարտք կատարողի անհույզ կրկնումներով, Վահագն Հայրապետյանի իսկական, կենսալեցուն ջազը, ջազային ոգու, ջազային խառնվածքի անկեղծ, պոռթկուն դրսեւորումն ասես անգին մարգարիտ լինի, ընծա` ջազի նվիրյալ երկրպագուներին ու գիտակներին: Իհարկե, չեմ պնդի, թե Վահագնը իրեն ընդհանրապես զերծ է պահում փորձարարություններից, հակառակը` նրա էթնիկ «գործվածքները», նրա սեփական երաժշտական հորինվածքները շատ հետաքրքրական են, նրբաճաշակ ու բովանդակալից (հիշենք թեկուզ «Կատուներ» խմբին, որի ղեկավարն էր), սակայն վերջին համերգի պարագայով` ուզում եմ խոսել Վահագնի ներկայացրած զուտ, կարելի է ասել` զտարյուն ջազի մասին, որն այսօր բնորոշ է բացառիկ երաժիշտների, ցավալիորեն` կոմերցիոն փոփ արվեստն այսօր անխնա խժռում է ամեն իսկական երեւում, եւ ջազային ոգու, ջազային տեմպերամենտի դրսեւորումները նույնիսկ ջազի հայրենիքում են նվազում: Իսկ մենք ունենք, կարող ենք ուզածդ բարձրակարգ հարթակ բարձրացնել եւ հպարտանալ:

Ուստի` դառնանք վերոհիշյալ համերգին: 

Առաջին մի քանի գործերում, որ «մոնկային» չէին (համերգը հիմնականում Թելոնիուս Մոնկի թեմաներից էր կազմված), տենոր-սաքսոֆոնահար Արսեն Ներսիսյանը «Հարդ-Բոպ» ոճին բնորոշ լուծումներով էր կառուցում իր կատարումները` թավ հնչերանգով, վստահ, տաք ու ծանր, միեւնույն ժամանակ` սրընթաց: Իսկ արդեն Թելոնիուս Մոնկի կառույցների ոլորտ ներքաշված` նրա մոտեցումը փոխվեց, եւ այլ կերպ լինել չէր կարող, որովհետեւ Մոնկի բարդ կոնցեպտներում տեղավորվելը որոշակի դժվարություններ է առաջադրում, սաքսոֆոնահարների համար սա առհասարակ բարդ խնդիր է եղել` մնալ հարազատ Թելոնիուս Մոնկի կոդավորվածքին, ներդաշնակել, միեւնույն ժամանակ չկորցնել ինքնությունը: Իսկ Վահագն Հայրապետյանն ազատ է Մոնկի` սեփական գաղափարների կաղապարներին անվերապահորեն հարազատ մնալու առաքելության կապանքներից եւ յուրովի, համարձակորեն բացում է մոնկյան կոդերը, հարստացնում տեքստերը` մոնկային սպեցիֆիկ «դրայվը» հասցնելով  առավելագույն շիկացման: Վահագնը իր այս մոտեցումով առավել մատչելի  դարձրեց սաքսոֆոնահարի մեկնաբանություններին հանձնելիք նյութը, եւ, վստահորեն` Արսեն Ներսիսյանը պատվով դուրս եկավ փորձությունից:

Բասահար Սիմոն Դոլմազյանը փոքր-ինչ «ետ քաշված» է նվագակցում, հանդիսատեսին առավել «տեսանելի» լինելու գայթակղությանը տուրք չի տալիս` խմբի կատարումի ներքին կառույցն ամուր, սոսնձված, ներդաշնակ պահելու իր հիմնական գործառույթին հարազատ, նրա ե՛ւ նվագակցությունը, ե՛ւ մենակատարային առանձին դրվագները  վկայում են վարպետության, ճաշակի, ինչպես նաեւ մարդկային գնահատելի արժանիքների մասին: 

Վերջապես` երիտասարդ թմբկահար Արման Մնացականյանի ներդրումն այս համերգին: Ջազի նրա զգացողությունը (կարելի է ասել` ապրումը), տեմպերամենտը համահունչ են Վահագն Հայրապետյանի առաջարկած «գաղափարախոսությանը», ռիթմից չշեղվելու եւ չշեղելու իր սրբազան պարտականությունը պատվով կատարելուց զատ` Արմանը ելեւէջային հմայիչ փոխկանչերի մեջ է մտնում Վահագնի դաշնամուրի հետ, հաջորդելով կրկնում առանձին ֆրազները, ինքն է ֆրազներ առաջարկում` երաժշտական դրամատուրգիայի ուրույն, հմայիչ մթնոլորտ ստեղծելով, մերթ ընդ մերթ էլ հաջողացնում` դաշնակահարի հերթական` պայթելու պատրաստ արշավանքը կարճ դադարի մեջ մեծ ճիգով պահում-զսպում է` պահ անց բաց թողնում («գնա, հոշոտիր»)` ջազային «ճոճքի» բարձրագույն վայելքը պարգեւելով թե՛ հենց իրեն ու խմբին, թե՛ ունկնդրին:
Հավելենք նաեւ Վահագնի ջազային վոկալի ինքնատիպ դրսեւորման հմայիչ դրվագները, եւ երեկոյի ջազային պատկերը կարելի է ամփոփել: 

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն ԱՂԱՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ