«Կրոկուս»-ում ռուսական բանակի գնդապետ է զոհվել

«Կրոկուս»-ում ռուսական բանակի գնդապետ է զոհվել

«Crocus City Hall» համերգասրահի վրա հարձակման արդյունքում սպանվել է ռուսական բանակի գնդապետ Տիմուր Մյասնիկովը։

«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության Սամարայի մասնաճյուղի ղեկավար Արթուր Մալիվանչուկին, հայտնում է, որ Մյասնիկովը ուկրաինական պատերազմից Մոսկվա է եկել ընտանիքի հետ հանդիպելու, իսկ ահաբեկչության օրը մի քանի գնդակից վիրավորվել և մահացել է հիվանդանոցում։

Մալիվանչուկի խոսքով՝ Մյասնիկովը ծառայել է Գլխավոր շտաբում և հատուկ նշանակության ջոկատի 3-րդ առանձին բրիգադում։ Սա բանակի հատուկ նշանակության ջոկատ է, որը տեղակայված է Տոլյատիում, այն պատկանում է ռուսական ռազմական հետախուզությանը։ 

Մյասնիկովը կռվել է Ուկրաինայում առնվազն վերջին երկու տարում, ասել է Մալիվանչուկը, բացի այդ նա մասնակցել է Կոսովոյում և Տաջիկստանում իրականացրած գործողություններին։

Նա մերձմոսկովյան ահաբեկչության հետևանքով վիրավորվածների ցուցակում էր։

Վերջին տվյալներով՝ Crocus City Hall-ի վրա հարձակման զոհ է դարձել 143 մարդ։ Ռուսաստանում ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. հարձակումը նախապատրաստելու և այն իրագործելու մեղադրանքով ձերբակալվել է 9 մարդ։